«Զոր օրինակ մարմին առանց հոգւոյ մեռեալ է,
սոյնպէս եւ հաւատք առանց գործոց մեռեալ են»
(Յակոբոս 2․26)։
1992 թ․ մայիսի 18-ին հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Բերձոր (Լաչին), Աղավնո (Զաբուխ) գյուղերը, վերացրին Արցախի ցամաքային շրջափակումը՝ ստեղծելով անխափան կապ Հայաստանի մնացած հողերի և Արցախի միջև։ Հետագայում Բերձորի ազատագրման վավերագրական կադրերը, որտեղ երևում են Գորիսից և Շուշիից արշավող հայկական ուժերի միավորումը, ազատամարտիկների ցնծագին դեմքերը և հայրենասիրական երգերի կատարումը Բերձորի հրապարակում, վերածվեցին Արցախյան առաջին պատերազմի մի տեսակ վիզուալ անձնագրի։ Եվ սա պատահական չէ, քանզի Բերձորի ազատագրումը, թեպետ պատերազմի վաղ շրջանի նվաճում էր, այնուամենայնիվ իր կարևորությամբ մարմնավորում էր պատերազմի ամբողջ իմաստը, այն է՝ միացումը։
Ի սկզբանե՝ 1988 թ․-ին, Արցախյան շարժումն սկսվել էր «միացում» կարգախոսով։ Դա ցեղասպանություն վերապրած, հայրենազրկված և մի բուռ հողակտորի վրա մնացած հայ ժողովրդի արդար պահանջն էր՝ քաղաքական մեկ օրգանիզմի մեջ ամփոփելու Հայկական լեռնաշխարհի հայաբնակ մնացած մի կարևոր հողակտոր, այն է՝ Արցախը, որը պատմամշակութային և ժողովրդագրական առումով կենդանի Հայաստան էր՝ չնայած հայկական կանոնավոր զորք վերջին անգամ այնտեղ ոտք էր դրել 1920 թ․-ին, ինչին այնուհետև հաջորդել էր ադրբեջանական 68-ամյա գերության շրջանը։
Միացման գաղափարը հանրահավաքային վանկարկումներից հասավ օրենսդրական մակարդակ և իրավական աներկբա ամրագրում ստացավ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի՝ համատեղ ընդունած վերամիավորման մասին որոշման նախաբանի մեջ, այն է՝ «… արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը…»։ Սա 1989 թ․ դեկտեմբերի 1-ն էր՝ Արցախյան շարժման առաջին՝ նախապատերազմական փուլը, երբ հայ ժողովուրդը հավատում էր, որ վերամիավորելու է Արցախը։ Աստված, սակայն, փորձություն էր նախապատրաստել իր ժողովրդի համար՝ ստուգելու նրա հավատը, քանզի «օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա, միթե հավատը նրան կկարողանա՞ փրկել» (Հակոբոս առաքյալի թուղթը 2․14)։
Այսպես՝ Բերձորի ազատագրումը եղավ հայ ժողովրդի՝ սեփական երազանքների և նպատակների հանդեպ հավատի կենդանի ապացույցը գործով։ Բերձորի ազատագրումը կենդանի վկայությունը եղավ նաև այն բանի, որ բռնի ուժով բաժանված մի բան չի կարող վերամիավորվել միայն թղթի ուժով։ Սյունիքն Արցախին կապող այդ հատվածը վերջին անգամ ազատագրվել էր 1918 թ․դեկտեմբերի 1-ին Անդրանիկի հրամանատարությամբ։ Դժբախտաբար, հավատալով անգլիական հրամանատարության սուտ խոստումներին, թե արդեն իսկ նվաճված հողը պետք է զիջել հանուն Փարիզի վեհաժողովում ենթադրյալ ստորագրվելիք թղթի, որով Թուրքիայի կողմից նվաճված և հայաթափված հայկական հողերը կարող են առանց կռվի վերադարձվել մեզ՝ Անդրանիկը հետ քաշվեց Հակարիի ձորից՝ առաջ չշարժվելով դեպի Շուշի…
Արդեն 1990-ականների, պատմության այս էջերից դաս քաղած և որպես «հուշարար» ունենալով թշնամուն, որ մեր իրավական բոլոր ձեռնարկումներին պատասխանում էր ուժով և բռնությամբ, մենք ի վերջո հասկացանք, որ «ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակոբոս առաքյալի թուղթը 2.26): Եվ այս անգամ վճռական եղանք մեր հավատը, որ ի սկզբանե թղթե տեսք ուներ միայն, հողի վրա կենդանի գործով իրականություն դարձնելու։
Այս կարոտագին խոսքերով և դառը մտքերով ենք նշում Բերձորի ազատագրման հերթական՝ 31-րդ տարեդարձը․ տարեդարձ՝ առանց հոբելյարի։ Բայց և վհատված ու հուսախաբ չենք, որովհետև հավատում ենք, որ գործելու պարագայում նորից կարող ենք վերատիրանալ մեր բնիկ իրավունքներին ու հողերին։ Իսկ այս ճանապարհին առաջին քայլն անսահման սերն է դեպի հայրենիք և հայրենի ժողովուրդ։ Երբ Լաչինն ազատագրածներից Դուշման Վարդանին օպերատորը հարցրեց, թե արդյոք լավ է քաղաքի բարձրադիր մասում՝ ցուցանակի վրա նստած, վերջինս պատասխանեց՝ «նենց հոյակապ տեսարան ա, սենց աշխարհը ոնց որ քոնը ըլնի», որովհետև ճշմարիտ հայի համար աշխարհը Հայաստանն է՝ նրա ազատագրված և ազատագրվելիք հողերով…
Հեղ․՝ Էդգար Էլբակյան