Օգոստոսի 23-ին թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, նշել է. «Իրատեսական չէ այս գործընթացը, որը մենք իրականացնում ենք, դիտարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացից անկախ։ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով»[1]:
Այնուհետև միտքը շարունակելով` ասել է. «Բաքուն հայտարարել է իր նախաձեռնությունների մասին, որին Երևանը չի արձագանքել։ Աշխատանքները սկսելու համար ստեղծվել է համատեղ հանձնաժողով։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է… Երեւանը պետք է որոշի՝ արդյո՞ք ուզում է խաղաղություն»:
Փաստորեն, հակառակ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների պնդումներին, թուրքական կողմը չի դիտարկում հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորումը հայ-ադրբեջանական «խաղաղության օրակարգից» զատ: Եվ այսքանն էլ դեռ բավական չէր, շարունակում է հայտարարություններով հանդես գալ Զանգեզուրի միջանցքի մասին` պնդելով, որ երկու կողմերի միջև կա պայմանավորվածություն:
Ակնհայտ է նաև, որ այս տողերի արանքում թաքնված է սպառնալիք թուրքական ոճով` ուղղված Հայաստանին: Իսկ սպառնալիքի բովանդակությունը հետևյալն է` «կամ մեր թելադրած պայմաններով կշարժվեք, կամ չի լինի խաղաղություն»:
Այնուհետև Չավուշօղլուն նաև խոսել է Արցախից զինված ուժերի վերջնական դուրս բերման անհրաժեշտության մասին` ասելով. «Իրենց այնպես են պահում կարծես այդ Ադրբեջանն է գրավել իրենց հողերը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանն հուլիսի 19-ին հայտարարել էր, որ ՀՀ-ից նորակոչիկներ և պայմանագրային զիծառայողներ այլևս չեն լինի Արցախում[2]: Ըստ էության, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարժվում են թուրքական կողմի թելադրանքով, և չի բացառվում, որ շուտով առհասարակ ապառազմականացնեն Արցախն ու սկուտեղի վրա այն մատուցեն թշնամուն:
Այնուհետև վրա է հասնում Չավուշօղլուի` սպառնալիքներով համեմված հերթական հայտարարությունը. «Հայաստանը պետք է դասեր քաղի: Բոլորը տեսնում են մեր անկեղծությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հասնելու գործում։ Թող հայկական կողմն իմանա ու չմոռանա, որ մենք ոչնչով չենք տարբերվում Ադրբեջանից»:
Եվ այսքանից հետո ՀՀ դե-ֆակտո իշխանությունները համառորեն շարունակում են կեղծ խաղաղության օրակարգ քարոզել մի կողմի հետ, որն անդադար սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին և թելադրում իր նախապայմանները: Իսկ այս փուլում նախապայմաններն են Արցախի տոտալ հանձնումն Ադրբեջանին, Զանգեզուրի միաջանցքի գործարկումը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:
[1] Çavuşoğlu’dan ‘Suriye ile diyalog’ mesajı ve İran’ın iddiasına yanıt, https://haberglobal.com.tr/gundem/son-dakika-bakan-cavusogludan-suriye-ile-diyalog-mesaji-ve-iranin-iddiasina-yanit-196332 (հղվել է 23.08.2022 թ.).
[2] ԼՂ-ում չեն լինի ժամկետայիններ և պայմանագրայիններ ՀՀ-ից, https://hayaliq.com/artsakharmy/ (հղվել է 23.08.2022 թ.):