Թարգմանություն

Ուժ, դաշինքներ, նարատիվ․ Եվրոպայի նոր ռազմավարությունը

30 / 06 / 2022

2022 թ․-ի հունիսի 1-ին CEPA վերլուծական կենտրոնում ելույթի ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցիչ (ԱԳ նախարար) Ժոզեֆ Բորելը անդրադարձել է ԵՄ օրախնդիր հարցերին։ Այս ելույթում, ի թիվս ուկրաինական թեմային վերաբերող մի շարք հարցերի, Բորելն առաջ է քաշում ԵՄ-ի համար երեք կարևոր հանձնառություն։ «Հայկական ալիքը» թարգմանաբար ներկայացնում է բանախոսությունից հատվածներ:

Ուշադիր ընթերցողը կնկատի, որ դրանք կիրառելի են նաև Հայաստանի համար և բարձրաձայնվել են անկախ փորձագետների և գիտնականների կողմից տարիներ շարունակ, հատկապես՝ Արցախյան երրորդ պատերազմից հետո։ 

ԱՌԱՋԻՆ. Եվրոպան պետք է սովորի օգտագործել իշխանության լեզուն

Մենք պետք է սովորենք մեր սեփական շահերին համապատասխան արձագանքելու կարողությունը՝ օգտագործելով ոչ միայն փափուկ ուժը կամ օրենքի գերակայությունը, այլև կոշտ ուժը, որը միայն ռազմական ուժը չէ, այլ կոշտ, հարկադրանքով արձագանքելու կարողությունն է նրանց նկատմամբ, որ փորձում են հարվածել քեզ։

Կոնկրետ գործողությունը հոգեվիճակ է։ 2008 և 2014 թթ․-ի ընթացքում Եվրոպան հանդես էր գալիս ԱՄՆ-ի հովանու ներքո՝ լինելով զինաթափման գործընթացում և չհամակարգված կերպով կրճատելով իր ռազմական կարողությունը, ասել է թե՝ դառնալով խաղացող, որը չի կարող հանդիսանալ աշխարհաքաղաքական դերակատար։ Ես կոչ եմ անում լինե՛լ այդպիսին, քանզի մենք պետք է պատրաստ լինենք, կիրառենք ուժ, որը կարող է հարկադրել այլոց, ընդ որում՝ ոչ թույլերին, քանի որ մեծ է թույլի և ոչ ուժեղի նկատմամբ հարկադրանք կիրառելու գայթակղությունը։

ԵՐԿՐՈՐԴ. Հանձնառու լինել և կառուցել դաշինքներ

ԵՄ-ում մենք անընդհատ խոսում ենք համախոհ երկրների մասին։ «Մենք խիստ մտահոգված ենք»-ը ԵՄ-ին բնորոշող առաջին նախադասությունն է, «մենք ուշադիր հետևում ենք»-ը՝ մյուսը, և «մենք համագործակցում ենք համախոհ երկրների հետ»-ը՝ երրորդը։ Պետք է հասկանանք, որ մենք աշխարհի փոքր մասն ենք, և որ պետք է կոալիցիա կառուցենք այլոց՝ ոչ անպայմանորեն համախոհ երկրների հետ։ Ուրեմն, պետք է լինենք նախաձեռնող և կոալիցիաներ ստեղծենք։

Մենք ռեակտիվ ռեժիմում ենք․ չենք գործում, բայց արձագանքում ենք։ Մենք աշխատում ենք բուն ճգնաժամի ժամանակ, բայց չենք կանխում ճգնաժամի վրա հասնելը, ներդրումներ չենք անում ճգնաժամի կանխարգելման գործում։ Մենք իրականացնում ենք ճգնաժամային կառավարում` հաճախ ուշացած, բայց ոչ կանխարգելում։ Օրինակ բերեմ՝ Գվինեական ծոցում ճգնաժամ է սպասվում, ուստի՝ մենք պետք է գործենք Գվինեական ծոցում հիմա՛, մինչև հրատապ ճգնաժամը մեզ կպարտադրի գործել արագ և ուշացած։ Այսպիսով՝ հարկավոր է ավելի շատ ռեակտիվություն և ավելի մեծ կարողություն աշխատելու այն երկրների հետ, որոնք մեզ նման չեն մտածում։

Ուկրաինայի պատերազմը մեզ ցույց տվեց դա։ Մենք շատ ուրախ ենք, որ ՄԱԿ-ի անդամ 141 երկրներ մեզ աջակցում են, բայց նրանց թվում Լիխտենշտեյնն է, իսկ Չինաստանն ու Հնդկաստանը։՝ ոչ Եվ եթե երկրների փոխարեն հաշվեք բնակչությունը, կհասկանաք, որ աշխարհի բնակչության կեսը մեզ չի աջակցում կամ չի դատապարտում Ռուսաստանին։ Եվ այս 141-ը ուժեղ կոալիցիա չէ։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են ազդվում ռուսական և չինական նարատիվներից, և մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև եթե այսպես շարունակենք, տանուլ կտանք նարատիվների ճակատամարտը։

ԵՐՐՈՐԴ. Կառուցել նարատիվ

Ունենալ պատմություն՝ պատմելու աշխարհին։ Մենք փորձում ենք շահել ժողովուրդների ոգին` նրանց պատմություն պատմելով։ Եվրոպական կառույցներում մենք չափից դուրս տեխնոկրատ ենք, չենք շոշափում հույզերը, պատում չունենք։

Մենք սովոր ենք տեխնոկրատական ընթացակարգերի միջոցով լուծելու քաղաքական խնդիրները, և ընթացակարգը գուցե ավելի կարևոր է դարձել, քան արդյունքը։ Ռուսները հեքիաթասացներ են. նրանք ունեն ֆեյքերի իսկական գործարան, որոնք իրենց պատմություններով հեղեղում են կիբերտարածությունը։ Եվ նարատիվի այս ճակատամարտը շատ կարևոր է։ Դուք պատկերացում էլ չունեք, թե աշխարհում քանի մարդ է հավատում, որ սննդի և էներգիայի թանկացումները մեր պատժամիջոցների հետևանքն են․ ոչ թե բուն պատերազմի, այլ պատժամիջոցների։ Ընդ որում, այսպես մտածողները ոչ թե անգրագետ մարդիկ են, այլ ավելի զարգացած և կրթված մարդիկ, որ կամա թե ակամա ընդլայնում են այս պատումը։

Համաճարակը պատումների առաջին կռիվն էր, իսկ հիմա Ռուսաստանը առաջ կքաշի ցորենի ճակատամարտը` «մեր ցորենը՝ մեր ընկերների համար»։ Այսպիսով՝ մենք պայքարի մեջ ենք, որում պիտի փորձենք ազդել մարդկանց վրա ոչ միայն ապրանքներով կամ զենքով, այլ նաև պատումով, և գուցե նարատիվը համաշխարհային հզորության արժույթն է։

Մենք՝ եվրոպացիներս, ունենք աշխարհին պատմելու մի հրաշալի պատմություն՝ խաղաղություն։ Մեր պատմությունն էր ասել ո՛չ պատերազմին։ Մենք «պատերազմ» բառը հանեցինք մեր պատկերացումից, պատերազմը հոգեպես անհնար դարձրինք մեր մեջ։ Խնդիրն այն է, որ այս խոսույթն այլևս շարժիչ ուժ չէ։ Խաղաղություն, շատ լավ, հետո՞, մենք երջանիկ ենք, և ի՞նչ։ Այսպիսով՝ երկու բան. առաջինը՝ մի՛ հավատացեք, որ խաղաղությունը բնական վիճակ է, իրերի, աշխարհի բնական վիճակը պատերազմն է։ Մենք Եվրոպայում սովոր ենք հավատալ (ես հուսով եմ, որ դա այդպես չէ), որ խաղաղությունը նորմալ վիճակ է, և երկրորդ՝ խաղաղությանը մեր ներսում։ Այո՛, մենք հավատում ենք, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որը խաղաղ չէ, այլ շատ վտանգավոր՝ մի բան, որ եվրոպացիները չեն ուզում հասկանալ՝ նմանվելով գլուխը ավազի մեջ մտցնող ջայլամի։ Մեր խնդիրն է հասկացնել մարդկանց, որ աշխարհը, որում ապրում ենք, վտանգավոր է։ … Մենք [ԵՄ անդամները] նույն կերպ չենք պատկերացնում սպառնալիքները, բայց մենք պետք է ունենանք ընդհանուր ռազմավարական մշակույթ, եթե ցանկանում ենք գոյատևել։

Թարգմանությունը՝ Միլենա Մքոյանի 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *