Վերջերս դե-ֆակտո քաղաքային իշխանությունների կողմից ձեռք բերված ավտոբուսների նոր խմբաքանակը կարծես վրիպել է բոլորիս ուշադրությունից:
Այս խնդրին առաջին անգամ ադրադարձ է կատարվել «Ереванский урбанист» տելեգրամյան ալիքում:
Իսկ ինչու՞մն է առհասարակ խնդիրը. թվում է, թե նոր տրանսպորտային միջոցների ներկրումը միայն նպաստում է երթևեկության խնդիրների լուծմանը: Սակայն խորքային խնդիրները մնում են աննկատ:
Նախ, մեծ հաշվով տրանսպորտի խնդիրը Երևանում այս քայլով չի լուծվում: Այո, տրանսպորտի արդիականացումը անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է կատարել այդ ամենը տրամաբանորեն: Փոխարենը տրանսպորտային խորքային բարեփոխումներ կատարելու, մեծ ավտոբուսներ գնելու, դե-ֆակտո քաղաքային իշախանությունները պարզապես հավելյալ 376 տրանսպորտային միջոց են բերել` չազատվելով հին գազելներից և փոքր «Հյունդայ»-ներից:
Կարելի՞ էր արդյոք նույն գումարով առավել առաջնահերթ անհրաժեշտության գնումներ կատարել. կարծում ենք` այո: Օրինակ կարելի էր ձեռք բերել գրեթե նույն արժողության զրահապատ մեքենաներ, որոնք այսօր առաջնահերթություն են մեր բանակի և սահմանապահ զորքերի համար: Չէ՞ որ զրահապատ մեքենաների ձեռքբերմամբ կարելի էր կանխել բազմաթիվ մահեր: Այսօր մեր զինվորների տրանսպորտային միջոցները պաշտպանված չեն նույնիսկ տարրական մակարդակի զրահով: Եթե «ZhongTong» մակնիշի մեկ ավտոբուսի արժողությունը 139-140 հազ. դոլարի սահմաններում է տատանվում, ապա 2 նման ավտոբուսի գինը կազմում է մեկ «Iveco» մակնիշի զրահապատ մեքենայի արժողությունը (274-280 հազ. դոլար):
Պարզապես կա առաջնահերթությունների հստակ ձևակերպման խնդիր: Դե-ֆակտո իշխանությունների համար առավել առաջնահերթ է ստեղծել քաղաքային հարմար երթևեկության պատրանք, երբ նույն մարզերում, օրինակ, այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ երբ հերթը հասնում է բանակի և զինանոցի արդիականացմանը, կա՛մ միջոցները բավարար չեն լինում, կա՛մ միջոց կա, զենք ու զինամթերք վաճառող չկա: