
Հուլիսի 11-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին դիմել է հայտարարությամբ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) քարտուղարությանը: Հայտարարությունում մասնավորապես ասվել է. «Մենք պետք է այս տարածաշրջանը զերծ պահենք աշխարհաքաղաքական հաշվարկներից…, որպես շախմատի ֆիգուրներ օգտագործվելուց, խոշոր տերությունների մրցակցությունից և ճնշումներից… Մեր տարածաշրջանի ապագան պետք է լինի մեր իսկ ձեռքերում»:
ԱԳ նախարարի այս հայտարարությունը հաջորդել է օրերս կայացած G20-ի արտգործնախարարների հանդիպմանը: G20-ի շրջանակներում նախարարը հինգ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ, որի արդյունքները կողմերը գնահատել են որպես «անկեղծ»: Վ․ Յին նշել է, որ ինքը Է․ Բլինքենին ասել է, որ երկու կողմերը պետք է քննարկեն դրական փոխգործակցության կանոնների հաստատումը և համատեղ պաշտպանեն ռեգիոնալիզմը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Վ․ Յին նաև նշել է, որ տարածաշրջանի շատ երկրներ ճնշման տակ են` կողմերից մեկին ընտրելու: Նախարարը հավելել է. «Հիմնական էլեմենտներն են՝ աջակցել ԱՍԵԱՆ-ակենտրոնությանը, պահպանել գոյություն ունեցող տարածաշրջանային միաբանության շրջանակը, հակառակ կողմին հակազդելու կամ զսպելու փոխարեն հարգել միմյանց օրինական իրավունքներն ու շահերը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
Ելույթից հետո պատասխանելով Թայվանի մասին հարցին՝ Վ․ Յին ասել է, որ Վաշինգտոնը, «խեղաթյուրելով և աղճատելով «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը, փորձում է խաղարկել Թայվանի խաղաքարտը` Չինաստանի զարգացումը խաթարելու և զսպելու համար… Թայվանի նեղուցի երկու կողմերը խաղաղ զարգացում կունենան: Բայց եթե «մեկ Չինաստանի» սկզբունքը կամայականորեն վիճարկվի կամ նույնիսկ սաբոտաժի ենթարկվի, նեղուցում մութ ամպեր կկուտակվեն կամ նույնիսկ կատաղի փոթորիկներ կլինեն»:
Հիշեցնենք, որ «Հայկական ալիք»-ն անդրադարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հովանու ներքո գործող անգլալեզու «Global Times» պարբերականում հունիսի 11-ին հրապարակված մի հոդվածի[1], որի բուն ուղերձն այն է, որ պատրաստվելով պատերազմի՝ կարելի է երաշխավորել խաղաղություն` նկատի ունենալով չին-ամերիկյան լարված հարաբերությունները Թայվանի հիմնախնդրի շուրջ և առհասարակ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Բարձր մակարդակով արված այս երկու ուղերձները Չինաստանի կողմից կարևոր և արդիական են յուրաքանչյուր տարածաշրջանում. ձգտել խաղաղության` պատրաստվելով պատերազմի, և չդառնալ մանրադրամ գերտերությունների ձեռքին: Ցավոք, Հայաստանն այս փուլում տանուլ է տվել թե՛ մեկը, թե՛ մյուսը` ձգտելով խաղաղության իրեն սպառնացողի հետ և չդրսևորելով կամք` թույլ չտալու այլ պետություններին շահարկել Արցախի և ավելի գլոբալ` Հայկական հարցը՝ սեփական շահերն առաջ մղելու նպատակով:
[1] Չխուսափելով պատերազմից՝ կօգնենք հաստատել խաղաղություն. չինական մերձիշխանական Global Times, https://hayaliq.com/chinataiwan/ (հղվել է 11.07.2022 թ.):