
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
«Մեր փրկությունը Կարս տալու մեջ չէ…»։
Այս տողերով 1918 թ․ ապրիլի 14-ին Արամ Մանուկյանն ավարտում էր երևանյան «Աշխատանք» պարբերականում իր վերջին խմբագրական սյունակը։ Արամն ստանձնել էր թերթի խմբագրությունը Հայաստանի համար ամենաբախտորոշ ժամանակներից մեկում՝ 1917 թ․ հոկտեմբերից, երբ զենքի կոչելուց առաջ պետք էր բացատրել դրա կարևորությունը, պետություն կերտելուց առաջ պետք էր պետական գիտակցության արմատավորում, գաղթականներին ապահովելուց առաջ պետք էր գաղթականության հանդեպ ազգային համերաշխության սերմանում, Թուրքիայի դեմ պայքարի կոչելուց առաջ պետք էր վերջինիս ցեղասպանական գործելակերպը բացահայտող խոսք։ Ազգային-ազատագրական պայքարի փորձը հուշել էր Արամին, որ չկա գործողություն առանց դրան նախորդող խոսքի…
Իսկ արդյոք այսօրվա Կարսերի՝ Շուշիի ու Տիգրանակերտի կորուստը, ինչպես նաև մեր պետականությանն ամեն օր հասցվող նորանոր վնասները, ի շարս այլ պատճառների, հետևա՞նք չեն դրանց կարևորության մասին խոսքի պակասի։ Կամ ընդհանրապես խոսքի բացակայությա՞ն։ Կամ անարդյունավե՞տ խոսքի։ Եվ արդյոք կարելի՞ է արդյունավետ ու հաջող կերպով պաշտպանել ու զարգացնել այն, ինչի կարևորության մասին բավականաչափ չի բացատրվել ու չի ներկայացվել՝ պարզ, հանգամանալից, անհրաժեշտ ջանասիրությամբ։ Արդյոք հնարավո՞ր է պահել ու հզորացնել Հայաստանը՝ առանց գիշեր ու զօր դրա կարևորության, մեթոդների ու հնարքների մասին խոսելու ու բացատրելու։ Պատասխանը մեկն է ու հայտնի՝ ո՛չ։
Այսօր հայկական քաղաքական նախագիծը՝ հայոց պետականությունը, կանգնած է որակապես ավելի բարդ և մասշտաբներով աննախադեպ մարտահրավերների առջև։ ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում այդ նախագծի կրողներիս համար այժմ այն պաշտպանելու առաջին քայլը հայկական իրական օրակարգի ձևավորումն է, որը կսահմանի մեր առաջնային խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև դրանց հասնելու արդյունավետ ճանապարհները։ Վստահ ենք, որ հայկական քաղաքակրթական նախագծերից մեկի՝ հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը պատահական չի ընտրել Առակաց գրքի պատգամը՝ որպես հայերեն առաջին նախադասություն՝ «… իմանալ զբանս հանճարո»։ Ուստի՝ օրավուր հաղորդակից հայոց ու օտար հանճարների խոսքին, մարդկության կուտակած հիմնարար գիտելիքներին և առհասարակ՝ խոսքի նախասկզբնական զորությանը՝ մեր առաքելությունն է լինելու շարունակել խոսքը գործից չզատած, խոսքը գործին զուգորդած հայոց մտքի նահապետների աշխատանքը։ Սա ոչ թե մեր ցանկությունն է, այլ մեր պարտականությունը։
Այդ նպատակի համար մենք՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիրներս, մեր գաղափարակիցների քաջալերանքով ու օժանդակությամբ ստեղծում ենք «Հայկական ալիք» պարբերականը և հայտնում ձեզ այդ մասին այսօր՝ բազմադարյա ընդմիջումից հետո անկախ Հայաստանի վերականգնման 104-րդ տարեդարձի առթիվ։ «Հայկական ալիքում» թողարկվելիք տեղեկատվական, վերլուծական և հրապարակախոսական նյութերն օգնելու են ձևավորել հայկական օրակարգ՝ այդպիսով լինելով մտքերի ու խոսքի համաշխարհային օվկիանոսում նավարկող յուրաքանչյուր հայի սեփական ալիքը։ «Հայկական ալիքը» գործից մի քանի քայլ առաջ նախ խոսքով է ցույց տալու այդ գործի կարևորությունը, իսկ վերջինիս հաջողելուց հետո հավերժացնելու է այն իր էջերում։ Այդ կերպ «Հայկական ալիքում» Դուք կարող եք կարդալ հայոց անցյալ ու, անպայման, գալիք հաղթանակների և որ պակաս կարևոր չէ՝ այդ հաղթանակներին հասնելու ուղիների մասին։
Մենք՝ հայկական նախագծի կրողներս, հավատում ենք, որ «ի սկզբանե էր Բանը»։ Եթե կիսում եք մեր հավատը, ապա միացե՛ք «Հայկական նախագծի» «Հայկական ալիքին» հունիսի 3-ից www.hayaliq.com հասցեով։
«Հայկական ալիքի» խմբագրություն
Երևան, 28 մայիսի, 2022 թ.