2023 թ․ սեպտեմբերի 5-ից Ստեփանակերում հացի վաճառքն իրականացվելու է կտրոններով։ Այս մասին հայտնել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ կտրոնների տրամադրման գործընթացն սկսվել է սեպտեմբերի 4-ից։ Հացը վաճառվելու է յուրաքանչյուր շնչին կեսական (մոտ 200 գրամ) չափաբաժնով։ Կտրոն ստանալու համար քաղաքացինիերը պետք է անձը հաստատող վավեր փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով ներկայանան կտրոնների տրամադրման կետ, որոնք գործելու են ժամը 10։00-ից 18։30՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի անջատման ժամանակացույցը։
Պատմական զուգահեռներ
Հայաստանն ու Արցախն առաջին անգամ չէ, որ բախվում են շրջափակման և արհեստականորեն հարուցված սովի խնդիրներին, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օգտագործվում է հայկական բնակչության ոչնչացման համար։ Կարելի է հիշել այն շրջափակումը, որ Թուրքիան՝ որպես Օսմանյան կայսրություն, և իրեն ենթակա «կովկասյան թաթարները» (ապագա ադրբեջանցիները) կազմակերպել էին 1918-1919 թթ․ ձմռանը։ Այդ շրջանում 6 ամսում 180.000 մարդ մահացավ Հայաստանում, կամ պարզ ասած՝ բնակչության ավելի քան 15%, ներառյալ՝ արևմտահայ փախստականներին։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին կրկնել այդ ցեղասպանական գործողությունը նաև ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում։ Ադրբեջանն արգելափակել էր բեռների մատակարարումը Հայաստան, իսկ Արցախը շրջափակված էր ամբողջությամբ։ Վրաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստանը հայտնվեց լիակատար շրջափակման և սովի եզրին, ինչը հանգեցրեց 1992-1993 թթ․ բնակչության մեծ արտահոսքի։
Հայաստանում և Արցախում 1990-ականներին գործում էր կտրոնային համակարգ, այսինքն՝ առաջին անհրաժեշտության մթերքը հնարավոր էր գնել միայն հատուկ կտրոններով։ 1992 թ․ փետրվար-մարտ ամիսներին Արցախում մեկ շնչին մեկ ամսվա համար բաժանվում էր 400 գրամ ալյուր և 200 գրամ շաքար։ 1992 թ․ մայիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին և, ճեղքելով եռամյա պաշարման օղակը, դուրս եկան դեպի Հայաստանի սահմաններ։
Ադրբեջանը և Թուրքիան պաշարել էին Հայաստանը և Արցախը՝ ցանկալանով հարուցել սով և մարդկանց զանգվածային մահացություն։ Ճիշտ նույնպիսի նպատակներով նացիստները Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշարել էին Լենինգրադը։
Լենինգրադի պաշարումը
1941 թ․ սեպտեբմերին գերմանացի նացիստները մոտեցան Լենինգրադի մատույցներին և սկսվեց քաղաքի պաշարումը, որ տևեց 872 օր։ Սկզբում աշխատավորներին տրամադրում էին 1 կգ հաց օրական, սակայն աստիճանաբար սահմանաչափը նվազեցվեց։ 1941 թ․ նոյեմբերի 20-ի դրությամբ օրական փաթեթը դարձավ 125 գրամ ծառայողների համար և 250 գրամ՝ աշխատավորների համար, առավել կարևոր նշանակության գործարանների աշխատողների համար՝ 375 գրամ։ 1941 թ․ սեպտեմբերից սահմանաչափերն սկսում են աստիճանաբար շատանալ։
1944 թ․ հունվարին Լենինգրադի պաշարումը ճեղքվեց։ Անցավ 1.5-ից քիչ տարի, և արդեն սովետական զորքերը գրավեցին Բեռլինը՝ նացիստական Գերմանիայի մայրաքաղաքը, որի զորքերը 2 տարի շարունակ փորձում էին լենինգրադցիներին սովամահ անել։ Այդ նույն օրը հայկական դիվիզիայի մարտիկները Ռեյխստագի պատերի տակ պարեցին հաղթական քոչարի։
Հետգրության փոխարեն
Թուրքիան, Ադրբեջանը, նացիստական Գերմանիան ցանկանում էին բլոկադայի, սովի և զանգվածային մահացության միջոցով կոտրել մարդկանց և ենթարկել իրենց կամքին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին այդ ամենն ավարտվեց նացիստների ջախջախմամբ և Բեռլինի առումով։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին այդ ամենն ավարտվեց Շուշիի և մնացյալ հայկական հողերից շատերի ազատագրմամբ, որին հաջորդեց Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիրը։
Կարեն Իգիթյան, կովկասագետ