Էսսե

Շառլ դը Գոլ. Ֆրանսիայի V Հանրապետության ճարտարապետը

22 / 11 / 2023

1890 թվականի նոյեմբերի 22-ին ծնվել է ֆրանսիացի գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի V Հանրապետության հիմնադիր նախագահ Շառլ դը Գոլը, ում ողջ կյանքը եղել է պայքար հանուն պետության՝ ընդդեմ ֆաշիզմի և կոլաբորացիոնիզմի։

«Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում. բայց ոչ պատերազմում։ Որոշ կառավարիչներ գնացին կապիտուլյացիայի՝ տրվելով խուճապին, մոռանալով պատիվը, երկիրը հանձնելով ստրկության։ Այնուամենայնիվ, ոչինչ կորած չէ։ Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային պատերազմ է։ Ազատ աշխարհում հսկայական ուժեր դեռ չեն հարձակվել: Մի օր այս ուժերը կջախջախեն թշնամուն։ Այդ օրը Ֆրանսիան պետք է ներկա լինի հաղթանակի համար։ Այնուհետև նա կվերագտնի իր ազատությունն ու մեծությունը: Սա իմ նպատակն է, իմ միակ նպատակը»:

Որքան սրտառուչ և կամային, նույնքան էլ ազդեցիկ և, փաստորեն, արդյունավետ էին ֆրանսիացի երևելի գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի V Հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլի հետևյալ խոսքերը, որ կարելի էր տեսնել քառասունականների Փարիզի փողոցներում պաստառների կամ գետնատարած թռուցիկների վրա։

Ֆրանսիայի տարբեր քաղաքների փողոցների, ենթակառուցվածքների և հուշարձանների վրա իր անունը թողած  Շառլ դը Գոլը սեփական երկրի պատմությամբ անսահման խանդավառված և վերջինիս «հատկանշական ծառայություն» մատուցելու ցանկության մեջ թաթախված գեներալ և քաղաքական գործիչ էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ֆրանսիական դիմադրության առաջնորդը, Ֆրանիայի ներկայիս՝ Հինգերորդ Հանրապետության հիմնադիր հայրը։

«Իմ ամբողջ կյանքում ես որոշակի պատկերացում եմ ձևավորել Ֆրանսիայի մասին»։

1913թ.-ին երիտասարդ դը Գոլը միանում է ֆրանսիական բանակին և պատվով կռվում Առաջին համաշխարհային պատերազմում՝ երեք անգամ վիրավորում ստանալով: 1925թ.-ին ծառայության է անցնում գերագույն խորհրդի աշխատակազմում: 1940թ.-ին ստանում է բրիգադի գեներալի կոչում և կարճ ժամանակով ծառայում որպես պաշտպանության գծով պետքարտուղարի տեղակալ: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի՝ գերմանացիների ձեռքն անցնելուց հետո մեկնում է Անգլիա։ Նա ապստամբում է  վարչապետ Ֆիլիպ Պետենի կոլաբորացիոնիստական ռեժիմի դեմ և մեկնում Լոնդոն՝ շարունակելու պատերազմը՝ հանուն «Ազատ Ֆրանսիայի»։

«Պատմությունը ճակատագրապաշտություն չի սովորեցնում։ Լինում են պահեր, երբ մի քանի ազատ մարդկանց կամքը ճեղքում է դետերմինիզմը և նոր ճանապարհներ բացում»:

Դը Գոլի ջաքերով ստեղծված «Ազատ Ֆրանսիան» (“France Libre”) քաղաքական միավոր էր, որը հավակնում էր լինել Ֆրանսիայի օրինական կառավարությունը Երրորդ Հանրապետության լուծարումից հետո։ Այն ստեղծվել է որպես վտարանդի կառավարություն Լոնդոնում 1940 թվականի հունիսին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի անկումից հետո և ֆաշիստական առանցքի դեմ կռվել որպես դաշնակից ազգ իր ազատ ֆրանսիական ուժերով (Forces françaises libres):

Նացիստական Գերմանիային Երրորդ Հանրապետության պարտությունից հետո մարշալ Ֆիլիպ Պետենը գլխավորեց զինադադարի շուրջ բանակցությունները և Ֆրանսիան դարձրեց գերմանական խամաճիկ պետություն, որը հայտնի էր որպես Վիշի կոլաբորացիոնիստական ռեժիմ: Ապստամբած դը Գոլը՝ կարողանալով Չերչիլին համոզել իր գաղափարի իրատեսականությունը, այնտեղից հեռարձակեց հունիսի 18-ի հայտնի բողոքարկումը, որը կոչ էր անում ֆրանսիացիներին դիմադրել նացիստներին և կոլաբորացիոնիստներին և միանալ ֆրանսիական ազատ ուժերին:

Ազատ ֆրանսիացիները կռվեցին և՛ Առանցքի, և՛ Վիշիի կոլաբորացիոնիստական զորքերի դեմ և ծառայեցին գրեթե բոլոր խոշոր արշավներում՝ Մերձավոր Արևելքից մինչև Հնդկաչին և Հյուսիսային Աֆրիկա: 1942 թվականի հուլիսի 13-ին «Ազատ Ֆրանսիան» պաշտոնապես վերանվանվեց «Մարտնչող Ֆրանսիա» (“France combattante”)՝ նշանավորելու Առանցքի դեմ պայքարը ինչպես արտաքին, այնպես էլ օկուպացված Ֆրանսիայի ներսում։

«Երբ ես ուզում եմ իմանալ, թե ինչ է մտածում Ֆրանսիան, ես հարցեր եմ ուղղում ինքս ինձ»:

1944 Փարիզի ազատագրումից հետո դը Գոլը վերադառնում է և գլխավորում երկու ժամանակավոր կառավարություն: 1958 թ. վերընտրվում է որպես վարչապետ՝ սահմանադրությունը բարեփոխելու լիազորություններով, երբ Ալժիրում ապստամբությունը սպառնում էր Ֆրանսիային քաղաքացիական պատերազմ բերել: Դը Գոլը ավարտում է Ալժիրի պատերազմը և Ֆրանսիայի աֆրիկյան տարածքները վերածում 12 անկախ պետությունների:

«Լինենք ամուր, պարզ և հավատով լեցուն: Մեր վշտի վերջում կա աշխարհի ամենամեծ փառքն այն մարդկանց, ովքեր չեն հանձնվել»:

Շառլ դը Գոլի՝ մեծ գեներալի ու հայրենասերի կենսագրությունը մեկ օրինակ է պետականամետ մտածելակերպի, ի հեճուկս կոլաբորացիոնիստների՝ պատերազմի վախին կուլ չգնալու և պայքարը միայն սեփական ուժերի մեջ և ազատության վերջնարդյունքով փնտրելու մասին։

 

Related Posts