Հուլիսի 13-ից մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մերձավորարևելյան այցելությունների շարքը։ Առաջին հանգրվանն Իսրայելն է։ Պաշտոնավարման մեկնարկից ի վեր սա նրա առաջին այցելությունն է Մերձավոր Արևելք։ Նախատեսված է նաև հանդիպում պաղեստինցի պաշտոնյաների, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ։
Ջ․ Բայդենին նախորդած նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր միակողմանիորեն ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ։ Պաղեստինյան կողմը համարել էր, որ այս քայլով Վաշինգտոնն ակնհայտորեն աջակցում է Երուսաղեմի բռնակցմանն Իսրայելին։ Ջ․ Բայդենը հետ չի կանգնել Դ․ Թրամփի որոշումից, ավելին` զբաղվելու է ԱՄՆ նոր դիվանագիտական ներկայացուցչության կառուցման հարցերով:
Այցի ընթացքում նախատեսված է միացյալ ասուլիս Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յաիր Լապիդի հետ։
Այցելության կուլմինացիան կլինի ուրբաթ օրը` հուլիսի 15-ին, Սաուդյան Արաբիայում, որտեղ կկայանա Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովը, որտեղ նախագահ Ջ․ Բայդենը պատրաստվում է առաջ մղել նավթի արդյունահանման ծավալների մեծացման հարցը` ԱՄՆ-ում վառելիքի գնաճը վերահսկելու նպատակով։ Ուշագրավ է, որ Ջ․ Բայդենը չի հրաժարվել Սաուդյան Արաբիա այցելելու իր մտքից` չնայած նախկինում այդ երկրի հասցեին հնչեցրած քննադատություններին:
«Այս ուղևորությունը կլինի նաև Իսրայելի և արաբական աշխարհի միջև ծնունդ առնող հարաբերությունների և կարգավորմանը միտված քայլերի փոքր խորհրդանիշը, որոնք խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ աշխատում է իմ վարչակազմը»,- գրել է նախագահը։
2020 թ.-ին Դ․ Թրամփի վարչակազմը միջնորդել է Իսրայելի և չորս արաբական երկրների` Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Սուդանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի («Աբրահամյան համաձայնագրերի») կնքման հարցում:
Իսրայելն իր հերթին հույս է հայտնում, որ Ջ․ Բայդենի այս այցելությունը կնպաստի Սաուդյան Արաբիայի հետ մերձեցմանը: Չնայած Էր Ռիյադը պաշտոնապես չի ճանաչել Իսրայելը՝ վերջին տարիների ընթացքում նկատվում է ջերմացում երկու երկրների հարաբերությունների միջև, և դիվանագիտություն, որ հաճախ ծածուկ կերպով է ծավալվում:
Իսրայելի համար այս կապերը, բնականաբար, էական նշանակություն ունեն Իրանին էլ ավելի ակտիվ հակազդելու նպատակով: Ինչպես գիտենք, Իսրայելը շարունակում է ակտիվորեն ներգրավվել Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի աշխարհաքաղաքական շարժերի մեջ և այդ հարցում հստակ գիտակցում է մերձավորարևելյան դաշնակիցների կարևորությունը։ Շնորհիվ երկարամյա ջանքերի՝ նրան կարծես հաջողվում է կոտրել սառույցը, իսկ Հայաստանը, որն ուներ բավականին մեծ հեղինակություն մերձավորարևելյան տարածաշրջանում, կարծես թե անուշադրության է մատնել իր պատմական կապերը։ Դե-ֆակտո իշխանությունների կառավարման այս տարիների ընթացքում գրեթե չեն եղել այցեր բարձր մակարդակով մերձավորարևելյան երկրներ՝ բացառությամբ վերջերս դե-ֆակտո վարչապետի կողմից Կատարի Պետություն կատարած այցը։ Կատարի այցը, սակայն, բնավ հայաստանանպաստ չէր` հաշվի առնելով նրա` Թուրքիայի հետ ունեցած սերտ կապերը, որ միանգամայն համըկնում է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հայ-թուրքական մերձեցման օրակարգի հետ։