Վերլուծություն

ԱՄՆ-ը հեղաշրջումներ է արել այլ երկրներում. Ջ. Բոլտոն, մաս II

20 / 07 / 2022

Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը խոստովանել է, որ օգնել է պլանավորել հեղաշրջման փորձերը արտասահմանյան երկրներում, ավելի վաղ հայտնել էր Reuters-ը. այս մասին կարող եք կարդալ սույն հոդվածի առաջին մասում:

 

Այսպիսով, միամտություն է կարծել, թե աշխարհում որևէ հեղափոխություն կամ հեղաշրջում սկում է ինքնաբուխ կամ բացառապես առարկայական (օբյեկտիվ) պատճառներով։ Բոլոր դեպքերում սրանք որևէ ուժի կամ ուժերի ներգործության հետևանք են: Մեծ երկրներում, որտեղ կա առատ ռեսուրսային բազա և ինստիտուցիոնալիզացված երկրորդ ուժ-ընդդիմություն, այդ առաջատար ուժի դերակատարումն ստանձնում է հենց նա։ Առավել քիչ ինստիտուցիոնալիզացված երկրենում, հաճախ այդ դերում հանդես են գալիս արտաքին ուժերը։ Այս քաոսի ստեղծման հիմքերից մեկը հենց տարերային շարժումներ հրահրելն է, որոնք չունեն որևէ գաղափարական հենք, այլ գրեթե բոլոր դեպքերում հիմնված են սոցիալական ցնցումների, հասարակական դժգոհության վրա, որոնք ևս հասարակության հետ երկար աշխատանքի արդյունք են:

Այն, որ այս քաղաքականության գլխավոր կիրառողը ԱՄՆ-ն է, կարելի է ենթադրել, օրինակ Վաշինգտոնի 2015 թ.-ի «Ազգային անվտանգության ռազմավարությունից»։ Դրանում նշվում է. «Ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման և մեր ազգային անվտանգության շահերի առաջմղման հաջող ռազմավարությունը պետք է սկսվի մեկ անվիճելի ճշմարտությունից՝ Ամերիկան պետք է լինի առաջնորդ։ … Հարցն այն է, թե ինչպես մենք պետք է առաջնորդենք»: Միջոցներից մեկը հենց ԱՄՆ-ի «դեմոկրատիայի և մարդու իրավունքների առաջմղման գործին անանց հավատարմությունն է՝ նոր կոալիցիաներ ստեղծելով կոռուպցիայի դեմ պայքարում, բաց կառավարություններին և բաց հասարակություններին աջակցելով…»:

Ամերիկյան «Time» թերթն իր «5 պատճառ, որոնցով ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում միակ գերտերությունը» հոդվածում (2015 մայիսի 31) պատճառների շարքում երրորդ տեղում դնում է քաղաքական ազդեցությունը ֆինանսական օգնության միջոցով. «2013 թ. ԱՄՆ ֆինանսական օգնության վրա ծախսել է $32,7 մլրդ․, երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է՝ $19 մլրդ»: Եզրակացություն է արվում, որ «… փողն ի վիճակի է ապահովել ակտիվ քաղաքական համագործակցություն դժվար դրության մեջ գտնվող երկրների հետ»։ Օգնությունն այս դեպքում «անարդյունավետ ներդրումներ են սոցիալական ոլորտներում, որոնց դեպքում հասարակությանը պարտադրվում են բազային արժեքներ (օրինակ՝ «շուկան՝ որպես համամարդկային արժեք», կամ՝ «սեռերի հավասարություն, համասեռամոլություն, մարդու անձնական ազատության դրսևորում, որը հասարակությունը պետք է պաշտպանի» և այլ անհեթեթություններ), որոնք այլ իրավիճակներում (այսինքն՝ բարդ դրության մեջ չգտնվելիս) անընդունելի կլինեին »։ Բայց արտասահմանում քաղաքական ուժ ունենալու համար հարկավոր է նախևառաջ կայունություն ունենալ սեփական տանը։ Վառ ապացույց է հենց Ջ․ Բոլտոնի խոսքում «հեղաշրջումներ պլանավորել ոչ տանը (ԱՄՆ-ում), այլ տեղերում» հնչեցված միտքը։ Տրամաբանական է, որ որևէ երկիր «կառավարելի քաոս» չի կիրառի անմիջապես իր հանրության նկատմամբ, քանի որ բոլորն են հասկանում, որ դա դանդաղ գործողության ռումբ է, որն ունակ է ավերակների վերածելու ամբողջ պետականությունը։ «ԱՄՆ ունի գործող ամենահին ազգային սահմանադրությունն աշխարհում, ինչպես նաև կայուն ինստիտուտներ և օրենքի գերակայություն»: Այսպիսին են թերթի եզրահանգումները։

