Փաստերի ստուգում

«Արևմուտքը մեզ զենք չի տա, քանի դեռ մենք ՀԱՊԿ անդամ ենք». թեզի հերքում

03 / 03 / 2023

«Արևմուտքը մեզ զենք չի տա, քանի դեռ մենք ՀԱՊԿ անդամ ենք». այս թեզը շատերս ենք լսել, բայց հիմնավոր հերքում կամ այս պնդման ճշմարտացիության ստուգում շատ քչերն են փորձել ձեռնարկել:

Իսկ մի՞թե սա կեղծ երկընտրանք չէ. ասվում է չէ` «Ընտրեք` կա՛մ ՀԱՊԿ, կա՛մ արևմտյան զենք»: Իսկ«և՛…և՛»-ի տարբերակը ոչ ոքի մտքով կարծես չէր էլ անցել: Նորից վերադառնում ենք հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղ գտած կեղծ երկընտրանքային թեզերի շրջանառմանը, որոնց «հայր» կարելի է համարել առաջին նախագահի «Ղարաբաղ կամ երշիկ» անփառունակ թեզը: Ձեզ ենք ներկայացնում 5 կետ, որոնք հերքում են այս թեզի ճշմարտացիությունը:

  • Իրականում երկընտրանք չկա: Այսինքն՝ բացի Ռուսաստանից և Արևմուտքի երկրներից կան նաև այլ երկրներ, որոնք պատրաստակամ են զենք վաճառել Հայաստանին՝ այդ թվում, օրինակ, Իրանը, Չինաստանը և այլն: Եթե գնային առումով համեմատենք, արևմտյան երկրների զինամթերքն ավելի թանկ է, քան, օրինակ, իրանականը: Օրինակ՝ եթե համեմատենք տանկերի գները, կտեսնենք, որ, ռուսական Т-90С տանկի արտահանման արժեքը կազմում է մոտ 2,5 միլիոն դոլար, իսկ արդիականացված Т-90МС-ի արժեքը հասնում է 4,3 միլիոն դոլարի: Միևնույն ժամանակ արևմտյան նոր տանկերն արժեն առնվազն 6 միլիոն դոլար, իսկ շատ դեպքերում՝ նաև ավելին:
  • Արդյո՞ք ՀԱՊԿ-ը խանգարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները զենք վաճառեն Հայաստանին: Եթե խնդիրն իսկապես ՀԱՊԿ անդամակցությունն է, ինչպե՞ս է, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենք վաճառում ՀԱՊԿ անդամ Ղրղզստանին: Մինչդեռ նույն ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան, որն ունի բարեկամական կեցվածք Հայաստանի նկատմամբ և բարձր հեղինակություն հայ բնակչության շրջանում, մինչ օրս չի տվել և մոտ ժամանակներս չի էլ պատրաստվում զենք տալ Հայաստանին:
  • 2005 թվականին Հայաստանը Սլովակիայից զենք է գնել: Հայաստանի համար դարձյալ ՀԱՊԿ անդամակցությունը խնդիր չի եղել:
  • Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Նովակովսկին՝ ներկայացնելով«Լյուբավա-Արմենիան» ընկերության՝ հայաստանյան ձեռնարկության լուծարման պատմությունն, ասել էր, որ զրահաբաճկոններ,  կամուֆլյաժային սարքավորումները (այդ թվում տանկերի գերազանց մոդելները) և բժշկական ծառայությունների սարքավորումներ արտադրող ընկերությունը Հայաստանից հեռացել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Այն հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունն էր, որը հիմնվել էր 2014թ. հոկտեմբերին Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա: Յեժի Նովակովսկին պատմել էր, որ «Լյուբավան» Հայաստանը լքելու որոշում կայացրել էր Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նա ընկերությանը մեղադրել էր նախկին կառավարության հետ համագործակցության համար, և ասել, որ ընկերությունը չի կարող ակնկալել նոր՝ «հեղափոխական» թիմի վստահությունը: Նշենք, որ սա ՀԱՊԿ տարածքում որպես այդպիսին առաջին ներդրումն էր` կատարված արևմտյան երկրի կողմից:
  • Վերջ ի վերջո, հանդիսանալով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը կարողացել է զինամթերք ձեռք բերել նաև այլ պետություններից: Լինում են նաև հակառակ դեպքերը, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են զենք ձեռք բերում ՀԱՊԿ անդամ երկրներից՝ օրինակ՝ Թուրքիան Ռուսաստանից:

Հասկանալի է, որ նման թեզերի շրջանառությունն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի և Հայաստանում ռուսական ներկայության դեմ: ՀԱՊԿ-ն առավել լայն կոնտեքստում ասոցացվում է հենց ՌԴ-ի հետ, ինչպես և ՆԱՏՕ-ն` ԱՄՆ-ի: Հասկանալի է նաև այն, որ նմանատիպ թեզեր Հայաստանում տարածում են մեծմասամբ այն անհատները և կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն դուրս բերելու Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց: Այլ հարց է, թե դուրս գալուց հետո որտե՞ղ կհայտնվի Հայաստանը: Ինչպես նշել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Հայկական ալիք»-ին տված հարցազրույցում, Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն այս տարածաշրջանում Ռուսաստանին հակակշռելու միակ դերակատար է տեսնում Թուրքիային, քանի որ հստակ գիտակցում է, որ անձամբ այս տարածաշրջանում չի կարող ունենալ ազդեցություն առանց իր ռազմավարական դաշնակցի գործուն աջակցության:

Վերջիվերջո, եթե Արևմուտքն ունի անհագ ցանկություն Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու, սակայն միակ խանգարող հանգամանքը ՀԱՊԿ-ն է, ապա նրանք կարող են մեզ տրամադրել ֆինանսական միջոցները, որոնցով մենք կարող ենք ձեռք բերել զենքեր: Սակայն այս պարագայում խանգարող հանգամանք կդառնա ՀՀ դե-ֆակտո վարչապետի պաշտոնավարումը, քանի որ իր օրոք, տարօրինակ կերպով, ինչպես ինքն է նշում` «մեզ զենք չեն վաճառում»: Գուցե խնդիրն այն է, որ մենք չենք էլ փորձում գնել, բայց դա արդեն այլ պատմություն է:

Հեղ.` Մարիամ Մարգարյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *