Հունիսի 1-ին Հայաստանում, ինչպես և աշխարհի շատ այլ երկրներում, նշել են Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հանդես են եկել շնորհավորական ուղերձներով՝ հանձինս դե-ֆակտո նախագահի, դե-ֆակտո վարչապետի։ Մինչդեռ դե-ֆակտո կառավարության չինովնիկները ոչ մի խոսքով չեն անդրադարձել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում տուժած հայ երեխաների իրավունքներին։
Իսկ հունիսի 4-ին ՄԱԿ-ը նշում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը[1]։ Այս օրվա հետ կապված Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն առհասարակ որևէ հայտարարություն չեն արել։ Ցավալի զավեշտն այն է, որ հենց հայ երեխաներն են տուժել և շարունակում տուժել Ադրբեջանի ագրեսիայից։
Ի՞նչ է օրվա խորհուրդը
Ցավալի իրականություն է, որ զինված հակամարտությունների պատճառով ամենաշատըտառապում են հասարակության խոցելի խմբերը, այդ թվում՝ երեխաները։ Վերջիններիս հանդեպ տարածված վեց հիմնական իրավախախտումներն են հավաքագրումն ու օգտագործումը ռազմական գործողություններում, սպանությունը, սեռական բռնությունը, առևանգումը, հարձակումը դպրոցների, հիվանդանոցների վրա և դեպի երեխաներ մարդասիրական միջանցքների տրամադրման մերժումը։ ՄԱԿ-ը նշում է, որ այդ օրվա նպատակը փորձելն է ապրումակցել ֆիզիկական և բարոյահոգեբանական բռնության ենթարկված բոլոր երեխաների ցավին և տառապանքին։ Այս օրն ամրագրում է ՄԱԿ-ի պարտավորությունն ապահովելու երեխաների իրավունքների պաշտպանությունը։
Քանի՞ երեխա է տուժել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից
Համաձայն Արցախի Ազգային վիճակագրական ծառայության՝ 2020 թ․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տնազուրկ և փախստական են դարձել 40.000 բնակիչ։ Նրանցից քա՞նիսն են երեխաներ։ Ըստ 2015 թ․ մարդահամարի տվյալների՝ Արցախում 18 տարեկանից ցածր անձինք կազմում են բնակչության 30%, հետևաբար՝ 40.000 փախստականից մոտավորապես 12.000-ը երեխաներ են։ Նրանց մի մասը գտնվում է ՀՀ-ում, մի մասը՝ Արցախում։
Այսօրվա դրությամբ Արցախի բնակչությունը 120.000 մարդ է, որից 40.000-ը՝ երեխաներ։ Նշենք, որ Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացիներ են, հետևաբար՝ Ադրբեջանը խախտում է 50.000 ՀՀ քաղաքացի երեխաների իրավունքներ, որ ապրել են Արցախում մինչև 2020 թ․ և մինչ օրս ապրում են այնտեղ։
Ի՞նչով են դրսևորովում Արցախի բնակիչների իրավունքների խախտումները
Արցախի ՄԻՊ ապարատի զեկույցում[2] նշվում է, որ ադրբեջանական կողմն իրականացնում է հոգեբանական-քարոզչական ահաբեկչական արշավներ Արցախի ժողովրդի դեմ՝ նպատակ հետապնդելով հարկադրելու խաղաղ բնակչությանը՝ լքելու իրենց տները։
Նշվում է, որ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի բնակավայրերը հրաձգային զինատեսակներից, իսկ 2022 թ․ մարտի 7-ից սրան գումարվել է խոշոր տրամաչափի զենքի կիրառումը։ Այսպես՝ միայն մարտի 7-11-ն ընկած հատվածում ադրբեջանական կողմը կիրառել է 60 մմ-անոց նռնականետ՝ ընդհանուր թվով արցախյան կողմի դեմ արձակելով 57 արկ։Թիրախավորվել են բնակելի տները և քաղաքացիական այլ ենթակառուցվածքները։ Մարտի 8-ից 28-ը՝ սառնամանիքի պայմաններում, երբ Արցախում միջին ջերմաստիճանը տատանվում էր -2°-ից +2° սահմաններում, Ադրբեջանը խափանել էր Արցախի գազամատակարարումը՝ թույլ չտալով տեղական ընկերությանը վերանորոգել պայթեցված գազատարը։ Գազի բացակայությունը հանրապետությունում առաջացրեց լրջագույն հումանիտար ճգնաժամ։ Առանց ջեռուցման մնացին շուրջ 100.000 քաղաքացիների տներ, դպրոցների 65%, ԲՈՒՀ-երի 100%, այլ ուսումնական հաստատությունների (միջին մասնագիտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, բժշկական և երաժշտական քոլեջներ, երիտասարդության ստեղծագործական կենտրոններ) 90%։ Որոշ ԲՈՒՀ-եր ստիպված եղան անցնելու հեռավար ուսուցման, իսկ մյուս հաստատություններն առհասարակ առկախեցին գործունեությունը։ Այդպիսիների շարքում էին 12 մանկապարտեզ։ Առանց ջեռուցման մնացին բժշկական հաստատությունների և հիվանդանոցների 70%, որոնցում ստացիոնար բուժման մեջ էին 419 քաղաքացի, այդ թվում՝ 46 երեխա մանկական հիվանդանոցում, իսկ ծննդատանը՝ 51 երեխա և իրենց մայրերը։
