Նորություններ

«Երկիրն անվտանգ է, երբ ուժեղ է բանակը». Սի Ցզինպին

01 / 08 / 2022

Այսօր` օգոստոսի 1-ին լրանում է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 95-ամյակը: Այդ առթիվ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՉԺՀ պաշտպանության նախարար Վեյ Ֆենխըն[1] և այլ պաշտոնատար անձինք։

Պաշտպանության նախարարն իր ելույթում ընդգծելով ազգային բանակի դերը` նշել է, որ վերջին 95 տարիների ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցության հաստատակամ ղեկավարությամբ ժողովրդական զինված ուժերն անհերքելի առաջընթաց են գրանցել ազգային անկախության իրացման, չին ժողովրդի ազատագրման և երկրի բարգավաճման ու հզորության ապահովման գործում։

Վեյն ասել է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն աջակցել է երկրի ազգային ինքնիշխանության, անվտանգության և շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերին և նշանակալի ներդրում է ունեցել համաշխարհային խաղաղության պահպանման գործում:

Նախարարը նաև կոչ է արել ամբողջությամբ իրականացնել Սի Ցզինպինի՝ զինված ուժերի հզորացման, ինչպես նաև ազգային պաշտպանության և զինված ուժերի արագ արդիականացման գաղափարները։ Ընդգծվել են Չինաստանի միջազգային դիրքին հարիր և իր անվտանգային պահանջներից և զարգացման շահերից բխող կուռ ազգային պաշտպանության և հզոր զինված ուժերի ստեղծմանն ուղղված ջանքերը, որոնք ռազմավարական աջակցություն են ցուցաբերել չին ժողովրդի մեծ վերածննդի գործում:

Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսին Ասիա կատարվելիք այցի ընթացքում նաև Թայվան այցելելու հավանականության ֆոնին[2], ինչը հավելյալ լարվածության աճ է ստեղծում չին-ամերիկյան հարաբերություններում: Իսկ այդ հարաբերություններն արդեն տևական ժամանակ է, ինչ լարված են և էպիկենտրոնը Թայվանն է և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

Հստակ է նաև միտումն առ այն, որ աշխարհը գնում է ռազմականացման, և այդ ճանապարհին երկրների գերակշիռ հատվածը զբաղված է զինված ուժերի հզորացման և արդիականացման գործով: Ի հակառակ այս միտմանը, ՀՀ-ում դե-ֆակտո իշխանությունները զբաղված են բանակի կազմալուծմամբ: Դա է վկայում անցումը պարտադիր զորակոչից պայմանագրային ծառայության համակարգին` մինչդեռ ամբողջ աշխարհում նկատվում է հակառակ միտումը: Տեղին և դիպուկ կլինի այստեղ մեջբերել այս միջոցառման ընթացքում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի խոսքը. «Ուժեղ երկիրը պետք է հզորացնի բանակը, և միայն այն ժամանակ, երբ բանակն ուժեղ է, երկիրը կարող է անվտանգ լինել»[3]:

 

[1] Xi attends reception celebrating 95th founding anniversary of PLA, http://eng.chinamil.com.cn/view/2022-08/01/content_10174971.htm (հղվել է 01.08.2022 թ.).

[2] Չինաստանի բանակը ձեռքերը ծալած չի նստի, https://hayaliq.com/pelosi/ (հղվել է 01.08.2022 թ.):

[3] “强国必须强军,军强才能国安”, http://politics.people.com.cn/n1/2022/0801/c1001-32491336.html (հղվել է 01.08.2022 թ.).

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *