Հունիսի 29-ին Թուրքմենստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների մասնկացությամբ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացել է 6-րդ Կասպյան գագաթնաժողովը։ Օրակարգը բաղկացած է եղել նախագահների ելույթներից, երկկողմ հանդիպում-քննարկումներից, ինչպես նաև Կասպյան հնգյակի համատեղ անվտանգային, տրանսպորտային, բնապահպանական հարցերի շուրջ քննարկումներից: Անվտանգության ոլորտում համագործակցության սկզբունքներն ամրագրվել են եզրափակիչ կոմյունիկեի մեջ: Նախագահները հաստատել են, որ կասպյան պետությունների ափամերձ գործունեությունը կիրականացվի 17 սկզբունքների հիման վրա, որոնց թվում են ափամերձ պետությունների շարքին չպատկանող զինված ուժերի ներկայության բացառումը և ափամերձ պետություններից որևէ մեկի կողմից իր տարածքը մեկ այլ առափնյա պետության դեմ ագրեսիա և այլ ռազմական գործողություններ սանձազերծելու նպատակով ուրիշ պետությունների չտրամադրելը:
«Հայկական ալիքն» առանձնացրել է գագաթնաժողովի ընթացքում մեզ համար առավել մեծ կարևորություն ունեցող երկրների (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան) նախագահների ելույթներից, լրագրողներին տրված ասուլիսներից և երկկողմ հանդիպում-քննարկումներից ուշագրավ հատվածներ:
Նախ` երեք նախագահներն էլ անդրադարձել են հյուսիս-հարավ ճանապարհին և նրա կարևորությանը` նշելով, որ այն ընգրկում է մեծ աշխարհագրություն` Սանկտ-Պետերբուրգից մինչև Իրանի նավահանգիստներ և Հնդկաստան, ինչպես նաև, որ նրա գործարկումը մեծ օգուտ կբերի հնգյակին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ընթացքում անդրադարձել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ հնարավոր անդամակացությանը` նշելով, որ Ռուսաստանը որևէ խնդիր չունի այս երկու երկրների հետ, և եթե նրանք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, դա իրենց ընտրությունն է: Սակայն հավելել է. «Միայն թե նրանք պետք է հստակ պատկերացնեն, որ նախկինում իրենց համար սպառնալիքներ չեն եղել, իսկ հիմա, եթե այնտեղ տեղակայվի ռազմական կոնտինգենտ և ենթակառուցվածքներ, մենք ստիպված կլինենք հայելային պատասխան տալ և ստեղծել նույն սպառնալիքներն այն տարածքների համար, որտեղից մեզ վտանգ է սպառնում: Չէ՞որ սա ակնհայտ է»:
ՌԴ նախագահն անհիմն է անվանել այն թեզը, թե Ռուսաստանը, հակամարտության մեջ մտնելով Ուկրաինայի հետ, պայքարում էր ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ, իսկ արդյունքում ստացավ այն, որ ևս երկու երկիր հայտ է ներկայացրել միանալու ռազմական դաշինքին: Վ. Պուտինը նշել է, որ Ուկրաինան օգտագործվել է որպես պլացդարմ` Ռուսաստանի դեմ գործողություններ ծավալելու նպատակով, մինչդեռ Ֆինլանդիայի և Շվեդիայի պարագայում նման խնդիր չկա: Խոսելով ռազմական օպերացիայի վերջնանպատակի մասին` նախագահն ասել է. «Եվ վերջնական նպատակը, որը ես նախանշել եմ, Դոնբասի ազատագրումն է, այդ մարդկանց պաշտպանությունը և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կերաշխավորեն հենց Ռուսաստանի անվտանգությունը»:
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին, անդրադառնալով օրակարգային անվտանգության թեմային, ասել է. «Սա, ինչպես և նախորդ համաձայնագրերը, զրկում է երրորդ և ոչ կասպյան երկրներին՝ Կասպից ծովի հետ կապված հարցերին միջամտելու կամ առափնյա պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիա և այլ գործողություններ իրականացնելու հնարավորությունից և կարող է կանխել հնարավոր տհաճ միջադեպերը»:
Է. Ռաիսիի և Իլհամ Ալիևի երկկողմ զրույցից կարծես թե պարզ է դառնում, թե ինչու է պաշտոնական Թեհրանը հատկապես շեշտում երրորդ ուժերի բացակայությունը: Է․ Ռաիսին, ակնարկելով իսրայելական ուժերի հետ ադրբեջանական կողմի համագործակցությունը, ընդգծել է, որ տարածաշրջանում «Ղուդսի օկուպացիոն ռեժիմի» (Իսրայելի – խմբ․) առկայությունը լարվածություն է ստեղծում և ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը։ «Տարածաշրջանում անվտանգության ապահովմանը կարելի է հասնել միայն տարածաշրջանի երկրների և մերձկասպյան հարևանների հետ համագործակցության միջոցով»,- ասել է Է․ Ռաիսին: Օրերս այս խնդրին էր անդրադարձել նաև միջազգային գծով Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհդական Ալի Աքբար Վելայաթին՝ նշելով, որ իրենց համար անընդունելի է Ադրբեջանի համագործակցությունն Իսրայելի հետ:
Իր հերթին Ի․ Ալիևն հերթական անգամ բաց չի թողել առիթը՝ թմբկահարելու իր հաղթանակի մասին. «Հայրենական պատերազմում հաղթանակից և Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո Ադրբեջանն սկսեց լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի (նկատի ունի Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանը – խմբ․) վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային կապերի զարգացման ուղղությամբ։ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում»:
Այստեղ ուշագրավ երկու կետ կա. Նախ՝ այն, որ թշնամական երկրի նախագահն օգտագործում է «Արևելյան Զանգեզուր» տերմինը, որը բավականին մեծ տարածում ունի ադրբեջանական խոսույթում և որն անուղղակի ակնարկ է առ այն, որ կա նաև «Արևմտյան Զանգեզուր» կոչվածը, որը ոչ այլ ինչ է, քան ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող Սյունիքի մարզը, որի նկատմամբ ունեցած հավակնությունները թշնամին նույնիսկ չի էլ փորձում թաքցնել:
Երկրորդ ուշագրավ կետն այն է, որ արդեն քանիցս նախագահի մակարդակով հնչեցվում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որի գոյությունն այդքան ջանասիրաբար ժխտում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դե-ֆակտո իշխանությունները ստում են ՀՀ բնակչությանը և նախապատրաստվում կապիտուլյացիայի երկրորդ արարին:
Ակնհայտ է, որ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվում բանակցությունների ընթացքում, և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում միմյանց։ Մինչ դե-ֆակտո հայկական կողմը պնդում է, որ միջանցքի մասին խոսակցություն լինել չի կարող, քանզի դա կարմիր գիծ է Հայաստանի համար, իսկ ավտոմոբիլային ճանապարհների շուրջ ընդամենը «մտքերի փոխանակում» է տեղի ունեցել, մամուլից պարզ է դառնում, որ կողմերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհը։
Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերի 10-ից սկսած՝ հայ և օտարերկրյա անկախ փորձագետներն ահազանգում են, որ Սյունիքով Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող տարածքն ապագայում որպես ենթակառուցվածքային մահակ է օգտագործվելու թշնամական երկրների կողմից Հայաստանին լիովին ինքնիշխանությունից զրկելու և զավթելու համար։