Աշխարհում

Ինչպիսի՞ն կլինի ԲՐԻԿՍ-ը ընդլայնումից հետո

29 / 08 / 2023

2023թօգոստոսի 22-24-ը շատերի ուշադրությունը կենտրոնացած էր Յոհաննեսբուրգում (ՀԱՀ) ընթացող ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովի վրա, որի ավարտին կայացվեց կազմակերպության պատմության մեջ ամենախոշոր ընդլայման վերաբերյալ որոշում։ Պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցության հրավեր ստացան 6 նոր երկիր՝ ԱՄԷ-ը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան, որոնք միավորման լիիրավ անդամներ կդառնան 2024թ-ի հունվարի 1-ից։ «Հայկական ալիքը» ներկայացնում է՝ ինչ տեղաշարժեր կլինեն կազմակերպության ներսում և համաշխարհային տնտեսական ասպարեզում տարածաշրջանային այս ազդեցիկ պետությունների միացումով։

Դաշինքը, որը ստեղծվել է 2009թ․-ին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, առաջին անգամ ընդլայնվել է և ընդունել Հարավային Աֆրիկան 2010թ․-ին։ ԲՐԻԿՍ-ի ընդհանուր օրակարգը կազմում են միաբևեռ աշխարհակարգի մերժումը, հավասարությունը, սեփական ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությունը։ Այժմ այն ձգտում է ստեղծել զարգացող երկրների ավելի ուժեղ կոալիցիա, որոնք կկարողանան ավելի լավ ներկայացնել «Գլոբալ Հարավի» շահերը համաշխարհային օրակարգում:

2022թ․-ի մայիսի 19-ին՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Չինաստանն առաջարկեց սկսել ԲՐԻԿՍ-ի ընդլայնման գործընթացը՝ «աշխարհում միավորման ներկայացվածությունն ու ազդեցությունը մեծացնելու համար»։ Հարավային Աֆրիկայում ԲՐԻԿՍ-ի ամենամյա գագաթնաժողովի մեկնարկից առաջ ավելի քան 40 երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու ԲՐԻԿՍ-ին, իսկ 23-ը պաշտոնապես դիմել են անդամակցության համար:

Օգոստոսի 24-ին ելույթ ունենալով «ԲՐԻԿՍ պլյուս» ձևաչափով նիստում (դրան մասնակցել են գագաթնաժողովին հրավիրված պետությունների ավելի քան 50 առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ), Վլադիմիր Պուտինն ընդգծել է. «ԲՐԻԿՍ-ը ոչ մեկի հետ չի մրցում, իրեն ոչ ոքի չի հակադրում: Բայց, այսպես կոչված, «Ոսկե միլիարդի» երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն նախկին՝ միաբևեռ աշխարհը։

Դա, ըստ էության, նույնպես գաղութատիրություն է՝ միայն նոր փաթեթավորման մեջ․․․ Եվ ժամանակակից գաղութարարները, քողարկվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների բարի կարգախոսներով, ձգտում են իրենց խնդիրները լուծել ուրիշի հաշվին՝ շարունակելով անմնացորդ կերպով ռեսուրսներ քամել զարգացող երկրներից», — հավելել է նա։

Սի Ցզինպինը նույն նիստում կոչ է արել ընդհանուր առմամբ բարձրացնել զարգացող երկրների դերը համաշխարհային կառավարման գործում: Պեկինը 10 մլրդ դոլարի չափով հատուկ հիմնադրամ կստեղծի գլոբալ զարգացման կարիքների համար։

Այսօր ԲՐԻԿՍ-ը արդեն նշանակալի դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ՝ ներառելով բարձր արտադրական, ռեսուրսային և մարդկային ներուժ ունեցող երկրներ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին ԲՐԻԿՍ-ի երկրները ՀՆԱ-ով առաջ կանցնեն «Մեծ յոթնյակի» երկրներից (G7): Այսպիսով, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը կապահովեն համաշխարհային ՀՆԱ-ի 32,1%-ը, իսկ «Մեծ յոթնյակը»՝ 29,9%-ը։

ԲՐԻԿՍ-ի դիրքերն էլ ավելի կուժեղանան նոր պետությունների անդամակցությամբ։ Արգենտինայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի նման երկրների՝ միավորման մեջ մտնելը թույլ կտա առաջ քաշել այլընտրանքային ֆինանսական համակարգի ձևավորման հարցը։

Ըստ «ТАСС» լրատվականի՝

  • Ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ անդամ երկրներ ընդհանուր տարածքը կկազմի Երկրի տարածքի 36%-ը (48,5 մլն քառ․ կմ․), ինչը կրկնակի գերազանցում է «Մեծ յոթնյակի» երկրների ընդհանուր տարածքը։
  • Միավորմանը բաժին կընկնի Երկրի բնակչության 45%-ը (3.6 մլրդ)։
  • ԲՐԻԿՍ-ին բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ-ի 37%-ը։
  • Հայտարարված ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները կվերահսկեն նավթի համաշխարհային պաշարների 44,35%-ը։

    Տնտեսության առումով ամենախոշոր երկիրը, որը միանում է ԲՐԻԿՍ-ին, Սաուդյան Արաբիան է: Նրա դոլարային ՀՆԱ-ն 2022թ․-ի արդյունքներով ԱՄՀ-ը գնահատում է 1․1 տրիլիոն դոլար՝ Ռուսաստանի համար համանման ցուցանիշի ուղիղ կեսը։

    Բնակչության թվով դաշինքին անդամակցող երկրների շարքում առաջատարը Եթովպիան է։ Նրա բնակչությունը 2022 թվականի արդյունքներով Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է 123 միլիոն մարդ ։ Բայց Եթովպիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ամենափոքրն է միացող երկրների շարքում՝  հազար դոլարից ընդամենը մի փոքր ավելի՝ 30 անգամ պակաս, քան Սաուդյան Արաբիան, և 52 անգամ պակաս, քան ԱՄԷ-ը։

    Վեց երկրների շարքում արտահանման հսկան ԱՄԷ-ն է: ԱՄԷ-ի ապրանքային արտահանումը 2022 թ․-ին կազմել է գրեթե 600 մլրդ դոլար։ Էմիրաթական արտահանման 84% – ը բաժին է ընկել նավթին և գազին։

    Այժմ ֆինանսական և ապահովագրական շուկաների մեծ մասը համակարգվում է «Մեծ յոթնյակի» երկրների կողմից, և դա բազմաթիվ տնտեսական խնդիրներ է ստեղծում այլ պետությունների համար: Գաղտնիք չէ, որ այժմ շատ երկրներ ճնշումների են ենթարկվում հավաքական Արևմուտքի կողմից, մասնավորապես, խոսքը միջազգային ֆինանսական համակարգից անջատվելու սպառնալիքի մասին է։ Որպես օրինակ կարելի է բերել ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկի կողմից Ռուսաստանում բոլոր գործառնությունների դադարեցումը՝ Արևմտյան սահմանափակումների վախի պատճառով։

    Այդ պատճառով ԲՐԻԿՍ-ի օրակարգային հարցերից է նաև միջազգային առևտրում և ֆինանսական գործարքներում ազգային արժույթների օգտագործման հարցը՝ նվազեցնելու կախումը ամերիկյան դոլարից: Ոմանք կարծում են, որ ԲՐԻԿՍ-ի երկրները պետք է ստեղծեն իրենց սեփական արժույթը՝ ԱՄՆ դոլարից կախվածությունը սահմանափակելու համար, բայց փորձագետների մեծ մասը դա համարում է ոչ կենսունակ: Ավելի հավանական է, որ միավորման երկրները և այլ գործընկերներ կշարունակեն ջանքերը՝ իրականացնելու առևտուր իրենց տեղական արժույթներով: ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկն արդեն գործարքներ է իրականացնում չինական յուանով և օգոստոսի 22-ին հայտարարեց, որ դա անելու է նաև հարավաֆրիկյան և բրազիլական արժույթներով:

    Ընդհանուր առմամբ, ԲՐԻԿՍ-ի ընդլայնումը միջազգային հանրությանը հստակ ուղերձ է․ միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվում է։

     

    Related Posts