ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պետ Վիլյամ Բըրնսն Ասպենի անվտանգության ֆորումում անդրադարձել է ԱՄՆ-ի քաղաքականության մի շարք հարցերի՝ Ուկրաինայից մինչև Չինաստան և Մերձավոր Արևելք: «Հայկական ալիքն» առանձնացրել է Վ․ Բըրնսի հարցազրույցից մի քանի ուշագրավ հատվածներ, որի առաջին մասը կարող եք կարդալ այս հղումով:
Նոր ազդեցության գոտիներում իր կայուն տեղը կունենա անշուշտ նաև Չինաստանը, որը թեև շատերի կողմից աչքաթող եղած փաստին՝ ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգերում սահմանվում է որպես ԱՄՆ գլխավոր հակառակորդ: ԱՄՆ-Չինաստանի միջև համաշխարհային հեգեմոնիկ ձգտումներից զատ՝ կան մի շարք հակասություններ Թայվանի հարցում, Չինաստանի հարավում (ույղուրներ) և այլ խնդիրներ: ԱՄՆ մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն իր` «Բլումբերգ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ «չպետք է թույլ տալ, որ Չինաստանը դառնա հեգեմոն, սակայն դրան հնարավոր չէ հասնել անվերջանալի առճակատման միջոցով: Սա եղել է ներկա և նախկին վարչակարգերի սխալը»: Այս սխալը կարծես փորձ է արվում մեղմելու: Այսպես՝ ԿՀՎ պետ Վ. Բըրնսը, խոսելով Չինաստանի՝ ուկրաինական հակամարտությունից «քաղած դասերի» մասին, ողջունել է Ջ. Բայդենի միտքը խոսելու Չինաստանի իր գործընկերոջ հետ: Ըստ նրա՝ տնտեսական առումով Չինաստանը ավելացրել է էներգիայի գնումները ՌԴ-ից, մինչդեռ ռազմական առումով նրանք շատ զգուշավոր են, ինչին ԱՄՆ-ն, իհարկե, աջակցում է: «Չինաստանն ընդհանրապես վճռական չի գործել պատերազմի սկզբնական փուլում՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ոչ էլ ռազմական առումով, ինչը, իհարկե, հասկանալի է: Սա առնվազն նշանակում էր, որ ԱՄՆ-ԵՄ-ն միավորվել են ՌԴ-ի դեմ»: Բայց ըստ Վ. Բըրնսի՝ լավ է, որ երկխոսություն կլինի, քանի որ դա թույլ կտա խուսափել ավելի վատ էսկալացիայից:
ԿՀՎ պետն ասել է, որ չի թերագնահատի Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի վճռականությունը՝ վերահսկողություն հաստատելու Թայվանի վրա։ Վ. Բըրնսը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի փորձը հավանաբար չի ազդի Թայվանի հետ կապված Չինաստանի հավակնությունների վրա, բայց կարող է փոխել դրա ընկալումն այս հարցում: «Կարծում եմ, որ Չինաստանի ղեկավարությունը փորձում է ուսումնասիրել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դասերը: Եթե կա մեկ դաս, որ նրանք կարող են քաղել Ուկրաինայում Պուտինի փորձից, դա այն է, որ հնարավոր չէ արագ, վճռական կերպով հասնել հաղթանակների՝ առանց բավարար հզոր ուժի… Դրա համար պետք է ճնշող, գերհզոր ուժ հավաքել, … վերահսկել տեղեկատվական տարածքը: Դուք պետք է անեք ամեն ինչ, որպեսզի ձեր տնտեսությունը պաշտպանեք պատժամիջոցների ճնշումից, թեև Չինաստանի տնտեսությունը շատ ավելի ուժեղ է և ավելի փոխկապակցված աշխարհի տնտեսությունների հետ, քան եղել է Ռուսաստանի տնտեսությունը երբևէ: Եվ դուք պետք է անեք ամեն ինչ, որ սեպ խրեք Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միջև»:
Հիշեցնենք, որ ԿՀՎ ղեկավար Վիլյամ Բըրնսը հուլիսի 15-ին ՀՀ-ում: Թեև նրա այցը և քննարկված օրակարգը պահվեց գաղտնի՝ միջազգայնագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում վստահություն էր հայտնել, որ այցի օրակարգն ամերիկյան է, հայկական կողմն օրակարգ չունի: «Իսկ մեր տարածաշրջանում Գործակալության հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: … Համարվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում խանգարում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորմանը (ի դեպ, դրանով էլ կարելի է բացատրել, որ այցի մասին տեղեկությունները հանրայնացվեցին ռուսական ԶԼՄ-ով)»,- նշել էր Սարգսյանը։