Հոկտեմբերի 21-ին 2023 թ.-ի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին այցելած Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հայաստան ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբ ուղարկելու որոշմանը, ընդգծել է նաև Ադրբեջանի համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը․ «30 տարի խնդիրը չլուծելիս պատճառաբանում էին կոնսենսուսով։ Հիմա այդ տարածաշրջան դիտորդներ կամ այլ պատվիրակություն ուղարկելիս անգամ Ադրբեջանի կարծիքը չեն հարցնում։ Այդ որոշումը պետք է կայացվի կոնսենսուսով։
Նպատակը ո՞րն է։ Փորձել օգնել Հայաստանին։ Դա օգուտ չի տա։ Առանց այն էլ 30 տարի [կոնֆլիկտի – խմբ․] չլուծվելու պատճառը Մինսկի եռյակի կողմնակալ, այսինքն՝ Հայաստանի կողմից լինելն էր։ ԵԱՀԿ-ն դարձել է անլուծելիության կենտրոնը։ Հիմա կայացրած որոշումներն էլ հակասում են ԵԱՀԿ-ի օրենքներին»։
Խոսելով նաև Հայաստան ուղարկվող ԵՄ դիտորդական առաքելության շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, Չավուշօղլուն ասել է․ «Դեռևս թանաքը չչորացած՝ ԵՄ-ն գործում է դրան [պայմանավորվածությանը – խմբ․] հակառակ»։ Չավուշօղլուն վերահաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած դրական քայլ դրական ազդեցություն կունենա նաև հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման վրա։ Ի դեպ, նմանատիպ հայտարարությամբ է նաև հանդես եկել ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Վերջինս ասել է. «Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ պետք է գիտակցեն, որ Հայաստան–Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացի վրա»: Սա այն դեպքն է, երբ գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում: Թվացյալ կերպով դեմ արտահայտվելով երկու գործընթացների փոխկապակցմանը` փաստացի դե-ֆակտո ԱԳ նախարարը ևս կապել է այս գործընթացները`այս անգամ վերադաս դիրքում դնելով հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացը, որն իբրև թե պետք է դրական ազդեցություն ունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի դե-ֆակտո կառավարության խնդրանքով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն ներկայացուցիչներից և միջազգային փորձագետներից բաղկացած կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան, որը կայցելի հայ-ադրբեջանական շփման գոտի: ԵԱՀԿ պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ խմբի առաքելության մասին նշվում է․ «Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշակի սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա»։
Ադրբեջանն իր հերթին դեմ է հանդես եկել այս որոշմանը՝ հայտարարելով, որ չի համագործակցի այդ խմբի հետ և չի ընդունի այդ այցի արդյունքները։ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում կազմակերպության 2023թ․-ի բյուջեի քննարկման ընթացքում տարածած հայտարարության մեջ նշվում է․«Այնքան ժամանակ, քանի դեռ ներկա իրավիճակը չի շտկվել և չի վերականգնվել՝ համաձայն փաստաթղթերի և ԵԱՀԿ-ի որոշումների, Ադրբեջանի ներկայացուցչությունը չի դիտարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագիծը»։
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նման դիրքորոշում չդրսևորեց հայ-ադրբեջանական շփման գծում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ Ըստ էության, ադրբեջանական կողմը գիտակցում է, որ ԵՄ առաքելությունը որևէ առարկայական փոփոխություն չի մտցնելու իրավիճակի մեջ, ուստի, դրանում սպառնալիք չի տեսնում։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ դիտորդական խմբին, որի շրջանակներում գործող Մինսկի խումբը մշտապես գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի թիրախում՝ մեղադրվելով «անգործության և 30 տարի Հայաստանի օգտին գործելու» մեջ, Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը միանգամայն այլ է՝ պայմանավորված դրա հավանական հայանպաստ գործունեության դիտարկմամբ։
Բացի այդ, ինչպես հայտնի է ԵՄ առաքելության 40 դիտորդները ժամանելու են Վրաստանից, որտեղ ռուս-վրացական պատերազմից հետո ավելի քան 200 դիտորդ է աշխատում։ Գաղտնիք չէ, որ երրորդ ուժի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական շփման գծում հակասում է Իրանի և Ռուսաստանի անվտանգային պատկերացումների և շահերին, ինչում, սակայն, շահագրգված է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այսպիսով, տեղակայելով այստեղ ԵՄ առաքելություն` ՀՀ դե-ֆակտո իշխանությունները գործում են մեր բնական և ռազմավարական դաշնակիցներ Իրանի և Ռուսաստանի դեմ: Կունանա՞ դա արդյոք դրական ազդեցություն մեզ վրա… Միանշանակ` ոչ: