Արցախ

Ադրբեջանի շրջափակման քաղաքականությունը նոր չէ

26 / 01 / 2023

Եվրոպական քաղաքակրթության ավանդական պատկերացումներում պատերազմը դիտվում էր որպես ազնվաբարո բան՝ խնդիրների լուծման արժանի մեթոդ։ Պատերազմի հիմնական գործողությունը թշնամու բանակի նկատմամբ տարած հաղթանակն էր, որից հետո վերաբաշխվում էին ազդեցության ոլորտները, ձեռք էր բերվում խաղաղության պայմանագիր։ Պատերազմի ավանդական ըմբռնումը մի շարք փոփոխությունների է ենթարկվել 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին «տոտալ պատերազմ» հայեցակարգի հիմնական թեզերի մշակումից հետո։ Այս հայեցակարգի հիմնական պոստուլատներից մեկն ասում է, որ պատերազմում են ոչ թե բանակները, այլ ազգերը։ Սա իր հերթին նշանակում էր, որ այլևս չկա «խաղաղ բնակչություն», կա թշնամի։

Եվրոպայում կրթության ստացած թուրքական բանակի երիտասարդ սպաները, որոնք հետագայում ղեկավարել են երկիրը, ի թիվս այլ բաների, այս դասը նույնպես լավ են յուրացրել։ Հավանաբար, տոտալ պատերազմ վարելու մեթոդը առաջինը փորձեցին հայերը և Օսմանյան կայսրության այլ` ոչ մահմեդական ժողովուրդները՝ հույները, ասորիները, եզդիները։ Հաշվի առնելով, որ ռուսական բանակում կռվել են կովկասյան Հայաստանից կանչված մի քանի տասնյակ հազար հայեր, ինչպես նաև մի քանի հազար հայ կամավորներ, որոնց թվում կային նաև Օսմանյան կայսրությունից եկած բազմաթիվ ներգաղթյալներ, երիտթուրքերը, որոնց հայերը ժամանակին աջակցում էին , որոշեցին, որ հայերը թշնամիներ են։ Միևնույն ժամանակ, Օսմանյան կայսրության իշխանությունները ուշադրություն չդարձրին այն փաստին, որ միայն առաջին շրջանում առնվազն 70 հազար հայ էր զորակոչվել օսմանյան բանակի շարքերը։

Իհարկե, Անտանտի կողմից հայերի մասնակցությունը պատերազմին ոչ այնքան պատճառ, որքան առիթ էր, բայց, այնուամենայնիվ, Օսմանյան Թուրքիայի իշխանությունները հայ ազգին թշնամի էին համարում։ Եվ նրանք, գործելով «տոտալ պատերազմ»-ի տրամաբանության շրջանակներում, գերմանացի սպաների անմիջական օգնությամբ հարվածներ հասցրին ոչ թե բանակին, այլ ազգին։ Ի վերջո, տոտալ պատերազմի հայեցակարգը, որն ի դեպ մշակված էր գերմանացի ստրատեգների կողմից, չէր տարբերում խաղաղ բնակչությունը բանակից։

Ռազմական հզորության ավանդական գաղափարի, պատերազմի օրենքների և այլնի տեսանկյունից թուրքերը վարվել են ստոր և վախկոտ կերպով: Հասկանալով, որ չեն դիմանա հայ կամավորների ու զինյալների հետ բաց ճակատամարտին՝ հարվածել են սեփական պետության խաղաղ բնակչությանը։ Որպեսզի «թշնամի ազգի» ոչնչացման օպերացիան հաջողությամբ պսակվեր, սկզբում ակտիվ բանակը զինելու պատրվակով օսմանյան բանակում իրականացվեց հայերի լրացուցիչ զորակոչ, որում արդեն իսկ կռվում էին նաև հայերը, առգրավվեց բնակչության զենքը։ Եվ այսպես, X ժամին գործողությունը սկսվեց իրականանալ։ Օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվեցին և մասամբ ոչնչացվեցին, հնարավոր դիմադրությունը գլխատվեց մտավորականության ձերբակալություններով։ Դրանից հետո անկանոն ստորաբաժանումներն ու ոստիկանությունը կանոնավոր թուրքական բանակի աջակցությամբ սկսեցին իրականացնել հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը։

Այնտեղ, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին, ինչպես Վանում էր, կազմակերպվեց հաջող ինքնապաշտպանություն։ Այս վայրերում թուրքական մտավախությունները հայերի ավելի բարձր մարտունակության վերաբերյալ արդարացվեցին: Չնայած հրետանու աջակցությանը և բազմակի թվային գերազանցությանը, թուրքերը չկարողացան գրավել քաղաքը։Սակայն այլ վայրերում նրանք ավելի հաջող էին գործում՝ թե՛ ռազմաճակատից հայկական բնակավայրերի հեռավորության, թե՛ թուրքերով ու քրդերով շրջապատված հայ բնակչության սակավաթիվ լինելու պատճառով։ Ինչ էլ որ լինի, «տոտալ պատերազմ» հայեցակարգի կիրառման արդյունքում թուրքերն իրականացրել են այն, ինչը հետագայում կոչվելու է էթնիկ զտում և ցեղասպանություն։ Նրանք հիմնովին ոչնչացրեցին կամ տեղահանեցին Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը, բացառությամբ այն վայրերի, որտեղ հաջող ինքնապաշտպանություն էր կազմակերպվել և որտեղ այդ թվում նաև հայերից բաղկացած ռուսական բանակի ստորաբաժանումներ էին մոտեցել։

Դրանից հետո թուրքերը հասկացան, որ «տոտալ պատերազմը» բնութագրվում է «թշնամու» լիակատար ոչնչացմամբ, և «թշնամի» բառի տակ հասկացվում է ոչ թե պարզապես բանակը, այլ ազգը, չափազանց արդյունավետ մեթոդ է։ 1918 թ.-ին նրանք կրկին մեն մենակ մնացին հայ զինյալների ու կամավորների հետ։ Կովկասյան Հայաստան արշավանքի ժամանակ թուրքական կանոնավոր բանակը, չնայած թվաքանակով առավելությանը, Սարդարապատի մոտ ջախջախվեց, հետ շպրտվեց Ապարանից և ճահճացավ Ղարաքիլիսայի մոտ տեղի ունեցող ամենածանր մարտերում։ Պարզ դարձավ, որ թուրքերը չկարողացան կատարել երկու կարևոր խնդիր՝ ջախջախել հայկական զորքին և ոչնչացնել Երևանի նահանգի, ինչպես նաև Արցախի հայ բնակչությանը։

Այս առաջադրանքների կատարման անհնարինության պատճառով թուրքերն անցան մյուսներին: Նրանք, հյուսիսից և հարավից (Իրանով) շրջանցելով հայկական զորքերը, մտան ներկայիս Ադրբեջանի տարածք։ Թուրքական զորամիավորումների ժամանումը փրկեց ադրբեջանական թուրքերին։ Բայց պատմության այս դրվագին հիմա չենք անդրադառնա, քանի որ սա այլ թեմա է։ Միայն կնշենք այն, որ թուրքերի կողմից Բաքվի գրավումն ուղեկցվել է նաև տեղի հայ բնակչության ոչնչացմամբ։

Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո թուրքերը կիրառեցին տոտալ պատերազմի մեկ այլ մեթոդ՝ շրջափակումը։ 1918-1919 թթ. ձմռանը թուրք-ադրբեջանական շրջափակման արդյունքում փախստականներով հեղեղված Հայաստանում սովից և հիվանդություններից մոտ 200 հազար մարդ մահացավ։ Համեմատության համար նշենք, որ մինչ պատերազմը Երևանի նահանգի ողջ հայ բնակչությունը մոտ կես միլիոն մարդ էր կազմում։ Այս մեթոդը իսկապես դուր էր եկել ադրբեջանական թուրքերին։

Ադրբեջանական թուրքերի մարտական որակները թե՛ 20-րդ դարի սկզբին, թե՛ վերջում զգալիորեն ցածր էին, քան իրենց Անատոլիայի գործընկերներինը։ Դրանով է բացատրվում նրանց հակումը «տոտալ պատերազմի», որտեղ շեշտը դրվում է խաղաղ բնակչությանը հարված հասցնելու և շրջափակման վրա։ Մարտական գործողությունները պատերազմի ադրբեջանա-թուրքական հայեցակարգում ինքնին դառնում են երկրորդական տարր։

1918-1919 թթ. ադրբեջանական թուրքերը փորձել են շրջափակման մեթոդը կիրառել արցախահայության դեմ։ Տարածաշրջանն ամբողջությամբ կտրված էր արտաքին աշխարհից ու արգելափակված էր։ Արցախին սով էր սպառնում։ Սակայն հայերը պատանդներ ունեին՝ Շուշիում ապրող թուրքերը։ Մի քանի բախումներից ու բանակցություններից հետո հայերը համաձայնեցին ուտելիքը հասցնել Շուշիի թուրքերին, այն պայմանով, որ ապրանքի 85%-ը մնալու էր հայերի մոտ։ Այսպիսով, արցախահայությունը վերացրեց սովի վտանգը։

1918-1920 թթ. ադրբեջանական թուրքերը և 1918 թ. իրենց զորախումբը Արցախ ուղարկած օսմանական թուրքերը արցախցիների կողմից պարտություն կրեցին, որոնք ստեղծեցին իրենց բավականին մեծաքանակ բանակը։ Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ ադրբեջանական բանակը առաջին հերթին հրետանու շնորհիվ կարողացել է մի քանի մարտերում հաղթանակ տանել։ Արցախահայությունն ընդհանրապես հրետանի չուներ, իսկ Դիզակի հայկական աշխարհազորայինների կողմից օսմանյան զորքերից գրավված երկու թնդանոթները ոչ պիտանի վիճակում էին։

Ավելի ուշ՝ 1920 թ., ադրբեջանական թուրքերը կրկին դիմեցին իրենց սիրելի մարտավարությանը` հրկիզեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասը։ Սա դարձյալ ինքնաբուխ հրկիզում չէր՝ քամին սուլեց դեպի հայկական թաղամաս, և գրեթե բոլոր չափահաս տղամարդիկ ոչ թե Շուշիում էին, այլ Արցախի սահմանների երկայնքով գտնվող դիրքերում։ Այս երկու գործոնների արդյունքում ադրբեջանական թուրքերին հաջողվեց կոտորած իրականացնել։ Ավերվել էր Կովկասի ամենամեծ հայկական կենտրոններից մեկը։ Թեև, հարկ է նշել, որ Շուշիում անգամ 14-15 տարեկան տղաները կարողացան լուրջ կորուստներ պատճառել ադրբեջանական թուրքերին և նահանջեցին միայն կրակի պատճառով։ Հետաքրքիր է, որ հենց նույն 1920 թ. հայկական բանակի ստորաբաժանումները Արցախ եկան, ադրբեջանական թուրքերը սկսեցին մեկը մյուսի հետևից պարտություն կրել։ Գաղտնիքը պարզ էր՝ հայկական բանակը նաև հրետանի ուներ, իսկ հայկական զորքերի մարտական որակներն ու մոտիվացիան շատ ավելի բարձր էին։

1915-1922 թթ. անատոլիական և ադրբեջանական թուրքերը կիրառում էին «տոտալ պատերազմի» մեթոդները՝ բնակչության ֆիզիկական ոչնչացում, տեղահանում և շրջափակում։ Վերջինս ուղղված էր նաև թշնամաբար տրամադրված բնակչության կա՛մ ֆիզիկական վերացմանը, կա՛մ արտագաղթին։ Նույն մեթոդները նրանց կողմից կիրառվել էին 1988 թ.։ Բնակչության ոչնչացմանը կամ արտագաղթին ուղղված տոտալ պատերազմի մեթոդներից մեկի՝ շրջափակման կիրառումը մինչ օրս շարունակվում է։

Խորհրդային տարիներին (1922-1991 թթ.) արցախահայության դեմ տոտալ պատերազմը շարունակվել է մի փոքր այլ ձևերով։ Խորհրդային Միության ողջ տարածքում գործող բռնաճնշումները չշրջանցեցին Ադրբեջանի կազմում գտնվող Արցախը։ Բազմաթիվ հայրենասերներ գնդակահարվեցին, և ավելի շատ հայեր ստիպված եղան լքել Արցախը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ադրբեջանը մոբիլիզացման համար նախատեսված ցուցանիշները հիմնականում լրացրեց հանրապետության ոչ թուրք բնակչության՝ հայերի, ռուսների, լեզգիների, թալիշ ավարների և այլ ժողովուրդների հաշվին։ Բանակ զորակոչված հայերի զգալիորեն ավելի մեծ տոկոսը թուրքերի համեմատ,  և նրանց միջև ռազմաճակատում կրած ծանր կորուստները ևս մեկ հարված էին  Ադրբեջանի և հատկապես Արցախի հայերի ժողովրդագրությանը:

Ի թիվս այլ բաների, տարածաշրջանի հայաթափման նման մեթոդները կիրառվել են նաև որպես աշխատանքային միգրացիայի խրախուսում, և Արցախը թուրքերով բնակեցնելու միջոց, որոնց համար  աշխատատեղեր էին ստեղծվել։ Շարունակվում էր նաև տնտեսական պատերազմը։ Երբ միության ողջ տարածքում հակաալկոհոլային արշավ էր անցկացվում, ադրբեջանական իշխանությունները կտրում են Արցախի Հադրութի շրջանի բոլոր խաղողի այգիները, ինչը նույնպես նպաստում է առանց աշխատանքի մնացած գյուղացիների արտագաղթին։ Միևնույն ժամանակ Հադրութին հարակից ադրբեջանական շրջանների խաղողի այգիները անձեռնմխելի էին մնացել ։

Հակամարտության սրման ժամանակ Ադրբեջանի կողմից տոտալ պատերազմի ոչ մարտական մեթոդների կիրառումը դարձավ պատերազմի դաշտում հայերին դիմակայելու անկարողության հակառակ կողմը։ Այսպիսով, 1988 թ. փետրվարի 23-ին 8 հազար ադրբեջանցիներ «հայերին իրենց տեղը ցույց տալու» Աղդամից փորձել են Ստեփանակերտ գնալ։ Ասկերանում նրանց  երկու հարյուր հայեր են կանգնացրել և հետ քշել։ Արդեն փետրվարի 26-ին ադրբեջանցիները Արցախից կտրված Սումգայիթ քաղաքում ջարդ են սկսել, որտեղ 250 հազար ադրբեջանցիների մեջ 14 հազար հայ էր ապրում։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են սպանվել, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր մարդիկ  անօթևան են դարձել: Նույն օրը ադրբեջանցիների ամբոխը հարձակվել է Գանձակի (Կիրովաբադ) հայկական թաղամասի վրա, սակայն նույնպես հետ է շպրտվել։

«Հայկական հարցի» լուծման սումգայիթյան սցենարը յուրատեսակ իդեալ էր դարձել ադրբեջանական թուրքերի համար։ 1988-ին կրկին փորձեր եղան նույն կերպ լուծել Գանձակի հայության հարցը: Պետք է նշենք, որ փորձերը անհաջող էին։ Գանձակցիները ամեն անգամ ջարդուփշուր էին անում ադրբեջանական թուրքերի հարձակումները, նույնիսկ արշավանքներ էին կատարում քաղաքի թյուրքական հատվածում՝ փրկելով այնտեղ ապրող հայերին։ Արդյունքում ադրբեջանցիները կիրառում են ամենաարդյունավետ մեթոդը՝ շրջափակումը։ Գանձակի հայկական հատվածում դադարեցվել էր գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, արգելափակվել էր սննդի մատակարարումը։ Աստիճանաբար հայերը լքում էին Գանձակը։ Շրջափակումը գրեթե անհնար էր ճեղքել՝ հաշվի առնելով, որ քաղաքի շրջակայքում խորհրդային բանակի դիրքեր կային, թեև մի անգամ Ստեփանակերտից եկած ավտոշարասյանը հաջողվեց դա անել։

Նման մեթոդներ են կիրառվել Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի, Իսմայիլիի շրջանի և այլ տարածքների նկատմամբ։

Եվ մեր տեսանկյունից պարադոքսալ է, որ ջարդարաների գործողությունների հանդեպ հպարտությունն իրեն դրսևորեց 1990թ․-ին։ Հենց «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին»  և «Մա՛հ հայերին» կարգախոսներով ադրբեջանական թուրքերը Բաքվում սկսեցին մի քանի տասնյակ հազար հայերի կոտորածը, որոնք դեռևս մնացել էին այդ գրեթե երկու միլիոնանոց քաղաքում։ Ջարդերը մեկ շաբաթ են տևել, և դրանց մասնակցել են ինչպես շրջանների բնիկները, որոնց Բաքվում «չուշկաներ» էին անվանում, այնպես էլ մտավորականությունը։

Պետք է նշենք, որ 1988 թ.-ից Ադրբեջանը սկսում է շրջափակում կիրառել Հայաստանի և Արցախի դեմ։ Ճիշտ է, այն անկանոն բնույթ էր կրում, քանի որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները պարբերաբար ստիպում էին Ադրբեջանին բեռներ բաց թողնել։ 1991 թ.-ից ի վեր Ադրբեջանի և Թուրքիայի շրջափակումը դարձել էր մշտական։ Ընդ որում, արգելափակվել էր ոչ միայն Արցախը, այլև նրա ներսում գտնվող հաղորդակցության ուղիները։ Մասնավորապես, 1991 թ. նոյեմբերից  ադրբեջանական ստորաբաժանումների կողմից արգելափակվել էր Ստեփանակերտը (Արցախի մայրաքաղաքը)։

Արցախի ինքնապաշտպանության ուժերը հետևողականորեն վերացրել էին ադրբեջանական շրջափակումը։ Նախ՝ 1992 թ. հունվար-փետրվարին լիկվիդացվել էին Ստեփանակերտի շուրջ գտնվող ադրբեջանական հենակետերը, ապա գրավվել էին Խոջալու գյուղը, որտեղ էլ գտնվում էր Արցախի միակ օդանավակայանը, որը 1990 թ.-ից վերահսկվում էր ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից։ Ինչպես նաև, ադրբեջանական ստորաբաժանումները Խոջալուից հրետանային կրակ էին արձակել հայկական բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում նաև «Գրադ» համակարգերից կրակ էին արձակել Ստեփանակերտի ուղղությամբ։ 1992 թ. մայիսին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ազատագրել են Շուշին, այնուհետև ադրբեջանական զորքերին դուրս են մղել Լաչինի շրջանից։ Այս գործողությունը վերացրել է Արցախի շրջափակումը, որով արդեն ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ։

Բայց խնդիրն այն էր, որ 1992 թ. օգոստոսին պայթեցվել էր Վրաստանի և Աբխազիայի սահմանին գտնվող երկաթուղային կամուրջը։ Հայաստանն ինքը հայտնվել էր շրջափակման մեջ։ Անգամ էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական 2 ժամով, ներմուծվել էր սննդի բաշխման ռացիոնալ համակարգ։ Սովի և ցրտի, 1988-ի երկրաշարժի արդեյունքում, որը ավերել էր երկրի մոտ մեկ երրորդը, ինչպես նաև տնտեսության սրընթաց փլուզման և զանգվածային գործազրկության պատճառով, Հայաստանից սկսվեց բնակչության արտահոսք։ Միայն 1992-1993 և 1993-1994 թթ. երկու ձմեռների ընթացքում առնվազն կես միլիոն մարդ է լքում Հայաստանը։ Անկախության տարիներին ընդհանուր առմամբ Հայաստանը  մոտ 1 մլն մարդ է լքել։

Չնայած այս դժվարին պայմաններին, Արցախի պաշտպանության բանակը, որի կազմում արցախցիներից զատ կռվում էին նաև Հայաստանից և Սփյուռքից կամավորներ, հայկական զինուժի նորաստեղծ ստորաբաժանումների աջակցությամբ ջախջախում է ադրբեջանական բանակին։ Թեև պետք է նշել, որ ադրբեջանական բանակը ևս մի քանի հաջող գործողություններ է իրականացրել։ Պատերազմի արդյունքում Արցախի պաշտպանության բանակը գրավել է 1991 թ. համեմատ կրկնակի մեծ տարածք։ Ադրբեջանական բանակի կենդանի ուժի կորուստները կազմել են մոտ 30 հազար մարդ, ինչը 5 անգամ ավելի էր հայկական կողմի համեմատ։ Ղարաբաղից հայտնվել էին նաև մոտ 400 հազար ադրբեջանցի փախստականներ։

Այսպիսով, չնայած 1988-ի Հայաստանում տեղի ունեցած սաստիկ երկրաշարժին, Ադրբեջանից հարյուր հազարավոր հայ փախստականների հոսքին, շրջափակմանը, ցրտին ու սովին, նորից ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական թուրքերը մարտի դաշտում չպետք է դուրս գան հայերի դեմ։ Չնայած թվային, տեխնիկական և ռեսուրսային գերազանցությանը, ադրբեջանական թուրքերի և հայերի պատերազմները «բանակն ընդդեմ բանակի» սխեմայի համաձայն ավարտվում են հօգուտ հայերի։

Չի կարելի ասել, որ Ադրբեջանը սա չէր հասկանում։ Հենց այս ըմբռնումն էր նրանց մղել Հայաստանի ու Արցախի շրջափակմանը, իսկ ուղղակի ռազմական գործողությունները միայն գործիք էին, որով Բաքուն ծրագրում էր հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը։ Դա մասամբ հաջողվել էր, Արցախի քաղաքներն ու գյուղերը պարբերաբար ենթարկվում էին հրետանային գնդակոծությունների և օդային հարվածների։ Սա, ըստ Բաքվի ռազմավարությունը մշակողների ծրագրի, պետք է կոտրեր Արցախի հայ բնակչության կամքը և ստիպեր նրանց գաղթել։ Սակայն արդյունքը ճիշտ հակառակն էր։ ԼՂՀ ՊԲ զինծառայողները, իմանալով, որ իրենց ընտանիքները կրակի տակ են, ավելի մեծ նվիրումով էին հարձակվում ադրբեջանական դիրքերի վրա: Ի դեպ, 1988-1994 թթ. առնվազն 2000 խաղաղ հայ բնակիչ է զոհվել։

Պատերազմը Ադրբեջանին չբերեց ցանկալի արդյունքներ, այլ միայն հանգեցրեց նոր պարտությունների ու կորցրած տարածքների։ Բաքվում ինչ-որ պահի լրջորեն վախենում էին հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գանձակի (Գյանջա) կորստից։ Դրանով էր պայմանավորված Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հրադադարի համաձայնագրի կնքումը։

Հետպատերազմյան շրջանում տոտալ պատերազմը շարունակվում էր հայության դեմ։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում էին շրջափակումը, և բացի այդ, նրանք ամեն կերպ փորձում էին նվազագույնի հասցնել, մասնավորապես, Արցախից հայկական արտադրանքի արտահանումը։ Ակտիվ ռազմական գործողությունների բացակայության պայմաններում ավելի ակտիվորեն կիրառվում էր նաև տեղեկատվական պատերազմը։ Ռուսալեզու ադրբեջանական հարթակներից հայերին ասում էին, որ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, նման երկրում ապրելն անհնար է և այլն։ Մարդկանց տեղեկատվությամբ մղում էին արտագաղթի։

Հայաստանի վրա տեղեկատվական ճնշումն արտահայտվում էր նաև կողմերի ժողովրդագրական ցուցանիշների կեղծման մեջ՝ Ադրբեջանի բնակչությունը լրջորեն գերագնահատված էր, իսկ Հայաստանի բնակչությունը, ընդհակառակը, կտրուկ թերագնահատված էր։ Սա մի կողմից պետք է հոգեբանական ճնշում գործադրեր հայերի վրա, մյուս կողմից, այսպես ասած, «ապագայի ծրագրավորում» հանդիսանար։ Ադրբեջանն ու Թուրքիան անում էին ամեն բան , որ գոնե որոշ ժամանակ անց կեղծված թվերը՝ «1,5 միլիոնանոց Հայաստանն ընդդեմ 9 միլիոնանոց Ադրբեջանի» իրականության դառնար։

Հասկանալի է, որ Հայաստանը ներգրավված է խորը ռազմական, քաղաքական և տնտեսական առճակատման մեջ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս առումով հակառակորդների գործողությունները հարցեր չեն առաջացնում տոտալ պատերազմների հայեցակարգում դրանց նպատակահարմարության տեսանկյունից։ Հետաքրքրական է մեկ այլ բան, որ Ադրբեջանում ռազմական պարտությունից բարդույթն այնքան մեծ էր (մինչ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը), որ տոտալ պատերազմի հայեցակարգի կիրառումն իր շրջափակմամբ և խաղաղ բնակչության դեմ հարվածներ հասցնելով, այս հանրապետությունում հպարտության առարկա է դարձել ։

Եթե դիտարկենք մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածը, երկար տարիներ վերահսկելով ադրբեջանական ինտերնետային կայքերը և, ամփոփելով դիտարկումները` կարող ենք ասել հետևյալը, որ ժամանակակից ադրբեջանական թուրքերը հպարտանում են ոչ թե հայերի նկատմամբ ռազմական հաղթանակներով (որոնք նույնպես տեղի են ունեցել պատերազմի ժամանակ), այլ ջարդերով և շրջափակումներով։ Տարօրինակ է, բայց փորձելով հայերին «վախեցնել» համացանցում, ադրբեջանցիներն ամենից հաճախ «սպառնում են» նոր «Սումգայիթների» կրկնությամբ։ Ոչ թե նոր «շահումյանների» (Արցախի Հանրապետության միակ շրջանը, որը շարունակեց մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ 1994 թ.-ից հետո), ոչ թե Մարտակերտի գրավմամբ, այլ հենց «սումգայիթներով»՝ Հայաստանից հեռու գտնվող մի քաղաաքի խաղաղ ու անզեն հայ բնակչության ջարդերով։

Իհարկե, կարելի է պնդել, որ Շահումյանն ու Մարտակերտը ադրբեջանական բանակը գրավել է միայն նախկին խորհրդային բանակի 23-րդ զորամիավորման ստորաբաժանումների և ռուսական բանակի 104-րդ օդադեսանտային զորամիավորման ստորաբաժանումների աջակցության շնորհիվ։ Սակայն այս փաստը լիովին հերքվում է ադրբեջանական քարոզչության կողմից, և այդ պատճառով էլ Սումգայիթով հպարտացող զանգվածի ճնշող մեծամասնությունը կամ չգիտի, կամ չի ցանկանում հավատալ այն փաստին, որ ռուս զինվորականները Ադրբեջանի կողմից են մասնակցել Ղարաբաղյան պատերազմին ։

Ադրբեջանում Սումգայիթով հպարտությունը կարելի է համարել և՛ բարդույթների, և՛ քարոզչության հետևանք։ Ադրբեջանում իշխում է «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսը, ինչը վերահաստատվեց ռազմական գործողությունների վերսկսման ժամանակ 2020 թ., երբ ադրբեջանական բանակը հավատարիմ մնալով նախկին ռազմավարությանը, ամեն գնով առավելագույն հարվածը հասցրեց և շարունակում է հասցնել խաղաղ բնակչությանը և ժողովրդագրությանը։ Այդ իսկ պատճառով էլ ադրբեջանցի պաշտոնյաներն ու քարոզիչները արդեն ապատեղեկատվություն են տարածում, որ Արցախում խաղաղ բնակչություն չկա։ Միանգամայն պարզ է, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է Հարավային Կովկասի հայ բնակչության հնարավորինս մեծ մասը ոչնչացնելու կամ նրանց գաղթի ճանապարհը պարտադրելու համար։ Հայկական կողմը պետք է հստակ հասկանա դա և գործի այս ըմբռնմամբ։

Այսօր, իսկապես, առճակատումը ոչ թե բանակների, այլ պետությունների ազգերի մակարդակով է։ Հետևաբար, բացի Զինված ուժերի մարտունակության բարձրացումից, անհրաժեշտ է հասկանալ, որ հաղթանակը, հետևաբար և գոյատևելը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե երկիրն ունենա հետևյալ գործոնները՝ մարտունակ զինված ուժեր, մեծաքանակ բնակչություն՝ լավ ժողովրդագրական ցուցանիշներով (բերրիություն, դրական միգրացիոն հաշվեկշիռ), պարենային անվտանգություն, ուժեղ տնտեսություն, իրավիճակի ըմբռնում և երկարաժամկետ պլանավորում, որը կարող է իրականացվել միայն գաղափարական հզոր հարթակի վրա։

Այս տերմիններից որևէ մեկի բացակայությունը տոտալ պատերազմի ժամանակ արդեն երկիրը դարձնում է ծայրահեղ խոցելի, նույնիսկ եթե առանձին պատերազմներում ռազմական գերակայությունը Հայաստանի կողմն է լինում։

Կարեն Իգիթյան, կովկասագետ

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *