Ուղիղ 31 տարի առաջ ՝ 1992 թվականի սեպտեմբերի 18-ին, ադրբեջանական զորքերը փորձեցին կտրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ այսպես կոչված Լաչինի միջանցքը: Ինչպիսի՞ն էին իրադարձությունների համատեքստը և գործողության արդյունքները:
Համատեքստը
Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցիների և հայերի միջև էթնիկ հակամարտությունը վերաճեց միջպետական հակամարտության։ Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը հռչակեցին իրենց անկախությունը, կազմավորեցին իրենց զինված ուժերը։ 1992թ. մայիսի 9-18-ը Արցախի ինքնապաշտպանական ուժերը իրականացրեցին Շուշի ազատագրման և Լաչինի միջանցքի բացման գործողությունները, դուրս եկան Հայաստանի հետ սահման՝ Գորիսի շրջանում: Արցախը փրկվեց սովից։ Ադրբեջանի իշխանությունները, սակայն, տրամադրված էին ոչնչացնել Արցախը։ Թուրք խորհրդականների և նախկին խորհրդային բանակի շարքերից վարձկանների օգնությամբ 1992թ․-ի ամռանը Ադրբեջանը գրավեց Շահումյանի շրջանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը։ Իրենց տները լքեցին 66 հազար արցախցիներ՝ հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդը։
Ադրբեջանում հույս ունեին, որ ռազմաճակատում ադրբեջանական զորքերի մշտական ռմբակոծություններն ու հաջողությունները կհանգեցնեն Արցախի բնակչության արտագաղթի։ 1992թ.-ի սեպտեմբերին պարզ դարձավ, որ արցախահայությունը չի պատրաստվում հեռանալ, իսկ ռազմաճակատում դրությունը կայունանում էր։ Բաքվում որոշում կայացրին կտրել Լաչինի միջանցքը և կրկին սովի միջոցով պայքարել Արցախի դեմ։
Ադրբեջանական զորքերի հարձակումը
Ադրբեջանը գործողությունը սկսել է սեպտեմբերի 18-ին։ Հյուսիսից ադրբեջանական զորքերը Լաչինի վրա հարձակվեցին Քարվաճառի շրջանից, երկրորդ հարվածը հասցվեց Շուշիի ուղղությամբ։ Բացի այդ, դեսանտ իջեցվեց հայկական ստորաբաժանումների թիկունքում։ Փորձելով կաշկանել Արցախի Պաշտպանության բանակի պահեստային զորքերը՝ ադրբեջանական զորքերը գրոհեցին Ասկերանի և Մարտունու ուղղությամբ։ Խանաբադ գյուղի մոտ Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկները (հրամանատար ՝ Վիտալի Բալասանյան) կանգնեցրին ադրբեջանական զորքերի առաջխաղացումը։ Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ Մարտունու պաշտպանական շրջանի մարտիկները ջախջախեցին Մարտունու վրա հարձակված ադրբեջանական գումարտակները և հակահարված տալով ՝ նրանց դուրս մղեցին Ամիրանլար, Մուղանլու, Կուրոպատկինո և Մարզիլի գյուղերից։
Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զորքերի հարձակումը Լաչինի վրա ձախողվեց։ Հայկական ստորաբաժանումները նրանց հետ շպրտեցին ելման դիրքեր։
Ադրբեջանական հարձակման արդյունքները
Ադրբեջանական զորքերին չի հաջողվել հասնել իրենց նպատակին և կտրել Լաչինի ճանապարհը։ Կրելով կենդանի ուժի և տեխնիկայի ծանր կորուստներ երեք ուղղություններով (Լաչին, Ասկերան, Մարտունի), ինչպես նաև տարածքային կորուստներ ունենալով Մարտունու ուղղությամբ ՝ ադրբեջանական զորքերը պարտություն կրեցին և 1992թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կողմերը համաձայնագիր ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ռուսաստանը 60 դիտորդ ուղարկեց հակամարտության գոտի։ Սակայն, ժամանակ շահելով ՝ ադրբեջանական բանակը շարունակեց մարտական գործողությունները։ Համաձայնագիրը խափանվեց, Ռուսաստանը հետ կանչեց դիտորդներին։
Հետագայում Ադրբեջանական զորքերը ևս մեկ անգամ փորձեցին կտրել Լաչինի ճանապարհը։ Ադրբեջանի այս փորձերը Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցույց տվեցին, որ Արցախը պաշտպանել, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս չգալով և միայն Լաչինի միջանցքն ունենալով, անհնար է: Այդ պարագայում Ադրբեջանը կկտրի ճանապարհը, և Արցախը կհայտնվի սովի եզրին։ Հենց այդ հարձակումները Լաչինի ճանապարհի վրա ցույց տվեցին Քարվաճառի և Որոտանի (Կուբաթլու) ազատագրման անհրաժեշտությունը, ինչն էլ իրականացվեց 1993 թվականին: