Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Չինաստան կատարած եռօրյա այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 20 պայմանագիր։
Կողմերի միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճգնաժամային կառավարումը, զբոսաշրջությունը, կապը և տեղեկատվական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրը, միջազգային առևտուրը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը, առողջապահությունը, լրատվամիջոցները, սպորտը և մշակութային ժառանգությունը:
Սա Իրանի նախագահի առաջին այցն է Չինաստան վերջին 20 տարիների ընթացքում։ Իրանից Չինաստան արտահանման ծավալը 2021 թվականի մարտի 21-ից 2022 թվականի մարտի 20-ը գերազանցել է 14 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 58 տոկոսով։ Չինաստանը իրանական ապրանքների առաջին ներկրողն է և երկրորդ արտահանողը դեպի Իրան։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտին Թեհրանը և Պեկինը ստորագրել են 25-ամյա համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է Իրանի մասնակցությունը Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին։
Արևելյան երկրները շարունակում են խորացնել համագործակցությունը՝ մարտահրավեր նետելով արևմտակենտրոն աշխարհակարգին և այլընտրանքներ ստեղծելով գոյություն ունեցող արևմտյան մեխանիզմներին։ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը նպատակ ունի խոշոր միջմայրցամաքային համագործակցային հարթակ ստեղծելու, որը ենթադրում է քաղաքականության կոորդինացիա, առևտրի և ֆինանսների ոլորտում համագործակցություն, ինչպես նաև սոցիալական և մշակութային համագործակցություն: Իրանը ներառելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մեջ, Չինաստանը ընդլայնվում է դեպի արևմուտք՝ մերձավորարևելյան տարածաշրջան։ Իրանի համար դա հնարավորություն է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու, իսկ Չինաստանի համար՝ դիմագրավելու հնարավոր պատժամիջոցներին։