ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պետ Վիլյամ Բըրնսն Ասպենի անվտանգության ֆորումում անդրադարձել է ԱՄՆ-ի քաղաքականության մի շարք հարցերի՝ Ուկրաինայից մինչև Չինաստան և Մերձավոր Արևելք: «Հայկական ալիքն» առանձնացրել է Վ․ Բըրնսի հարցազրույցից մի քանի ուշագրավ հատվածներ:
Հարցազրույցն սկսվում է այս շաբաթ Թեհրանում կայացած ամենաուշագրավ եռակողմ (Պուտին-Խամենեի-Էրդողան) հանդիպմանն անդրադարձից (հանդիպման մասին կարող եք կարդալ այս հղումով): Իրանի առաջնորդը, ինչպես գիտենք, ողջունել էր «ՌԴ-ի գործողությունները Ուկրաինայում»՝ ասելով, որ եթե Վ․ Պուտինը չաներ դա, ապա հակառակ կողմը՝ ՆԱՏՕ-ն, կսկսեր պատերազմ: Վ. Բըրնսը, որ ռուսների և իրանցիների հետ բանակցային երկարատև փորձ ունի, կարծում է, որ հրապարակված պատկերից զատ՝ Իրանն ու ՌԴ-ն այս պահին երկուսն էլ, լինելով ծանր պատժամիջոցների տակ և փորձելով դուրս գալ միջազգային մեկուսացումից, «ունեն միմյանց կարիքը», բայց չեն վստահում միմյանց, քանի որ էներգետիկ ոլորտում և պատմականորեն մրցակիցներ են: Իհարկե, ՌԴ-ն փորձում է համագործակցել Իրանի հետ՝ ԱԹՍ-ներ և դրոններ ձեռք բերելու համար, ինչն, ըստ Վ․ Բըրնսի, մատնացույց է անում Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական դժվարությունները, երկու կողմն էլ փորձում են օգնել միմյանց՝ խուսափել պատժամիջոցներից և ցույց տալ, որ իրենք ունեն այլընտրանքներ: Այնուամենայնիվ, այս երկու երկրների միջև համագործակցության անհնագստացնող հանգամանքը, որի վրա ԱՄՆ ԿՀՎ-ում շատ մեծ ուշադրություն են դարձնում, այն սահմաններն են, մինչև ուր նրանք կօգնեն միմյանց այս պահին:
Ինչ վերաբերում է Իրանին, Վ․ Բըրնսն ասել է, որ ԱՄՆ-ը չի հավատում, թե Իրանը վերսկսել է միջուկային զենք ստեղծելու քայլերը, սակայն ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակը դարձել է շատ կարճ, ինչը բավականին անհանգստացնող միտում է: Հարցին՝ արդյոք Իրանի միջուկային ծրագիրը իրապես վտանգավոր է ԱՄՆ-ի կամ տարածաշրջանում նրա դաշնակիցների համար, Բըրնսը պատասխանել է, որ անշուշտ, Իրանն ունի Մերձավոր Արևելքում ամենամեծ հրթիռային արսենալը և ԱԹՍ-ների հզոր համակարգը: Վ․ Բըրնսը հավելել է, որ «Իրանի կողմից եկող վտանգը» ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում համագործակցությունները վերականգնելու միայն մեկ պատճառն է: Ինչ վերաբերում է այդ համագործակցություններին, Վ․ Բըրնսը ասել է, որ Բայդենի վերջին այցը Սաուդյան Արաբիա միտված էր վերականգնել հարաբերությունները Պարսից ծոցի երկրների և Իսրայելի հետ:
Վերադառնալով Մերձավոր Արևելքում վերականգնվող հարաբերություններին՝ Վ․ Բըրնսը նշել է, որ հարաբերությունները Եգիպտոսի, Հորդանանի հետ բավականին լավ են, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքի ունեցած դերն էներգետիկ անվտանգության հարցում: «Մենք չենք պատրաստվում թողնել ուժային վակուում, որը ՌԴ-ն կամ Չինաստանը կլցնեն»,- մերձավորարևելյան քաղաքականության մասին ասել է Վ․ Բըրնսը: Ակնհայտորեն այս պնդումները հիմք են տալիս ասելու, որ ԱՄՆ-ն աշխարհաքաղաքականության մեջ խաղում են բացառապես սեփական շահերից ելնելով, քանի որ ԱՄՆ-ի ցանկացած հանձնառություն՝ կազմելու դաշինքներ, դիտվում է դրական, մինչդեռ նույնը հակառակ բլոկում՝ վտանգ ազգային անվտանգությանը, իսկ ԱՄՆ-ի ներգրավվածությունը այս կամ այն տարածաշրջանում արդարացվում է՝ որպես հակակշռող ուժ:
Լրագրողի հարցին՝ որքան անհանգստացնող է Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ անդամ, մասնակցությունը Թեհրանում կայացած հանդիպմանը, Վ․ Բըրնսը նշել է, որ «Թուրքիան և նախագահ Էրդողանը, որ միշտ ճկուն է և ունի ակնհայտորեն հակասական հարաբերություններում մանևրելու մեծ փորձ, Թեհրանում գլխավոր շեշտը դրել էին Սիրիայի և այնտեղ հետագա զարգացումների վրա»: Հաջորդ հարցը, որի վերաբերյալ թուրքերը և ռուսները խոսել են, և որն աջակցություն է գտնում ԱՄՆ-ում, Թուրքիայի միջնորդական ջանքերն են՝ Եվրոպային մատակարարումները (օրինակ՝ հացահատիկի) վերականգնելու կամ ապահովելու հարցում, ինչը ՌԴ-ի կողմից մատակարարումների դադարեցման արդյունքում ծայրահեղ կարևոր է՝ հաշվի առնելով աճող սննդային անվտանգության խնդիրը: «Մենք պիտի անպայմանորեն աջակցենք Թուրքիային այս հարցում, քանի որ մատակարարումների բանալին ՌԴ-ի ձեռքում է, և այն կարող է ցանկացած պահի վերականգնել դրանք, եթե ցանկանա, ուստի Թուրքիայի և ՄԱԿ-ի ջանքերն այս հարցում անգնահատելի են», ասել է Վ. Բըրնսը:
«Ձմեռը մոտենում է, և ՌԴ-ն կարող է խեղդել ուկրաինական տնտեսությունը, կարող է ճնշել ուկրաինական հասարակությանը և պաշտոնյաներին, կարող է ճնշել նաև ամերիկացիներին, քանի որ իր պատկերացումներում ամերիկացիները տառապում են «ուշադրության պակասի» հիվանդությամբ և շուտով կշեղվեն մեկ այլ թեմայով։ Իմ սեփական կարծիքն այն է, որ Պուտինը սխալվում էր պատերազմի սկսվելուց առաջ ուկրաինական կամքը կոտրելու հարցում, և ես կարծում եմ, որ նա նույնքան սխալ է հիմա, քանի որ ուկրաինացիները շարունակում են պատերազմել, իհարկե, այնքան ժամանակ, քանի դեռ մենք օգնում ենք նրանց զինամթերքով, որը նրանք օգտագործում են արդյունավետորեն»,- անկեղծացել է ԱՄՆ գլխավոր հետախույզը։
Վ․ Բըրնսը նշել է, որ իր հետախուզական եզրակացությունն էր, որ Պուտինի վախը ոչ թե Ուկրաինայի ֆորմալ անդամակցությունն էր ՆԱՏՕ-ին, այլ Ուկրաինայի բացահայտ շարժումը դեպի արևմուտք՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային առումով, անդամակցությունը ԵՄ-ին, այլ կերպ ասած՝ նա տեսնում էր դանդաղ փակվող պատուհան: Խոսելով ՌԴ-ի ներկայիս ստրատեգիական նպատակների մասին՝ Վ․ Բըրնսն ասել է, որ «Պուտինը հավատացած է, որ իր առաքելությունը՝ որպես ՌԴ ղեկավար, Ռուսաստանի հզորությունը վերականգնելն է, որի բանալին իր հարևանությամբ ազդեցության գոտիների վերականգնումն է, և կարծում է, որ դա անհնար է անել առանց Ուկրաինայի և դրա որոշումների կառավարման»:
Մեր կողմից արձանագրենք, որ ականատես ենք նոր սառը պատերազմի, երբ բոլորը ելնում են իրենց պետական շահերից, հետսառըպատերազմյան աշխարհակարգը տապալվում է՝ տեղ բացելով ազդեցության գոտիների վերաբաշխման համար, իսկ հակամարտությունները վերածվում են զրոյական հաշվով խաղի՝ մեծացնելով անվտանգային երկընտրանքը:
Շարունակելի…