Այսօր 2022 թ.-ի նոյեմբերի 9-ն է: Իսկ դա նշանակում է, որ ուղիղ երկու տարի է անցել այն չարաբաստիկ օրվանից, երբ կնքվեց Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, այսպես կոչված, եռակողմ համաձայնագիրը, որն ավելի հայտնի է որպես կապիտուլյացիոն պայմանագիր: Երկու տարի անց ՀՀ-ը կանգնած է երկրորդ կապիտուլյացիայի վտանգի առջև, որը սակայն կլինի ճակատագրական ՀՀ պետականության և ինքնիշխանության վերջնական անկման տեսանկյունից:
Սակայն ի՞նչ է կապիտուլյացիան և ինչու՞ են ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ամեն անգամ դիվահար լինում այս բառից: «Հայկական ալիք»-ի նոր բացատրագրում անդրադարձել ենք այս տերմինի պատմաքաղաքական ասպեկտներին և դրա կիրառմանը մերօրյա իրականության մեջ:
Ի՞նչ է նշանակում կապիտուլյացիա. պատմական օրինակներ
Միջնադարյան լատիներենից եկող կապիտուլյացիա բառն արտահայտում է հանձնվել, վերջ տալ դիմադրությանը իմաստը՝ հիմնականում ասոցացվելով ռազմական պարտության, հանձնվելը հավաստող պայամնագրի կնքման հետ։ Միջազգային իրավունքում այն վերաբերում է տեղակայված վայրի հանձնելու, ռազմական կամ ռազմածովային ուժերի հանձնվելու մասին համաձայնությանը:
Ավագ սերնդին տերմինն ավելի ծանոթ է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին կապիտուլացված Գերմանիայի օրինակով, որը ստորագրվեց ֆելդմարշալ Վիլհելմ Քեյթելի կողմից 1945 թ. մայիսի 8-ին Բեռլինի Կարլշորստում: Այդպիսով Գերմանիան հանձնվեց Դաշնակիցներին, որոնք իրենց հերթին երկիրը բաժանեցին երկու մասի և դա շարունակվեց ընդհուպ մինչը Սառը Պատերազմի ավարտ։ Կապիտուլյացիայի կնքմանը նախորդել էին պարտությունները Նյուրենբերգի և Համբուրգի ճակատամարտներում, ինչից հետո 1945 թ. ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն էր գործել։ Ամիսներ անց՝ օգոստոսի 15-ին՝ երկու ատոմային հարվածներից հետո կապիտուլյացիայի մասին հայտարարեց Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն, իսկ կապիտուլյացիոն պայամանգրի ստորագրման համար առանձին հանդիսություն եղավ նույն թվականի սեպտեմբերի 2-ին։ Կապիտուլյացիայից արդյունքում Ճապոնիան ամբողջովին զինաթափվեց, կայսրությունը լուծարվեց։
Այսպիսով, պատերազմական գործողություններում ուժի կիրառման արդյունքում տարածքների զիջումը, դիմադրության ընդհատումը և հաղթող կողմի պայմանների պարտադրումը, ինչպիսիք կարող են լինել հակառակորդի զինաթափումը, տարածքների հանձնումը կոչվել են և շարունակում են կոչվել կապիտուլյացիա։
Ինչպե՞ս տերմինը ներխուժեց հայկական տեղեկատվական դաշտ
2020 թ. հոկտեմբերի 26-ին՝ կապիտուլյացիան ստորագրելուց 2 շաբաթ առաջ, ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի[1] միջոցով դիմեց հանրությանը։ Լայվը վերնագրված էր հետևյալ կերպ. «Հերթական ձախողված հրադադարի մասին: Թասիբը պետք է եռա Հայաստանում եւ Արցախում:» Այս ժամանակ հայկական տեղեկատվական դաշտը իշխանական ստերի ու կեղծիքների, արծրունյան «հաղթում ենք» հեշթեգների վաակումում էր, և ոչ թե կապիտուլյացիայի: Անգամ փոխզիջումային տարբերակների մասին խոսակցություններ դաշտում չկային։ Եվ ահա, այս լայվի ընթացքում տարբեր կոնտեքստներում ՀՀ դե-ֆակտո վարչապետը մի քանի անգամ շեշտեց կապիտուլյացիա տերմինը` անուղղակի ակնարկելով, որ եթե հայ ժողովուրդը չի ուզում գնալ կապիտուլյացիայի, ապա պետք է, «թասիբը եռա» և կամավորների հերթերը վերջ չունենան։ Հետագայում պետք է պարզվեր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հոկտեմբերի 19-20-ին հրադադարի առաջարկ է արել[2], որին համաձայնել էր Ալիևը և որից հրաժարվել էր Փաշինյանը: Վերջինիս դեռ պատերազմի 4-րդ օրը այդ ժամանակ դեռևս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պնդմամաբ զեկուցվել է[3], որ ռեսուրսները չեն հերիքելու և պատերազմը պետք է կանգնեցնել։ Այս պայմաններում կամավորագրվելու և «թասիբի եռալու» մասին խոսող վարչապետի նշված լայվը կարելի է համարել կապիտուլյացիա տերմինի մուտք հայկական տեղեկատվական տիրույթ, որը միտված էր հանրության արձագանքը ստուգելուն՝ երկու շաբաթ անց ստորագրվելիք կապիտուլյացիային տեղեկատվական-քարոզչական դաշտում պատրաստվելու համար։
Այսպիսով, կապիտուլյացիա երևույթից բացի համանուն տերմինը հայկական դաշտ է մտցրել հենց ինքը՝ Փաշինյանը` բացելով, այսպես կոչված, Օվերտոնի պատուհանը։
Կապիտուլյացիան ինչպես որ է. նոյեմբերի 9
Ըստ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված հայտարարության[4], հայկական կողմը հստակ նշված ժամկետներում հանձնում էր Ակնան ու Քարվաճառը, ապա նաև Բերձորով անցնող ճանապարհը, հայկական զորքերը դուրս են գալիս Արցախից հստակ ժամկետներում՝ ռուսական խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ։ Կողմերը համաձայնվում են ապագայում ապահովվել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը։
Ըստ էության, նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրությամբ հանձնվում է ավելի շատ տարածք, քան Ադրբեջանին հաջողվել էր գրավել պատերազմի ընթացքում։ Ահա կապիտուլյացիա ենթադրող առաջին արարը՝ տարածքների հանձնումը։ Հայկական զորքերը դուրս են բերվում Արցախից։ Զինաթափում. կապիտուլյացիա՝ արար երկու: Բերձորի ճանապարհը, և զուգահեռաբար Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը հանձնվում են 3 տարին էլ չանցած` 2022 թ. օգոստոսի 25-ին։ Հակառակորդի պայմանների հարկադրված կատարում ուժի սպառնալիքով. կապիտուլյացիա՝ արար երեք:
Հայկական կողմին՝ սեփական ժողովրդի առաջ դեմքը փրկելու համար արտոնված միակ կետը՝ գերիների վերադարձն[5] ի տարբերություն մնացյալ բոլոր կետերի հստակ ժամկետներ չուներ և մինչ օրս լուծված չէ, չնայած որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քարոզչամեքենան այն լիովին դուրս է մղել հանրային դիսկուրսից:
Դե իսկ ՌԴ խաղաղապահների ներկայությունն ու Արցախի մնացյալ տարածքում բնակչության անվտանգության ապահովումն արդեն ռուսական կողմի «բաժինն» է, և կրկին ունի հստակ ժամկետներ՝ 5 տարի, որից երկուսն արդեն անցել է։ Դե-ֆակտո իշխանությունները հաճախ են ձևականորեն շահարկում ՌԴ խաղաղապահների ներկայությունը երակարաձգելու վերաբերյալ թեզեր, սակայն նենգաբար լռում են այն մասին, որ Արցախն Ադրբեջանին ամբողջապես հանձնելուց հետո ադրբեջանական կողմի լիազորության տակ է անցնում այդ հարցը, և վերջինս ունի ամեն հնարավորություն և ցանկություն` ազատվելու այդ ներկայությունից:
Ինչու՞ են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ջղաձգվում կապիտուլյացիա բառից
2021 թ. ապրիլին Սյունիք կատարած այցելության ժամանակ իր հասցեին հնչող որևէ հայհոյանքից Նիկոլ Փաշինյանը այդքան հունից դուրս չեկավ, որքան «կապիտուլյանտ» պիտակից, որը հնչեցրած քաղաքացիներին արձագանքեց. «արա՛, կապիտուլյանտը դու՛ք եք»[6]։ Ավելի վաղ Փաշինյանին այդպես էր «կնքել» ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ ՀՀ դե-ֆակտո ԱԺ-ում կապիտուլյանտ բառը տաբուի կարգավիճակ ունի. Այն հնչեցնելու համար մի քանի անգամ անջատել են պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը, իսկ Փաշինյանի ներկայությամբ հնչեցնելու համար՝ բռնի ուժով հանել դահլիճից[7]։ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել տերմինի հետ և վերջերս ՔՊ համաժողովի ժամանակ կրկին անդրադարձել էր դրան, փորձելով համոզել, որ ստորագրվածը կապիտուլյացիա չէր։
Պատճառը շատ պարզ է. 2021 թ. ընտրությունների ժամանակ հետպատերազմյա շոկից դեռ դուրս չեկած և տեղեկատվական դիվերսիայի զոհ դարձած ժողովրդին հավերժ չի ստացվելու մանիպուլացնել, և դե-ֆակտո վարչապետն ու իր խունտան դա լավ գիտակցում են։ Այդ պատճառով ցանկանում են ամեն կերպ մաքրել պարտված իշխանության՝ կապիտուլյանտի պիտակը իրենց վրայից` հուսալով, որ դրա հետ մեկտեղ կմաքրվի նաև շուրջ 5 հազար զորհերի արյունը։
Սակայն պարզագույն տրամաբանությունն ու բանականությունը ոչ ոք չի չեղարկել։ Տարածքների հանձնումը՝ ընդ որում նաև այն տարածքների, որոնք պայմանագրով նշված չէին (Կովսականի շրջանից), որոնք անգամ հիշատակված չեն եղել բանակցային տասնյակ տարիների ընթացքում, Արցախի զինաթափումը, հակառակորդի պայմանների կատարումը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա։ Եվ այն ստորագրողը ոչ այլ ոք է, քան կապիտուլյանտ։
Հետգրության փոխարեն կամ ի՞նչ կլինի, եթե շարունակի իշխանավարել ներկայիս խունտան
Վերջերս ՔՊ համաժողովում ելույթի ժամանակ դե-ֆակտո վարչապետը նշել էր.
«Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, ասում են, թե, իբր, ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել, սա պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը երկու, երեք անգամ կապիտուլյացիա ստորագրի։»
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին սահմանազատում իրականացնելու և միջանցք զիջելու պատրաստ Փաշինյանի պատմության գիտելիքների ակնառու պակասը մի կողմ թողնելով, անդրադառնանք երկրորդ կապիտուլյացիայի պատմական նոնսենս լինելու մտքին։ Եթե Արցախյան երրորդ պատերազմում կապիտույլացիան կարելի է անվանել ժամանակավոր կամ մասնակի, քանի որ Հայաստանն ու Արցախը ունեին և դեռ ունեն ռեսուրսներ ոտքի կանգնելու և հայկական շահը պաշտպանելու, ապա Արցախի՝ ամբողջապես Ադրբեջանի կազմում ճանաչելու և ՀՀ սուվերեն տարածքների զիջումն ամրագրելու մասին փաստաթուղթը ստորագրելն ու Հայաստանի պաշտպանական ողջ իմունիտետը ոչնչացնելը լինելու է վերջնական (definitive) կապիտուլյացիա։ Իսկ ՔՊ-ական կոնտինգենտը կարող է սկսել մտածել այն մասին, թե ինչու է Փաշինյանը «մենք»-ով խոսում փաստաթղթի մասին, որի տակ միայն իր ստորագրությունն է։
Այս անգամ, սակայն, կապիտուլյացիայից անդին կստանանք ինքնիշխանության տոտալ կորուստ, քանի որ ի զարմանս դե-ֆակտո վարչապետի, կապիտուլյացիա չի նշանակում պետության տոտալ վերացում, ինչքան էլ որ ինքն ու իր խմբակը ջանք ու եռանդ չեն խնայում դա ապահովելու համար։ Ի հեճուկս իրենց, սակայն, Հայաստանն ու Արցախն ունեն ռեսուրս երկրորդ կապիտուլյացիան, այն է` ՀՀ վերջնական անկումը կանխելու, ինչի առաջին քայլը հայկական երկու պետություններին պատուհասած պատմական և բանական նոնսենսի հեռացումն է՝ ի դեմս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և ազգային իշխանության ձևավորումը:
Քնարիկ Ջալաթյան
[1] Հերթական ձախողված հրադադարի մասին: Թասիբը պետք է եռա Հայաստանում եւ Արցախում: 26.10.2020թ. https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3257503301013980 հղվել է 09.11.2022
[2]Путин объяснил, почему ОДКБ не вмешивалась в карабахский конфликт 09.11.2022https://ria.ru/20201117/karabakh-1585078430.html հղվել է 09.11.2022
[3]Օնիկ Գասպարյան. «Պետք է ընտրեինք շատ վատի եւ ողբերգության միջեւ» 09.11.2022https://mediamax.am/am/news/armypolice/40924/ հղվել է 09.11.2022
[4]Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌուսաստանիԴաշնության նախագահի հայտարարությունը 09.11.2022 թ. https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/ հղվել է 09.11.2022 թ.
[5] 44-օրյա պատերազմից 444-օրյա գերություն. հայ ռազմագերիները Ադրբեջանում, https://hayaliq.com/powsresearch/ հղվել է 09.11.2022 թ.
[6] «Արա, դուք եք կապիտուլյանտը». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն 21.04.2021 https://www.youtube.com/watch?v=98KvjbKoMRA հղվել է 09.11.2022
[7] ԱԺ-ում թեժ է. անվտանգության աշխատակիցները դուրս են հանում Աննա Մկրտչյանին 24.08.2021 https://www.youtube.com/watch?v=-bZ3bN-04Tc հղվել է 09.11.2022