Ադրբեջանը խախտում է ՀՀ սահմանամերձ մարզերի բնակչության իրավունքները
«Գրեթե ամեն օր մեր սահմանային բնակիչների իրավունքները խախտվում են, սպանվում են խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, նրանց կողմից կատարվում են գողություններ, սպառնալիքներ, գերիների հանդեպ խոշտանգումներ: Դրանք բոլորը ապացույցներով հիմնավորված են»,- 2022 թ․ հունվարին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը[3]։ Վերջինս նաև ընդգծել է, որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը պատերազմից հետո բնավ չի քչացել․ «Ուզում եմ նշել, որ գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է սահմանից, որը մենք պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»։
Քանի՞ երեխայի իրավունքներ են խախտվում ՀՀ սահմանամերձ մարզերում
Ադրբեջանական զորքը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապանից 500 մետր հեռավորության վրա։ Քաղաքի բնակչության թիվը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 41․400 է[4]։ Հայաստանում երեխաները կազմում են բնակչության 23.8%, հետևաբար՝ միայն Կապանում կարելի է հաշվել շուրջ 10.000 երեխա, որ ապրում են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ։
Օմբուդսմեն Ա․ Թաթոյանը դեռ 2021 թ․ նոյեմբերին նշել էր, որ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղակայումից հետո սահմանափակվել է անձանց տեղաշարժի իրավունքը Սյունիքում, իսկ ադրբեջանական զինված ուժերն ահաբեկում են խաղաղ բնակչությանը[5]։ Նշվում է, որ վեց գյուղում՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, խնդիրներ են ծագել մարդկային տարրական իրավունքների իրացման հետ կապված, այն է՝ անվտանգություն, բուժօգնություն, ջրի մատակարարում, սննդի ապահովում, կրթություն։ Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման։ Ա․ Թաթոյանը նշել է, որ վերոնշյալ փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները խաթարում են այդ գյուղերի բնակչության բնական կենսագործունեության ու անվտանգության իրավունքը։ Նշենք, որ ադրբեջանական կողմը չի դադարում դե-ֆակտո սահմանին կրակոցները. այսպես՝ մայիսի 28-ին մահացու վիրավորում է ստացել հայ զինծառայող Դավիթ Վարդանյանը։
Ի՞նչ կարող էին անել ՀՀ դե-ֆակտո իշխանությունները
Հիշյալ օրվա հետ կապված՝ ՀՀ իշխանությունները կարող էին բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախում և ՀՀ-ի սահմանամերձ մարզերում երեխաների իրավունքների խախտման խնդիրը։ Քաղաքացիական բնակչության, առաջին հերթին՝ երեխաների իրավունքների խախտումները կարող էին օգտագործվել որպես փաստարկ՝ ադրբեջանական զորքերը ՀՀ բնակավայրերից հեռացնելու համար։ Սակայն դե-ֆակտո վարչապետ Ն․ Փաշինյանի կառավարությունը նախընտրել է ոչ մի կերպ չանդրադառնալ այդ օրվա խորհրդին։
[1] International Day of Innocent Children Victims of Aggression 4 June, https://www.un.org/en/observances/child-victim-day (հղվել է06.06.2022 թ․).
[2] 2022 թ․ փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին միջանկյալ զեկույց, https://artsakhombuds.am/hy/document/910 (հղվել է 06.06.2022 թ․)։
[3] Մարդու իրավունքների գլխավոր երաշխիքը ադրբեջանական զինծառայողների հեռացումն է սահմանից. ՄԻՊ, 12.01.2022, https://armenpress.am/am/news/1072746.html (հղվել է 07.06.2022 թ․)։
[4] Number of the Permanent Population of The Republic of Armenia, https://www.armstat.am/file/article/population_04_2022.pdf (от 06.06.2022).
[5] Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, 19.11.2021, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=967594490506423&id=100017676420633 (հղվել է 07.06.2022 թ․)։