Նորություններ

«Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է նույն կարգավիճակը ունենան»

17 / 10 / 2022

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտահերթ ժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներին։ «Հայկական ալիքը» ներկայացում է Չավուշօղլուի ելույթի հիմնական դրույթները․

 

  • Թեկուզև ուշ, տեսնում ենք, որ Հայաստանը դրական պատասխան է տվել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկին։
  • Ադրբեջանը ասում է, որ Լաչինի միջանցքը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է նույն կարգավիճակը ունենան։
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած դրական քայլ նպաստելու է նաև մեր Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։
  • Չավուշօղլուն  վերահաստատել է, որ Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ։
  • Պրահայում հանդիպման ժամանակ Փաշինյանը հանդես է եկել որոշ առաջարկներով։
  • Թուրքիան պատրաստ է հանդիպելու ցանկացած հարթակում։
  • Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղություն չկամեցող խմբեր կան՝ հայկական սփյուռքի մի հատվածը։ Մի կողմից նրանց ձայնն է շատ լսվում, մյուս կողմից էլ ագրեսիվ դիրքորոշում են դրսևորում։
  • Պրահայում քառակողմ հանդիպման անցկացումը նպատակ էր հետապնդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Սակայն այլևս չկան ամեն ինչ ընդունող Ադրբեջան, Թուրքիա, թյուրքական աշխարհ։
  • Հայ-թուրքական կարգավորման գործընթացը իրականացվում է հայ Ադրբեջանի հետ համաձայնեցված։

Մինչ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ջանասիրաբար համոզում են, որ որևէ միջանցք Հայաստանի տարածքով չի անցնելու, և որ ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ չի լինելու միջանցքային տրամաբանությամ, իսկ ՀՀ տարածքում միակ միջանցքը Լաչինի միջանցքն է, պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն ուժի սպառնալիքի և գործնականում կիրառման միջոցով փորձում է հասնել այդ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, այլև պահանջում է, որ այն ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը: Իսկ վերոնշյալը դե-ֆակտո վարչակազմի թեթև ձեռքով Ադրբեջանի կողմից պարտադրված երթուղու կառուցոման ավարտից հետո՝  2023թ․-ի սկզբին, ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի տիրապետության տակ: Միջանցքի մերձակայքում գտնվող Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերն արդեն իսկ դավադրաբար հանձնվել են թշնամուն։ Սա նշանակում է, որ ըստ Ադրբեջանի պահանջի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը պետք է իրականացվի վերջինիս կողմից, մինչդեռ մեզ համոզում են, որ այդ «միջանցքը» բնավ էլ միջանցք չէ և գործելու է ՀՀ սուվերենության ներքո և ըստ ՀՀ օրենքների։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Պրահայում Էրդողանն ու Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումները անցկացնել Թուրքիայում և Հայաստանում։ ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ը շտապեց հերքել այս հայտարարությունը՝ հայտարարելով, որ «Հայաստան֊-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։ Այսօր Չավուշօղլուն վերահաստատել է իր հայտարարությունը․ դժվար է պատկերացնել, որ Թուրքիան պետական նման բարձր՝ արտգործնախարարի մակարդակով քանիցս ապատեղեկատվություն է տարածում: Ամենայն հավանականությամբ սա դե-ֆակտո իշխանությունների կողմից ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունը հայկական լսարանից հետևողականորեն կոծկելու հերթական փորձն է։

Անհրաժեշտ է շեշտել, որ հայկական կողմից երբևէ չի հրապարակվում առաջիկա Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան ներկայացուցիչների հանդիպման օրակարգը՝ հնարավոր բողոքի ալիքից խուսափելու համար։ Փոխարենը սպասվող բանակցությունների օրակարգի մասին տեղեկանում ենք թուրքական և ադրբեջանական աղբյուրներից, ինչպես դա տեղի ունեցավ վերջին՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման պարագայում։ Դատելով «Փաշինյանի կողմից արված առաջարկների» վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունից՝ դե-ֆակտո վարչապետը առանց հայկական լսարանի տեղեկության հանդես է եկել հայ ժողովրդի անունից առաջարկներով և իրեն բնորոշ ոճով բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել։

Եվ, վերջապես, Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ սփյուռքին թիրախավորող հայտարարությամբ, ինչը կազմում է վերջին շրջանի թուրքական պաշտոնական հռետորաբանության անբաժան մասը։ Ըստ էության, սփյուռքի դեմ թշնամանք սերմանող այս բոլոր հայտարարությունները բացահայտ ակնարկ են առ այն, որ եթե չլինի սփյուռքի և հայաստանյան ազգային ուժերի դիմադրությունը, այսպես կոչված հայ-թուրքական և հայ-ադրբեջանական «խաղաղության» համար այլ արգելք չի լինի, քանի որ դե-ֆակտո վարչակազմը պատրաստ է ընկրկել թուրքական նախապայմանների առջև՝ ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *