
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք
Այս օրերին հայկական օրակարգի առանցքային հարցերից է արցախյան հիմնախնդիրը։ Կարևոր է նշել, որ անկախ հայկական պետականության 30 տարիների ընթացքում այն երբևէ չի դադարել օրակարգային լինելուց, սակայն այժմ փոխվել է բանակցային կոնտեքստը։ Նախկինում բանակցվում էր հաղթածի դիրքերից՝ հստակ սահմանելով կարմիր գիծը, այն է` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի անսակարկելիությունը։ Ներկայիս բանակցային կոնտեքստը բաղկանում է պարտված հայկական կողմի անսկզբունք մոտեցումներով, «իջեցվող նշաձողերով» և իշխող պատգամավորների փաստացի արցախատյաց և հակահայկական հայտարարություններով։
Այս ներքին տեղաշարժի արտաքին արտացոլանքն էր միջազգային դիվանագիտության նոր հակահայկական եզրը՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը», որ փոխարինելու եկավ նախկին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»։ Այս նոր հակահայկական ձևակերպումն ամրագրվեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ[1], որ հաջորդել էր մայիսի 22-ին Ադրբեջանի նախագահի և ՀՀ դե-ֆակտո ղեկավարի հետ հանդիպմանը։ Այս դարձույթը նախ և առաջ վկայում է, որ կիրառությունից դուրս են եկել «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» տերմինները, որ ունեն քաղաքական-պետականաստեղծ նշանակություն։ Հենց այդ պատճառով էլ դրանց դեմ մշտապես պայքարել և պայքարում է Ադրբեջանը` պնդելով, որ իր տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» միավոր։ Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա միջազգային իրավունքի և համաշխարհային պատմության մեջ հանդիպող պրակտիկայի տեսանկյունից հենց վերջինս է ինքնորոշման իրավունքի սուբյեկտը՝ ի տարբերություն էթնիկ փոքրամասնական խմբերի։
Ինչպես նշվեց, հայկական օրակարգի տեսանկյունից բրյուսելյան բանակցություններում առանցքային էր Արցախի հարցը, իսկ ավելի ճիշտ վերջինիս` միջազգային դիվանագիտական օրակարգից դուրսմղումը։ Սրանից զատ հանդիպման ընթացքում կրկին շոշափվել են այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» և սահմանազատման գործընթացի մեկնարկման հարցերը։
Ի՞նչ են դրանք ենթադրում։ Ամենից առաջ Հայաստանի կողմից Ադրբեջանի տիտղոսի ճանաչում այն սահմանների վրա[2], որ պնդում է Ադրբեջանը՝ ներառյալ Արցախը, ՀՀ-ից 2020 թ․ նոյեմբերից իր օկուպացրած այլ տարածքները և նախկին ԱդրԽՍՀ անկլավները։ Սրա արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ կմնան Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող կարևոր ճանապարհային հանգույցները, մասնավորապես՝ Վրաստանի ու Իրանի հետ կապող ճանապարհները։ Այն, որ բանակցությունների տրամաբանությունը հենց սրան է տանում, ապացուցում են մի շարք փաստեր։
ՓԱՍՏ 1
Ապրիլի 7-ին ՀՀ դե-ֆակտո կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ կան ՀՀ-ի տիրապետության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ[3]:
ՓԱՍՏ 2
Ապրիլի 13-ին ՀՀ դե-ֆակտո ղեկավարը հայտարարեց, որ միջազգային հանրությունն իրենց հորդորում է «իջեցնել Լեռնային Ղարաբաղի հարցում նշաձողը», որը չի կարող նշանակել այլ բան, քան հրաժարվել պահանջել Արցախը՝ Ադրբեջանի կազմից դուրս դնել։
ՓԱՍՏ 3
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիայի մասին դե-ֆակտո իշխանությունները խոսում են միայն ներքին լսարանում, այդ թեման երբեք չի արտացոլվում հայ-ադրբեջանական երկկողմ և/կամ միջազգային բանակցություններում, ինչը հիմք է տալիս պնդելու, որ ներքին լսարանում դրանք հնչեցվում են «պահանջատեր իշխանությունների» տպավորությամբ վարկանիշ պահելու համար։
ՓԱՍՏ 4
Վերոգրյալին հավելելու է գալիս մայիսի 27-ին Ի․ Ալիևի կողմից արված և դե-ֆակտո հայկական կողմից թիրախային և հիմնավոր հերքման չարժանացած հայտարարությունը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ամրագրումը շատ կարևոր է, որովհետև … Հայաստանն այդ սահմանները ևս օկուպացրել է», և որ այժմ իրենք են որոշում այդ սահմանները[4]:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք վստահորեն պնդել, որ բանակցությունները վարվում են բացառապես հակահայկական և Ադրբեջանի առաջ քաշած պայմաններով, իսկ դրանց վերջնարդյունքում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից հաճախ խոստացվող «ապաշրջափակումն» իրականում վերածվելու է ՀՀ լիակատար շրջափակման թուրք-ադրբեջանական երկյակի կողմից։
Բրյուսելյան բանակցություններում շոշափվել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Մասնավորպես՝ սրա մասին է խոսել Ադրբեջանի նախագահը` Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ մայիսի 23-ին ունեցած հեռախոսազրույցում՝ պնդելով, որ «… կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի, այդ թվում՝ երկաթուղու և ավտոճանապարհի կառուցմանը վերաբերող հարցերի շուրջ»[5]։ Հայկական իրականության մեջ, ինչպես միշտ, իրերն ու երևույթներն ավելի մեղմ են մատուցվում։ Այսպիսով, իշխանական բառամթերք ներմուծվեց «հայկական խաչմերուկ» բառակապակցությունը, որը, ենթադրաբար, պետք է ավելի դրական ասոցիացիաներ առաջացնի հայ հանրության շրջանակներում` ի տարբերություն այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցք» արտահայտության։ Այս ամենը մի նպատակ է հետապնդում՝ ոչ մի դեպքում հասարակության մեջ չհարուցել կտրուկ հակաիշխանական շարժ և սեփական վարկանիշի շեշտակի գահավիժում։ Իսկ դա անխուսափելի է, եթե հայ հասարակությունը կանոնավոր կերպով ստանա ամբողջական և օբյեկտիվ ինֆորմացիա Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։
Այս մասին են վկայում նաև մայիսի 26-ից 28-ը Gallup International-ի հայաստանյան գրասենյակի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Հարցումն առաջարկում է ուշադրության արժանի երկու կարևոր կետեր։ Նախ՝ առկա տվյալներով պարզվում է, որ քաղաքացիների 45.7%-ը նույնիսկ տեղյակ չէ բրյուսելյան հանդիպման մասին, այսինքն՝ կարող ենք վստահաբար փաստել, որ հայ հանրության մի գերակշիռ զանգված բախվում է «տեղեկատվական բլոկադայի»։ Դե-ֆակտո իշխանությունների կողմից տեղեկատվական դաշտը տարատեսակ «ինֆոծուղակներով» ողողելու պարագայում մեր շատ հայրենակիցների մոտ անուշադրության են մատնվում առաջնայինն ու էականը։
Եվ այդուհանդերձ, հարցին, թե արդյոք ընդունելի է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում, հարցվածների 89.3%-ը բացասական պատասխան է տվել։ Ասել է թե՝ երկրում կա գերակշիռ մեծամասնություն (≥1 մլն 200 հազ․ մարդ), որ դեմ է Արցախի հանձնմանը, և կա մեկ այլ հատված, որ պարզապես չի տիրապետում բավարար չափով իրապատում տեղեկատվության` հասկանալու համար, որ այժմ բանակցությունները հենց դրա մասին են։
Այսպիսով՝ գալիս ենք կարևոր եզրակացության առ այն, որ հայ հասարակությունը դեմ է Արցախի հանձնմանը, հետևաբար՝ դե-ֆակտո իշխանությունը չունի մանդատ Արցախը հանձնելու, չունի մանդատ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկման առարկա դարձնելու։
Սյուզան Նաջարյան, միջազգայնագետ
[1] Press statement by President Michel of the European Council following a trilateral meeting with President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia, European Council, 23.05.2022, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2022/05/23/press-statement-by-president-michel-of-the-european-council-following-a-trilateral-meeting-with-president-aliyev-of-azerbaijan-and-prime-minister-pashinyan-of-armenia/ (հղվել է 02.06.2022 թ․).
[2] Տարածքային ամբողջականության, դրա ճանաչման և առնչակից հարցերի մասին տե՛ս «Հայկական նախագիծ» ՀԿ-ի և «Անիվ» վերլուծական կենտրոնի հարցազրույցը միջազգային իրավունքի մասնագետ, ի․գ․թ․ Լևոն Գևորգյանի հետ՝ «Ամեն ինչ տարածքային ամբողջականության մասին», Armenian Project, 06.05.2022, https://www.youtube.com/watch?v=f9z6kG6Bqfc (հղվել է 03.06.2022 թ․)։
[3] Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի հերթական նիստը, The official Youtube channel of the Government of Armenia, https://www.youtube.com/watch?v=g8cqyWlybVY&t=389s (հղվել է 03.06.2022 թ․)։
[4] Ilham Aliyev and First Lady Mehriban Aliyeva attended opening ceremony of first stage of “Smart Village” project in Zangilan district, 27.05.2022, https://president.az/en/articles/view/56208 (հղվել է 03.06.2022 թ․).
[5] İlham Əliyev Türkiyə Respublikasının Prezidenti Rəcəb Tayyib Ərdoğana zəng edib, 23.05.2022, https://president.az/az/articles/view/56130 (հղվել է 03.06.2022 թ․).