Մշակույթ

Այսօր սեպտեմբերի 1-ն է

01 / 09 / 2023

Այսօր սեպտեմբերի 1-ն է: Հայտնի փաստ է, որ ազգային կրթությունը պետության ամուր հիմքերի գրավականներից մեկն է: 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչպես բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում ևս տեղի են ունեցել և ունենում բացասական և ապազգային փոփոխություններ: «Հայկական ալիք»-ը անդրադառնում է դպրոցներում և բուհերում տեղի ունեցած փոփոխություններին:

5-րդ և 7-րդ դասարաններում այս տարվանից նոր չափորոշչով փոփոխությունները մտնում են ուժի մեջ:

Այս տարվանից արդեն 5-րդ և 7-րդ դասարաններում աշակերտները պետք է սովորեն նոր դասագրքերով՝ գրված նոր չափորոշչի հիման վրա: 5-րդ դասարանում նախկինում անցնում էին երկու առարկա՝ «Հայրենագիտություն» և «Հայոց եկեղեցու պատմություն»: Այժմ «Հայոց եկեղեցու պատմությունը» դուրս է եկել առարկայացանկից, իսկ «Հայրենագիտություն» առարկան փոխարինվել է «Ես և իմ հայրենիքը» առարկայով: Չնայած նրան, որ նախկին երկու առարկաների ժամաքանակը միավորել են, այնուամենայնիվ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրից հատուկենտ ինչ-որ թեմաներ են ընտրված, որոնք, բնականաբար, ամբողջությամբ չեն փոխարինում նախկինում եղած առարկային: Այսինքն՝ ստացվում է ուղղակի ընդլայնված «Հայրենագիտություն»:

Տեղի է ունեցել դասագրքի մրցույթ: Մրցույթի արդյունքում հաղթել է հայր և որդի Ղուկասյանների դասագիրքը: Նախկինում էլ Ղուկասյանները «Հայրենագիտության» դասագիրք ունեին: Նախորդ չափորոշչով մրցույթը հաղթած երկու դասագիրք կար: Այժմ Ղուկասյանները վերափոխել, նոր գիրք են շարադրել, և մրցույթում հաղթել էր իրենց գիրքը: Սակայն «Անտարես» հրատարակչությունը, պարտվելով մրցույթում, բողոքարկել է որոշումը, և այժմ փաստացի տպագրված գիրք չկա: Բողոքարկման հետևանքով գործընթացը կասեցվել է, և հայտնի չէ՝ ինչ փուլում է հիմա: Այսինքն՝ արդեն սեպտեմբերի 1-ն է, սակայն դպրոցները մինչև հիմա 5-րդ դասարանի համար նախատեսված դասագիրք չունեն, և դժվար է ասել, թե ինչ կլինի:

«Հայոց պատմություն» առարկան 6-րդ դասարանից հանվել է, և աշակերտները պետք է առարկան անցնեն 7-րդ դասարանից: Փաստորեն՝ ստացվում է, որ 7-րդ դասարանում երեխաները կրկնելու են նույնը, ինչ սովորել են 6-րդ դասարանում՝ ուղղակի մի փոքր ավելին:

Բարեփոխումները պետք է այնպես արվեին, որ դպրոցներում կրկնություն չլիներ: Իսկ այսպես ստեղծվել է աբսուրդային իրավիճակ: Ստացվում է, որ 6-րդ դասարանում երեխաներն արդեն անցել են հայոց պատմության հնագույն և հին դարերի շրջանը և այս տարի պետք է նորից նույնը անցնեն, ընդ որում, միջնադարի հետ միասին: Նույնը համաշխարհային պատմության պարագայում է: 6-րդ  դասարանում աշակերտներն անցել են հին աշխարհի պատմություն և հիմա նորից պետք է անցնեն և՛ հին աշխարհի պատմությունը, և՛ միջին դարերինը:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես դուրս է հանված կրթական ծրագրից: Հայտնի է, որ իբրև այս առարկայի թեմաները ներառվել են «Հայոց պատմության» մեջ, բայց դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: 7-րդ դասարանում առարկան ուղղակի դուրս է մղվել առարկայացանկից: Այն թեմաները, որոնք կան ծրագրում և ինչ-որ չափով առնչվում են եկեղեցուն, դրանք միջնադարի այն թեմաներն են, որոնք այսպես թե այնպես նախկինում էլ կային «Հայոց պատմություն» առարկայի շրջանականերում: Օրինակ՝ «քրիստոնեության հռչակումը պետական կրոն» թեման կար նաև «Հայոց պատմության» ծրագրում: Այսինքն՝ ինչպես կար, այդպես էլ մնացել է:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան տալիս էր տարրական, ճանաչողական գիտելիքներ՝  կապված քրիստոնեության հետ, հայոց եկեղեցու հետ: Հիմա տարրական գիտելիքներ երեխաներն այլևս չեն ունենալու: Նոր չափորոշիչը շատ քիչ բան է տալիս: Առաջ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերը անցնում էին նաև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնով: Իսկ այժմ քանի որ կապ չունեն Մայր Աթոռի հետ, որևէ հոգևորական, աստվածաբան կամ ՀԵՊ մասնագետ չի ընթերցում այդ գրքերը, մենք չգիտենք՝ ինչ արդյունք կունենանք: Հաշվի առնելով, թե Հայաստանում տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից ինչ ինտենսիվ քարոզչություն է իրականացվում՝ հասկանալի է, որ լուրջ վտանգներ կարող են ի հայտ գալ: Ընդ որում՝ այս կազմակերպությունները ավելի մեծ մեկնարկային պայմաններ ունեն իրենց խոսքը ինչ-որ տեղ հասցնելու, քան Հայ առաքելական եկեղեցին: Այս առումով նվազ գիտելիքների առկայությունը աճող սերնդի համար մի քանի տարում կստեղծի լրացուցիչ մարտահրավերներ՝ շատ ավելի խոցելի դարձնելով նրանց:

«Հայոց պատմության» համար ընդամենը մեկ դասագիրք են երաշխավորել՝ Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը: Սմբատ Հովհաննիսյանը ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ է:

Նախորդ դասագրքերի հրատարակչությունները՝ «Մանմարը» և «Զանգակը», չեն մասնակցել մրցույթին: «Զանգակ»-ի հեղինակային կազմը հայտնի պատմաբաններ են: Գլխավոր խմբագիրը  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն է, թիմը ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ԳԱԱ  պատմության ինստիտուտի հիմնական կորիզն է կազմում: Սակայն այս անգամ թիմը որոշել էր մրցույթին չմասնակցել: Պատճառն այն էր, որ թե՛ ԳԱԱ պատմության ինստիտուտը և թե՛ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը տարբեր առիթներով պարբերաբար դեմ են հանդես եկել նոր ընդունված չափորոշչին: Այդ պատճառով էլ որոշում են կայացրել, որ նոր չափորոշչով դասագիրք չի լինի: Աշոտ Մելքոնյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ ինքը և թիմը  պատրաստ են նախորդ դասագրքերի հիմքի վրա ուսումնական այլընտրանքային ձեռնարկ պատրաստել, բայց ոչ նոր չափորոշչով դասագիրք: Այսինքն՝ ստացվում է, որ գործող պատմաբանների մեծ մասը հրաժարվում են նոր չափորոշչով դասագիրք գրել: Սա վատ իմաստով աննախադեպ երևույթ է, քանի որ ստացվում է, որ դաշտում այլընտրանք չի լինում:

«Համաշխարհային պատմության» համար երկու դասագիրք է երաշխավորվել: Այստեղ էլ է անհասկանալի գործընթաց, քանի որ այս դեպքում էլ անհրաժեշտ տպաքանակ չկա: «Համաշխարհային պատմության» համար երկու երաշխավորված դասագիրք կա, որոնցից մեկը «Զանգակ» հրատարակչությունն է պատրաստել: Այս դասագրքի վրա ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և այլ մասնագետների ընդհանուր թիմ է աշխատել: Մյուս դասագիրքը Գագիկ Հովակիմյանի և Արմեն Խաչիկյանի համահեղինակությամբ է պատրաստվել:

Բուհերում, իհարկե,  իրավիճակն այլ է: Այստեղ ուսումնական պլանները վերանայվել են: Եվ, փաստացի, ԵՊՀ ուսումնական պլանի առաջին կուրսի ծրագրից «Հայոց պատմությունը» գրեթե բոլոր ֆակուլտետներից հանվել և տեղափոխվել է երկրորդ կուրսի առարկայացանկ՝ բացառությամբ, բնականաբար, պատմության ֆակուլտետի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և այլն: Սա ԵՊՀ գիտական խորհրդի որոշումն է եղել: Ուսումնական պլանում այս բարեփոխումն առաջարկվել է պրոռեկտորների կողմից, և գիտխորհուրդն ընդունել է որոշումը: Իհարկե, որոշ մարդիկ դեմ են քվեարկել, բայց մեծամասնությամբ որոշումն անցել է: Մտավախություն կա, որ օրենքով «Հայոց պատմությունն» այլևս պարտադիր չի լինի: Կարող է առհասարակ որոշեն առարկան հանել ոչ մասնագիտական ֆակուլտետներից: Սա նոր խնդիր է դառանալու «Հայոց պատմության» մասնագետների համար:

ԵՊՀ-ը կշարունակի «Հայոց պատմության» ուսուցումը գործող դասագրքերով: Վերջին դասագիրքը տպագրվել է 2012 թվականին՝ Հրաչիկ Սիմոնյանի խմբագրությամբ: Զուգահեռաբար շարունակվում է օգտագործվել 1975 թվականի դասագիրքը՝ Ժամկոչյանի խմբագրությամբ: Նաև ակադեմիական նոր հրատարակություններ, նոր հատորյակներ և տարբեր գրքեր են օգտագործվում: Իհարկե, բուհերի պարագայում պատկերը մի փոքր այլ է: Ակադեմիական ազատությունն ավելի մեծ է այստեղ, և շատ բան կախված է նաև դասավանդողներից: Իսկ դպրոցական դասագրքերի համար նախարարությունը կազմակերպում է մրցույթ, ձևավորվում է համապատասխան հանձնաժողով, որը քվեարկում է, գնահատում է դասագրքերը, և որոշում են՝ որ դասագիրքը երաշխավորեն: Բայց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ պատմաբանների մեծ մասը հրաժարվել է մասնակցել նոր  դասագրքերի ստեղծման գործընթացին:

Խնդիր կա նաև «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» առարկայի հետ, որը ևս, ինչպես «Հայոց պատմությունը», մտադրություն կա տեղափոխելու երկրորդ կուրսի առարկայացանկ:

 

Related Posts