 

Գլխավոր թիրախը՝ հետխորհրդային երկրները

Տեղին է նշել, որ ԱՄՆ-ի կողմից ներպետական հակասությունների սրումը մասնավորապես ակնհայտ է հետխորհրդային երկրների դեպքում: Ինչպես նշում է բանակի գեներալ, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ (2004-2008) Յուրի Բալուևսկին ԱՄՆ ձգտում է ցանկացած գնով պահել համաշխարհային առաջնորդությունը, իր արժեքները պարտադրել, ուրիշ երկրներին ցույց տալ իրենց տեղն այս աշխարհակարգի միջազգային և տնտեսական պայմաններում: Հատկապես ներկային պայմաններում, երբ հետսառըպատերազմյան աշխարհակարգի (որում ԱՄՆ միակ կենտրոնն էր) փլուզումը սպառնում է ԱՄՆ-ին, այս քաղաքականությունը դառնում է ավելի ընդգծված: Դրա վառ դրսևորումները դարասկզբին Վրաստանում, ապա Ուկրաինայում սկսված գունավոր հեղափոխություններն էին, որոնց զարգացմանը որոշակիորեն ծանոթ յուրաքանչյուր մարդ կարող է տեսնել սցենարների և արտաքին ազդեցության նույնությունը, ինչն էլ հենց համակարգային քաոսի հաջորդ բաղադրիչն է՝ նույն շաբլոնի հարմարեցումն ու կիրառումը տարբեր հասարակությունների նկատմամբ, քանզի տրամաբանական է, որ սոցիալական խնդիրները ևս կարող են տարբերվել՝ կախված տվյալ երկրի բնակչության էթնիկ, հոգեբանական, անվտանգային  և այլ առանձնահատկություններից: Ավելորդ է նշել, որ սրանք ծրագրված և կիրառված էին հենց արևմուտքի կողմից, քանի որ դրա ապացույցը, ի շարս վերոգրյալի, նաև հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած ուժերի պրոարևմտյան քաղաքականության որդեգրումն էր: Թե ինչ ողբերգական հետևանքների բերեց սա, կարելի է նայել ներկայիս Ուկրաինային: Ջ․ Բոլտոնը, կարծում ենք, այն կանվաներ «հաջողված փորձ», քանի որ վերոնշյալ տեխնոլոգիաների հաջող կիրառմամբ հնարավոր դարձավ երկիրը դարձնել ամբողջովին կախված արևմուտքի կամքից և շահերից՝ հազարերորդական տեղում թողնելով բուն ուկրաինական սեփական շահերը։

Շաբլոնի կիրառումը Հայաստանի վրա, կարծում ենք, ևս ակնհայտ է։ Ծրագրված և տարերայնորեն սկսված սոցիալական հիմքով շարժում, որում ակտիվ դերակատարում են ունեցել հենց արևմտյան փափւոկ ուժի կառույցների ներկայացուցիչներն ու աշխատակիցները, այսպես կոչված՝ «բաց հասարակությունը», իշխանության եկած կառավարության ինտենսիվ հարաբերություններ ԱՄՆ-ի և հավաքական արևմուտքի հետ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ հասարակության բարոյալքում, սեփական ինքնությունից զուրկ էլիտայի ձևավորում: Այսպիսով՝ քաոս, որը կառավարելի է դրսից, և կորսված շահեր ու արժեքներ, որոնց վերականգնումը պիտի լինի հայկական օրակարգի գլխավոր խնդիրը:

Աղբյուրներ

https://www.reuters.com/world/us/former-senior-us-official-john-bolton-admits-planning-attempted-foreign-coups-2022-07-12/

http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=13635

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *