
Հունիսի 6-ին ԲՐԻԿՍ անդամ երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ անդամ երկրները պետք է մշակեն համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ինֆլյացիային ու պարենային ճգնաժամին արձագանքելու համատեղ միջոցներ։
Սիլուանովը նշել է, որ ապագլոբալիզացիայի և համաշխարհային ֆինանսաարժութային համակարգի մասնատման աճող գործընթացը համաշխարհային ճգնաժամի ռիսկեր են ստեղծում, ուստի՝ ԲՐԻԿՍ անդամ երկրներին անհրաժեշտ է համաձայնության գալ արձագանքման համատեղ համակարգված միջոցների շուրջ և առաջարկել տնտեսական վիճակի կայունացմանն ուղղված գործողությունների սեփական ծրագիրը։ Նշենք, որ հունիսի 24-ին տեղի է ունենալու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի առցանց տարբերակով։
Ավելի վաղ՝ մայիսի 19-ին՝ ԲՐԻԿՍ անդամ երկրների առցանց հանդիպման ժամանակ, Չինաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Չինաստանը առաջարկում է սկսել ԲՐԻԿՍ-ի ընդլայնման գործընթացը։ Դրանից հետո՝ մայիսի 26-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և Արգենտինան հետաքրքրություն են ցուցաբերում ԲՐԻԿՍ-ին անդամակցության հարցում։
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, իսկ 2010 թ․-ից՝ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է 2009 թ․-ին անդամ երկրների միջև բազմակողմանի համագործակցություն զարգացնելու նպատակով։ Ներկայումս աշխարհում տեղի ունեցող գործընթացների համատեքստում ականատես ենք լինում Երկրորդ համաշխարհային և Սառը պատերազմներից հետո ձևավորված աշխարհակարգի փլուզմանը, երբ աստիճանաբար ձևավորվում է բազմակենտրոն աշխարհակարգ։ 2000-ականների սկզբին բազմակենտրոնության տեսությունը ծրագրային դարձավ մի շարք միջազգային կազմակերպությունների և զարգացող երկրների միությունների համար, որոնց թվում է նաև ԲՐԻԿՍ-ը։ Վերջինիս ընդհանուր օրակարգը կազմում են միաբևեռ աշխարհակարգի մերժումը, հավասարությունը, սեփական ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությունը։ ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ մտնող երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 30%-ը։ 2014 թ․-ին անդամ երկրների համաձայնությամբ ստեղծվել էր ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկը՝ անդամ երկրների և զարգացող երկրների կայուն զարգացման նախագծերը ֆինանսավորելու համար։ 2021 թ․-ի ընթացքում Զարգացման նոր բանկի մեջ ընդգրկվել են 4 երկրներ՝ ԱՄԷ-ն, Ուրուգվայը, Բանգլադեշը և Եգիպտոսը։
Ակնհայտ է, որ ԲՐԻԿՍ-ը նկատելիորեն ընդլայնվում է նաև Մերձավոր Արևելքում, ուստի՝ Հայաստանին անհրաժեշտ է ուշադիր հետևել տեղի ունեցող զարգացումներին՝ համաշխարհային տնտեսական գործընթացներում իր տեղը զբաղեցնելու համար։