Հունիսի 19-ին Հայաստանի Արագածոտնի մարզում արձանագրվել է դե-ֆակտո իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաների և նրանց ազգականների կողմից ամենաթողության հերթական դեպքը։ Տեղի բնակիչները, որոնց թվում՝ զինծառայողներ, այդ թվում՝ Արցախյան երրորդ պատերազմի (2020 թ․ սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) մասնակից, գնդակահարվել են հրազենից։ Նրանցից առնվազն 2-ը մահացել են, 5-ը վիրավոր են։
Ինչպես հայտնում է «News.am», հունիսի 19-ին Ապարան քաղաքում տեղի է ունեցել կոնֆլիկտ։ Կողմերից մեկը դե-ֆակտո իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ազգականներն են և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի զարմիկները։ Մյուս կողմը՝ տեղի բնակիչները։ Վիճաբանության ընթացքում «ՔՊ» պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք կիրառել են հրազեն։ Բնակիչներից առնվազն 2-ը մահացել են, 5-ը վիրավոր են։ Լայնորեն շրջանառվում է վարկած, որ դեպքն ունի քաղաքական կոնտեքստ, քանզի նախքան դեպքը տուժածները բացասաբար են արտահայտվել դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչը և հանգեցրել է նրանց եղերական սպանությանը։
Ինչպես նշվում է «Yerevan.today» ռեպորտաժում, զոհվածներից Հմայակ Միքայելյանն Արցախյան երրորդ պատերազմի մասնակից էր։ «irakanum.am»-ի տվյալների համաձայն՝ վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող էր, իսկ վիրավորներից մեկը՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող էր։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ իշխող ուժի անդամները բռնություն են կիրառում հայ զինծառայողների հանդեպ։ 2018 թ․ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում մի խումբ անձինք, որոնց թվում՝ Վայոց Ձորի մարզպետի օգնականը և նրա ազգական Հարություն Գրիգորյանը, ծեծել էին ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դաժանագույն ծեծի արդյունքում զիվորականը հայտնվել էր կոմայի վիճակում։ Այդ ժամանակ մամուլում արժանահավատ տեղեկություններ են հայտնվել նաև միջադեպին հենց մարզպետ Տրդատ Սարգսյանի ներգրավման մասին, որից հետո վերջինս պաշտոնանկ եղավ և նոր պաշտոնի անցավ «ՔՊ» շարքերում։
Տուժած Արա Մխիթարյանի հոր խոսքերով՝ 30 տարվա զինծառայության ընթացքում փոխգնդապետն արձակուրդ էր վերցրել ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ 20 օրով, քանզի առաջնագծում միշտ կար իր կարիքը։
Արժանահիշատակ է, որ պատերազմի մասնակիցների հանդեպ առանձնակի դաժանությունը բնորոշ է դե-ֆակտո իշխանությունների վարքագծին։ Մասնավորապես՝ «Դիմադրության» շարժման բողոքի միջոցառումներին պատերազմի մասնակիցները և նրանց բարեկամները ոստիկանության կողմից բազմիցս ենթարկվել են դաժան ծեծի՝ ըստ որում նախօրոք տեղյակ լինելով, որ գործ ունեն պատերազմի զինհաշմանդամների կամ զոհված զինծառայողների ազգականների հետ։ Բացի այդ՝ դե-ֆակտո իշխանությունները կազմակերպել են նաև սադրանքներ պատերազմի մասնակիցների դեմ, ինչի արդյունքում վերջիններս դարձել են քաղբանտարկյալ։ Դիցուք՝ մայիսի 8-ից կալանավայրում են վերջին պատերազմի կամավոր մասնակիցներ Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գոռ Սարգսյանը, Գևորգ Մուրադյանը։