Թոնի Բլեյերը համախմբման կոչով դիմել է արևմտյան ժողովուրդներին՝ հորդորելով միավորվել և համաձայնեցված ռազմավարություն մշակել Չինաստանի`որպես աշխարհի երկրորդ գերտերության վերելքին դիմակայելու համար։
Հուլիսի 16-ին ելույթ ունենալով ամենամյա Դիչլիի դասախոսության շրաջանակներում՝ նախկին վարչապետը կոչ է արել պաշտոնական Պեկինի դեմ կիրառել «Ուժ՝ գումարած ներգրավվածություն» ռազմավարությունը` զգուշացնելով, որ Արևմուտքի քաղաքական և տնտեսական գերիշխանության ավարտը մոտ է։
Նա ասել է, որ արևմտյան տերությունները պետք է ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը՝ պահպանելու համար իրենց ռազմական գերազանցությունը։ Միաժամանակ պետք է ընդլայնեն իրենց փափուկ ուժը` զարգացող երկրների հետ կապեր հաստատելու միջոցով։
Չինաստանի մասին նախկին վարչապետը նշել է, որ այն արդեն իսկ շատ ոլորտներում քայլում է ԱՄՆ-ի հետ համընթաց, իսկ նախագահ Սի Ցզինպինը չի թաքցնում Թայվանը Պեկինի վերահսկողության տակ վերադարձնելու իր հավակնությունները։ Միևնույն ժամանակ, ըստ Թ․Բլեյերի, ուկրաինական դեպքերը ցույց տվեցին, որ այլևս հնարավոր չէ ավտոմատ կերպով ակնկալել, որ համաշխարհային մեծ տերությունները կպահպանեն ընդունված միջազգային նորմերը։ «Սխալ մի հասկացեք ինձ։ Ես չեմ ասում, որ մոտ ապագայում Չինաստանը կփորձի վերցնել Թայվանը ուժով։ Բայց մենք չենք կարող կառուցել մեր քաղաքականությունը այն փաստի վրա, որ նա չի անի դա։ Եվ անգամ եթե մի կողմ դնենք Թայվանը, իրականությունն այն է, որ Սի Ցզինպինի կառավարած Չինաստանը մրցում է ազդեցության համար և անում է դա ագրեսիվ կերպով»,- մտահոգված ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը։
Ըստ որում՝ ըստ Թ․ Բլեյերի՝ Չինաստանն Արևմուտքի հետ մրցակցում է ոչ միայն պարզապես իշխանության համար, այլ ամբողջ արևմտյան համակարգի դեմ՝ կառավարման ձևից մինչև ապրելակերպ։ «Ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունը կգա ոչ թե Ռուսաստանից, այլ Չինաստանից։ Մենք մոտենում ենք արևմտյան քաղաքական և տնտեսական գերիշխանության ավարտին։ Աշխարհն առնվազն կլինի երկբևեռ և հնարավոր է նաև` բազմաբևեռ։ Առաջին անգամ է պատահում ժամանակակից պատմության մեջ, որ Արևելքը կարող է լինել հավասար դիրքերում Արևմուտքի հետ»։ Ուշագրավ է, որ արևելյան երկրների շարքում Թ․ Բլեյերը նշել է նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնք ռեսուրսներ են ներարկում զարգացող աշխարհ՝ ստեղծելով ամուր պաշտպանական և քաղաքական կապեր։ Ըստ նախկին վարչապետի՝ Արևմուտքը սրան պետք է պատասխանի նաև փափուկ ուժով։