Վերլուծություն

ԱՄՆ հեղաշրջումներ է արել այլ երկրներում․ Ջ․ Բոլտոն

13 / 07 / 2022

 

Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը խոստովանել է, որ օգնել է պլանավորել հեղաշրջման փորձերը արտասահմանյան երկրներում։

Բոլտոնն այս հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում[1] 2021 թ․-ի հունվարի 6-ին Վաշինգտոնում Կապիտոլիումի հարձակման վերաբերյալ Կոնգրեսի լսումներից հետո: Հանձնաժողովի օրենսդիրները նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են 2020 թ․-ի ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահպանելու համար բռնություն հրահրելու փորձի մեջ։

CNN-ի հաղորդավարի հետ զրույցում, սակայն, Ջ․ Բոլտոնն ասել է․ «Որպես մարդ, որն օգնել է պետական հեղաշրջումներ պլանավորել ոչ [ԱՄՆ-ում], այլ ուրիշ տեղերում, ասում եմ, որ դա շատ աշխատանք է պահանջում։ Եվ դա այն չէ, ինչով [Թրամփը] զբաղվում էր»։ Այսպիսով՝ ստացվում է, որ Դ․ Թրամփը բավականաչափ կոմպետենտ չէ, որ «խնամքով ծրագրված պետական հեղաշրջում» իրականացներ:

Այնուամենայնիվ, Ջ․ Բոլտոնը հրաժարվել է մանրամասներ տրամադրել, ապա, անդրադառնալով 2019 թ․-ին Վենեսուելայում հեղաշրջման փորձին, նախկին պաշտոնյան այն անվանել է «անհաջող» և շեշտել, որ ԱՄՆ-ն «այնքան էլ կապ չուներ դրա հետ»։

Վենեսուելայի հեղաշրջման փորձին ԱՄՆ-ի աջակցությունը ակնհայտ էր, քանի որ դա սկսվեց 2019 թ․-ին հենց Ջ․ Բոլտոնի կողմից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կոչին հրապարակայնորեն աջակցելուց հետո, որում նա պնդում էր, որ սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի վերընտրվելն անօրինական է, և զինվորականները պետք է սատարեն նրան պաշտոնանկ անելու ջանքերին։ Ի վերջո Ն․ Մադուրոն մնաց իշխանության։

Այն, որ Վենեսուելայի դեպքն ԱՄՆ-ի կողմից այլ երկրների ներքին գործերին խառնվելու և հեղաշրջումներ հրահրելու միակ դեպքը չէ, Ջ․ Բոլտոնն ինքն է հաստատում։ Այսպես՝ լրագրողի պնդմանը, թե «Վենեսուելայից զատ կան այլ հարցեր, որոնց մասին դուք լռում եք», նա պատասխանում է՝ «անշուշտ կան»:

Reuters-ը մատնանշում է 1953 թ․-ին Իրանի այն ժամանակվա վարչապետ Մոհամմադ Մոսադեղի տապալումը և Վիետնամի պատերազմը, ինչպես նաև դեպի Իրաք ու Աֆղանստան ամերիկյան ներխուժումները՝ որպես քննադատության արժանացած երևույթներ՝ միաժամանակ զարմանք հայտնելով, որ ԱՄՆ պաշտոնյաները բացահայտորեն ընդունում են իրենց դերն արտասահմանյան երկրներում անկարգություններ հրահրելու գործում։ Մեր կողմից հավելենք, որ 1953 թ․ իրանական հեղաշրջման՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) կողմից կազմակերպված լինելն ամբողջությամբ ապացուցված փաստ է, այդ թվում՝ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա։

 

Կառավարելի քաոսի տեսություն
Ընդհանրապես գիտության մեջ այս քաղաքականությունն ստացել է «Կառավարելի քաոսի տեսություն» անվանումը, որը գիտական ու տեխնոլոգիական առումով մշակվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում՝ նպատակ ունենալով քայքայել ֆաշիստական երկրների (Գերմանիա, Ճապոնիա) ներքին կայունությունը։ Երկրորդ համաշխարհայինից հետո ՆԱՏՕ-ի բլոկը և ԽՍՀՄ-ն սկսեցին «կառավարելի քաոսի» տեսությունը կիրառել միմյանց ազդեցության ոլորտում գտնվող երկրների դեմ։ Բոլոր դեպքերում, սակայն, թիրախում եղել են հակառակորդ կամ թշնամի երկրները, բայց ոչ երբեք սեփականը, քանի որ հանրության մեջ պառակտում ու ներքին թշնամանք առաջացնելը տևական ժամանակ անց ոչնչացնում է ներքին պաշտպանական համակարգերը, պետականությունը դարձնում է խոցելի։

 

Ներպետական հակամարտությունները (հեղաշրջումներ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ կամ պարզապես բախումներ) պետք է դիտարկել հիբրիդային պատերազմների համատեքսում։ Պատերազմների էությունը մնում է նույնը, իսկ գործիքակազմը շարունակ ընդլայնվում և կատարելագործվում է։ Այսպես՝ տեղեկատվական, տեխնոլոգիական, հոգեբանական (վարքային) և ռեսուրսային նոր հնարավորությունները թույլ են տալիս ավելի կարճ ժամանակահատվածում հասարակությունները դարձնել ենթարկելի, հետևաբար և՝ կանխատեսելի։

Այս է պատճառը, որ շատ մասնագետներ այս երևույթն անվանում են 21-րդ դարի ստրկատիրություն կամ նեոգաղութատիրություն։ Համակարգային քաոսի հաջորդ կարևորագույն բաղադրիչը «թերզարգացած» երկրների պետական ընտրանու (էլիտայի) վերածումն է մարդկանց մի հանրույթի, որոնք չունեն սեփական ինքնություն, պատրաստ են անվերապահորեն կատարել իրենց կարգադրվող բոլոր պահանջները: Հենց սա էլ ապահովում է շարունակական կախվածություն տեխնոլոգիան կիրառող երկրից:

 

Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ անձը՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը 2018-ի հեղաշրջումից ամիսներ անց՝ հոկտեմբերին, պաշտոնական այցով այցելեց Հայաստան և, որպես Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից, ով 2007թ.-ին անգամ հանդես էր գալիս Իրանի նկատմամբ ռազմական գործողություն սկսելու կոչերով, հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, իսկ այդ առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի:

Շարունակելի…

 


[1] Tapper and Bolton debate Trump’s ability to plan a coup, 12.07.2022, https://edition.cnn.com/videos/politics/2022/07/12/jake-tapper-john-bolton-debate-january-6-coup-attempt-sot-lead-vpx.cnn (հղվել է 13.07.2022 թ.).

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *