Նորություններ

Թուրքիան պաշտպանել է ՀՀ դե-ֆակտո իշխանություններին

04 / 07 / 2022

«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են»,- ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվագործակալության՝ հուլիսի 4-ին ասել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած հանդիպմանը։

Ըստ թշնամական երկրի արտգործնախարարի՝ ներքաղաքական ճնշումները թույլ չեն տալիս ՀՀ դե-ֆակտո իշխանությանը «համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նույնպես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հիշեցնենք, որ սա Թուրքիայի կողմից ներհայաստանյան օրակարգին խառնվելու առաջին դեպքը չէ։ Ընդ որում՝ ակնհայտ է թշնամական երկրի անթաքույց աջակցությունը ՀՀ դե-ֆակտո իշխանություններին և ջանքերը՝ հանուն այդ վարչակարգի գոյատևման: Այսպես՝ հետպատերազմյան ամբողջ շրջանում (օրինակ՝ 2021 թ.-ի փետրվարին, 2022 թ.-ի մայիսին) տարբեր մակարդակներում թուրք գործիչները «դատապարտել են» ՀՀ-ում հնարավոր իշխանափոխությունը՝ ռադիկալ անվանելով երկրի ներսում և սփյուռքում կապիտուլյացիոն վարչակարգի դեմ պայքարող ազգային շարժումը: Այս համաշարին է պատկանում նաև 2022 թ.-ի ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը պետք է հրաժարվի բանակը վերակառուցելու և 5 միլիոն բնակչություն ունենալու մտքից։ Միևնույն ժամանակ տեղին է ընդգծել, որ ինքն Ադրբեջանը գրանցում է բոլոր երկրների ռազմականացման ամենաբարձր միտումը (54․5%)՝ մեծացնելով ռազմական ծախսերը: 2012-2021 թթ․ տասնամյակում Թուրքիայի ռազմական ծախսերը ևս աճել են 63%-ով՝ դրական կոռելյացվելով տարածաշրջանում վերջինիս ընդլայնվող ռազմական ներգրավվածության հետ:

Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան երբևէ չի աջակցել հայաստանյան որևէ ազգային իշխանության, պատմականորեն ձգտում է վերացնել հայկական պետականությունը՝ վերջինիս աջակցությունը ՀՀ դե-ֆակտո իշխանությանն առավել քան ակներև է դարձնում ՀՀ իշխանությունների կոլաբորացիոնիստական վարչակարգ լինելու հանգամանքը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների արված հայտարարությունների միատեսակ «ոգին» ապացուցում է, որ վերջիններս սպասարկում են թշնամական օրակարգը՝ ըստ էության, դրանց հետ գնալով «վարչական իշխանություն երկրի ներսում՝ արտաքին սուվերենության դիմաց» կոլաբորացիոնիստական գործարքի։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.