Նորություններ

ԲՐԻԿՍ-ը ընդլայնվում է

14 / 07 / 2022

Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան  Արաբիան ցանկություն են հայտնել միանալու ԲՐԻԿՍ-ին։ Այս մասին ռուսական «Իզվեստիյա» լրատվականին հայտնել է ԲՐԻԿՍ Միջազգային ֆորումի նախագահ Պուրնիմա Անանդը։ Նա նշել է, որ որոշ պետությունների անդամակցությունը վերաբերյալ որոշում կարող է ընդունվել արդեն միության հաջորդ գագաթնաժողովում, որը կայանալու է 2023թ․-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Ըստ Անանդի՝ ԲՐԻԿՍ-ին նոր երկրների անդամակցության հարցը Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը քննարկել են կազմակերպության ղեկավարների 14-րդ գագաթնաժողովի ընթացքում, որը կայացել է հունիսի 23-24-ը Պեկինում։ Նա հայտարարել է․ «Բոլոր այդ երկրները հետաքրքրվածություն են ցուցաբերել անդամակցության հարցում և պատրաստ են անդամակցության հայտ ներկայացնել։ Ես կարծում եմ, որ դա լավ քայլ է, քանի որ ընդարձակումը միշտ դրական է ընդունվում, դա ակնհայտորեն կուժեղացնի ԲՐԻԿՍ-ի ազդեցությունը ամբողջ աշխարհում»։

Անանդը նաև հավելել է, որ հնարավոր է՝ կազմակերպությունը կկարողանա ստեղծել նոր աշխարհակարգ, ավելացնել ռեսուրսների փոխանակությունը, մշակել օդային, առևտրական և ֆինանսական երթուղիներ նոր համաշխարհային իրողությունների համար։

ԲՐԻԿՍ անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, իսկ 2010 թ․-ից՝ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է 2009 թ․-ին անդամ երկրների միջև բազմակողմանի համագործակցություն զարգացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ ԲՐԻԿՍ անդամ երկրների առցանց հանդիպման ժամանակ, Չինաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Չինաստանը առաջարկում է սկսել ԲՐԻԿՍ-ի ընդլայնման գործընթացը։ Դրանից հետո՝ մայիսի 26-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և Արգենտինան հետաքրքրություն են ցուցաբերում ԲՐԻԿՍ-ին անդամակցության հարցում։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ԲՐԻԿՍ-ը իրենց դրսևորել է որպես համագործակցության հաջող հարթակ՝ մարտահրավեր նետելով գոյություն ունեցող արևմտակենտրոն աշխարհակարգին։ Ներկայումս նկատվում են այդ կազմակերպության՝ Հայաստանի բնական կենսամիջավայր հանդիսացող Մերձավոր Արևելքում ընդարձակվելու միտումներ։ Միաժամանակ աճում է մերձավորարևելյան պետությունների դերը և կշիռը աշխարհաքաղաքական գործընթացներում։ Ուստի, Հայաստանին՝ որպես Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մասի, անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները մերձավորարևելյան երկրների հետ՝ տեղի ունեցող համաշխարհային  գործընթացներում իր տեղը զբաղեցնելու համար։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *