Հունիսի 10-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը` նեղ, ապա նաև ընդլայնաված կազմով: Նիստին մասնակցել են անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նիստի ընթացքում օրակարգային են եղել համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դրանց ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների վրա: Քննարկվել է նաև ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմների բարելավման հարցը:
Նիստի ավարտին տրված մամուլի ասուլիսում ելույթ են ունեցել ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը: Հատկապես անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցին` դե-ֆակտո ԱԳ նախարարն ասել է. «Հունվարին կազմակերպությունը ժանամակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն մինչ այժմ բաց է մնում ադրբեջանական զորքերի` Հայաստանի սուվերեն տարածք ներխուժման հարցը, որը սկիզբ առավ 2021 թ.-ի մայիսին»:
Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական կողմը ցուցաբերել էր ակնհայտ ագրեսիա` կատարելով ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով Սյունիքի մարզի Սև լճի հարակից տարածքները: Մինչ օրս ադրբեջանական զորքերը շարունակում են ապօրինաբար գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում` օկուպացնելով առնվազն 41 կմ² տարածք: Հայաստանն այդ ժամանակ դիմել էր ՀԱՊԿ[1]` հղում անելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածին, որտեղ ասվում է. «Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետությունները անհապաղ ակտիվացնում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, զարգացնելու համար և միջոցներ են ձեռնարկում օգնություն ցուցաբերելու նման մասնակից պետություններին՝ սպառնալիքը վերացնելու նպատակով»[2]:
Ինչպես հուշում է ընդգծված հատվածը, սույն հոդվածը նախատեսված է խորհրդակցությունների մեխանիզմի ակտիվացման համար: Մինչդեռ կա նույն պայմանագրի 4-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ «Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը) դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները, այս մասնակից պետության խնդրանքով, անհապաղ նրան կտրամադրեն անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչպես նաև կցուցաբերեն աջակցություն նրանց տնօրինության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրացմանը համաձայն՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Այսինքն, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, դիտմամբ կամ անգրագիտությունից ելնելով, հղում են արել սխալ հոդվածի` խոչընդոտելով ռազմական աջակցության մեխանիզմների գործարկումը: Իսկ հիշատակված Ղազախստանը ՀԱՊԿ դիմել էր հենց այս հոդվածով, ինչի մասին վկայում է ՀՀ դե-ֆակտո վարչապետի արած հայտարարությունը սույն թվականի հունվարի 6-ին, որտեղ վերջինս որպես ՀԱՊԿ խորհրդի նախագահ հաստատել է խաղաղապահ ուժերի ուղղորդումը Ղազախստան` համաձայն 4-րդ հոդվածի[3]: Կարճ ասած՝ որ կողմն ինչի համար դիմել է, այն էլ ստացել է:
Անշուշտ, վերոգրյալը չի ստվերում, ավելին՝ հաստատում է այն մեծ փաստը, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չունեն քաղաքական կամք՝ պաշտպանելու հայկական տարածքները՝ լինի սեփական ուժերով, թե դաշնակցային գործակցությամբ։
[1] https://www.youtube.com/watch?v=jbTAGErvy9c&t=3m10s (հղվել է 11.06.2022)
[2] https://odkb-csto.org/documents/documents/dogovor_o_kollektivnoy_bezopasnosti/#loaded (հղվել է 11.06.2022)
[3]https://odkb-csto.org/news/news_odkb/zayavlenie-predsedatelya-soveta-kollektivnoy-bezopasnosti-odkb-premer-ministra-respubliki-armeniya-n/#loaded (հղվել է 11.06.2022)