Աշխարհում

Չինաստանի բնակչությունն առաջին անգամ նվազում է

27 / 01 / 2023

Չինաստանի բնակչությունը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ նվազում է: Աշխարհի ամենաբազմամարդ երկրում ծնելիության ռեկորդային ցածր մակարդակը մարտահրավեր է նետում սպառման վրա հիմնված աճի մոդելին, և հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից՝ որպես աշխարհի ամենամեծ տնտեսություն:

Չինաստանի բնակչությունը վեց տասնամյակների ընթացքում առաջին անգամ նվազել է անցյալ տարի, ինչը պատմական շատ մեծ փոփոխություն է, որը խորը հետևանքներ է ունենում աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության համար:

Վիճակագրության ազգային բյուրոյի պաշտոնյաները հայտնել են, որ 2022 թվականի վերջին Չինաստանում ապրում էր 1,41175 միլիարդ մարդ՝ նախորդ տարվա 1,41260 միլիարդի համեմատ, ինչը 850,000-ով պակաս է: Գրանցվել է 9,56 միլիոն ծնունդ, ծնելիության ռեկորդային ցածրցուցանիշ՝ 6,77 հազար մարդ և 10,41 միլիոն մահ:

Հայտարարությունը 2022 թվականի տնտեսական տվյալների մեծ հրապարակման մի մասն էր, երբ նախագահ Սի Ցզինպինի՝ Covid-19-ի դեմ վարած խիստ քաղաքականությունը մեծապես ազդեց տնտեսական աճի վրա: Պաշտոնյաները հայտնել են ՀՆԱ-ի 3% աճի մասին, որը գերազանցել է սպասելիքները, բայց դեռևս վերջին տասնամյակների ամենաթույլ ցուցանիշներից մեկն է:

Վիճակագրության ազգային բյուրոյի տնօրենը Պեկինում կայացած ճեպազրույցում ասել է, որ ակնկալվում է, որ տնտեսության վիճակը կբարելավվի 2023 թվականին, քանի որ Չինաստանը դուրս է գալիս համաճարակային արգելափակումից: Նա նաև ասել է, որ Չինաստանի բնակչության թվի նվազումը մտահոգության առիթ չէ, և որ աշխատուժի ընդհանուր առաջարկը, ինչպես նախկինում, դեռևս գերազանցում է պահանջարկը:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Հնդկաստանն այս տարվա վերջում կգերազանցի Չինաստանին՝ որպես աշխարհի ամենախիտ բնակեցված երկիր:

Ծնունդների թիվը Չինաստանում՝ 9,56 միլիոն, գրեթե 10%-ով ավելի քիչ է, քան 2021 թվականին, երբ ծնվել է մոտ 10,6 միլիոն երեխա: Մահացության մակարդակը 1000 մարդու հաշվով՝ 7,37, բարձրացելէ 2021 թվականի 7,18-ի համեմատ, երբ Չինաստանում գրանցվել էր 10,14 միլիոն մահ:

Ինչպես մյուս երկրներում, Չինաստանում ևս ծնելիության նվազումը նշանակում է աշխատուժի ծերացում: Իսկ Չինաստանի տնտեսական հզորությունը հիմնականում հիմնված է արտադրական հատվածի վրա, որը կախված է էժան աշխատուժից: Հայտարարվել է, որ 16-59 տարեկան աշխատունակ տարիքի մարդիկ կազմում են երկրի բնակչության 62%-ը՝ տասը տարի առաջվա մոտ 70%-ի համեմատ, մինչդեռ 60 և բարձր տարիքի մարդիկ կազմում էին գրեթե 20%:

Ըստ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի տնտեսական պատմության պրոֆեսոր Քենթ Դենի՝ Չինաստանի բնակչության նվազման հիմնական պատճառը միջին խավի աճն է: Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանում կյանքն ու ապրուստը գնալով թանկանում են՝ նա ասում է,- «Երբ որ ունենաք բարձր որակավորում ունեցող, լավ կրթված քաղաքային բնակիչներ, նրանք կորոշեն շատ երեխաներ չունենալ»:

Ենթադրվում է, որ Covid-ը նույնպես ունեցել է իր դերը, չնայած, ըստ երևույթին, վերջին մի քանի ամիսների ընթացքում հիվանդության և մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը գրնացվել են Չինաստանում:

Այն բանից հետո, ինչ հնչեցին միջազգային քննադատություններ Չինաստանի հասցեին, որ վերջինս այնքան էլ թափանցիկ չէ Covid-ի հետ կապված ներքին տվյալների հարցում, Չինաստանը հայտնեց, որ դեկտեմբերի սկզբից ի վեր, երբ զանգվածային բողոքի ցույցերից հետո  հանկարծակի դադարեցրեց  Covid-ի դեմ պայքարի եռամյա միջոցառումները, գրանցվել է Covid-ի հետ կապված գրեթե 60,000 մահ: Փորձագետները նշում են, որ  առաջիկա ամիսներին Covid-ի հետևանքով մահերի իրական թիվը կարող է հասնել 1 միլիոն կամ ավելիի:

Դեկտեմբերին Չինաստանում մահվան դեպքերի (ոչ միայն Covid-ի հետևանքով) ընդհանուր թիվը դեռևս անհայտ է և արտացոլված չէ 2022 թվականի ժողովրդագրական վիճակագրության մեջ:

Հայտարարված թվերը սկիզբն են այն բանի, որ ինչպես ակնկալվում է, սպասվում է Չինաստանի բնակչության երկարատև կրճատում, որն, ըստ ՄԱԿ-ի, մինչև դարի վերջ կարող է հասնել 800 միլիոնի: ԱՄՆ բնակչությունն, ընդհակառակը, կանխատեսվում է, որ կաճի ներկայիս 337 միլիոնից՝ հիմնականում ներգաղթի միջոցով:

ՄԱԿ-ի տվյալներով ՝ նոյեմբերին աշխարհի ընդհանուր բնակչությունը հասել է 8 միլիարդի։

Չնայած շատ երկրներում բնակչության թիվը նվազում է, 1961 թվականի երեք տարվա սովից հետո, որը խլել է տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր, սա առաջին դեպքն է, երբ Չինաստանի բնակչությունը նվազում է:

20-րդ դարի երկրորդ կեսին երկիրը պայթյունավտանգ աճ ունեցավ՝ ավելի քան կրկնակի բնակչությամբ: Մտահոգված լինելով, որ գերբնակեցումը կարող է վնաս հասցնել զարգացմանը, չինացի պաշտոնյաները վերարտադրողականության հետ կապված մի շարք սահմանափակումներ են մտցրել՝ հիմնվելով «մեկ երեխայի քաղաքականության» վրա, որը գործում էր 1980-2015 թվականներին:

«Չնայած «մեկ երեխայի քաղաքականությունը» արդյունավետ էր բնակչության աճը զսպելու համար, քննադատներն ասում են, որ դա հանգեցրել է իրավունքների խախտումների և տղամարդկանց անհամաչափ քանակի՝ համեմատած կանանց հետ՝ հատկապես գյուղական վայրերում: Սա նաև հիմնովին փոխեց չինացիների պատկերացումները ընտանիքի չափի մասին, քանի որ ծնողները հասկացան, որ կարող են հասնել սոցիալական մոբիլության՝ ավելի շատ ներդրում կատարելով մեկ երեխայի կրթության մեջ: Նրանք կարող են տեսնել արդյունք, քանի որ նրանք կարող են իրենց երեխաներին ուղարկել ամենալավ դպրոցները, ապա՝ ամենալավ համալսարանները»,- ասում է Դենը:

Չինացի պաշտոնյաները կանխատեսում էին ժողովրդագրական ճգնաժամ ՝ թույլ տալով զույգերին ունենալ երկու երեխա 2016 թվականից և մինչև երեք երեխա՝ 2021 թվականից: Նախորդ տարի հրապարակված ազգային քաղաքականության փաստաթուղթը խրախուսում էր գործատուներին ապահովել հնարավորություն երեխաների խնամքի և ճկուն աշխատանքային պայմանների համար, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները՝ առաջարկել արտոնյալ բնակարաններ և այլ խթաններ:

Հոկտեմբերին կայացած կուսակցության համագումարում Սին խոստացավ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ծնելիության մակարդակը բարձրացնելու համար, բայց հասարակությունը հիմնականում արձագանքեց անտարբերությամբ։ Անցյալ տարի Պեկինում տեղակայված «YuWa» ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի կողմից հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չինացիների՝ երեխաներ ունենալու ցանկությունը ամենացածրերից մեկն է աշխարհում:

Երեքշաբթի օրը “boosting enthusiasm for childbearing begins with reducing the burden” (հղիությունը խրախուսելը սկսվում է բեռը նվազեցնելուց) հեշթեգը Weibo-ի՝ չինական սոցիալական մեդիայի հանրաճանաչ պլատֆորմի ամենատարածված թեմաներից մեկն էր:

Ըստ Դենի՝ այս միտմանը հակադարձելու լավագույն միջոցը ընտանեկան նպաստներ տրամադրելն է, ինչպիսիք առաջարկում են Եվրոպայի որոշ կառավարություններ: «Ձեզ շատ ռեսուրսներ են պետք՝ երիտասարդ չինացիներին համոզելու համար, որ իրականում  երկրորդ երեխա ունենալը ձեռնտու է»,- ասել է նա:

Աջակցության հարաբերական բացակայությունը մայրությունը հատկապես անհրապույր է դարձնում երիտասարդ քաղաքաբնակ կանանց համար: Օրինակ, Պեկինի բնակչուհի Նորա Յանը հայտարարել է, որ ինքը 80%-ով դեմ է սեփական երեխաներ ունենալուն: «Աշխատանքային միջավայրն իսկապես անբարյացակամ է մայրերի նկատմամբ»,- ասում է 24-ամյա Յանը,- երբ նրանք երեխա ունենան, նրանց համար իսկապես դժվար է ավելի մեծ առաջընթաց գրանցել իրենց կարիերայում»:

Յանը համաձայնեց Դենի հետ, որ կառավարությունը բավարար չափով քայլեր չի իրականացնում իր կարծիքը փոխելու համար:

«Եթե չինացի պաշտոնյաները իսկապես ցանկանում են խրախուսել երեխաներին, ապա նրանք պետք է փող տան նրանց, ովքեր ավելի շատ երեխաներ ունեն,- ասաց նա,- Հակառակ դեպքում նրանք ձախողվելու են»:

Թարգմանությունը՝ Մարիամ Մարգարյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *