Վաղը՝ հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հերթական հանդիպումից առաջ վերհիշենք, թե ինչպես տխրահռչակ բրյուսելյան բանակցությունների արդյունքում Արցախն աստիճանաբար կորցրեց իր սուբյեկտայնությունն ու առհասարակ դուրս մղվեց բանակցային օրակարգից, այլ կերպ ասած` ինչպես աստիճանաբար «իջեցվեց մեր նշաձողը»:
Այսպես, 2022 թ.-ի մայիսի 22-ին կայացած Բրյուսելյան ձևաչափով երրորդ եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ ամրագրվեց նոր հակահայկական ձևակերպում՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն»-ը, որ փոխարինելու եկավ նախկին` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպմանը։ Այս դարձույթը նախ և առաջ վկայում է, որ կիրառությունից դուրս են եկել «Լեռնային Ղարաբաղ/ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» տերմինները, որ ունեն քաղաքական-պետականաստեղծ նշանակություն։ Ինչ վերաբերվում է ժողովրդին, ապա միջազգային իրավունքի և համաշխարհային պատմության մեջ հանդիպող պրակտիկայի տեսանկյունից հենց վերջինս է ինքնորոշման իրավունքի սուբյեկտը՝ ի տարբերություն էթնիկ փոքրամասնական խմբերի։
Օգոստոսի 31-ին կայացած հանդիպման արդյունքում Եվրոպայի խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ առհասարակ որևէ հիշատակում չկար Արցախի մասին։
Իսկ արդեն 2023թ․ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, ընդ որում՝ ավելի հստակ՝ Հայաստանի 29․800 և Ադրբեջանի 86․600 քառ․կմ-ով՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
Մեծ թերահավատություն կա առ այն, որ վաղվա հանդիպումը բեկում կմտցնի այս հարցում, այն էլ` մեր օգտին: Ամենայն հավանականությամբ, «փոխադարձ տարածքային ճանաչման» թեզը կվերահաստատվի, իսկ զուգահեռաբար նաև կբարձրացվի արդեն Սյունիքով միջանցքի տրամադրման և նախկին անկլավների հանձնման թեման: