Արցախ

1992 թ. օգոստոսի 24-ին մահացու գնդակը վիրավորեց Բեկորին (Աշոտ Ղուլյան)

24 / 08 / 2023

«Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ՝ որոնց անունով ազգն է ներկայանում»:

Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Հմայակի Ղուլյանը (Ասկոլկա-Բեկոր) ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում: 1975 թվականին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ Աշոտն ավարտում է 8-րդ դասարանը, իսկ 1986ին՝ թիվ 1 միջնակարգ (երեկոյան) դպրոցը: 1977-79 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

Նա բազմարհեստ, ‹‹ոսկի ձեռքեր›› ունեցող վարպետ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ: Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից, կանխազգալով, որ ցույցերն սպասվող պատերազմի նախերգանքն են, ընկերների աջակցությամբ սկսել է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամանակ երեք անգամ վիրավորվել է: Իսկ երբ հասել է պահը, նա գաղտնի զբաղվել է Արցախ զենքեր փոխադրելու գործով և կանգնել ֆիդայական շարժման ակունքներում:

Պատերազմն Աշոտ Ղուլյանի ընտանիքում սկսվել է 1987 թվականին: Ինչպես մի առիթով պատմել է նրա կինը՝ Նելլի Ղուլյանը, երբ Ստեփանակերտում դեռ չէին կազմակերպվում հավաքներ, չէին հնչում անկախության կոչեր, Աշոտն այդ ամենը կանխատեսում էր ու վստահ էր, որ խիզախ հորդորներով ու մեղմ աղերսներով երկիր չես ստեղծի, այն պետք է ձեռք բերել համառ ու տևական կռվով:

Երբ 1991թվականին սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզը հենց իր ջոկատն էր:

Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտերի մեծ մասին:
Նրա հրամանատարական տաղանդը փայլեց հատկապես 1992թ. Շուշիի ազատագրման ժամանակ: Մայիսի 7-ի գիշերը Բեկորի վաշտն առաջինը մոտեցավ բերդի մատույցներին և անվախ հրամանատարն առաջինը մտավ բերդ: Իսկ մայիսի 8-ի առավոտյան 6:30-ին նա հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։

1992 թվականի օգոստոսի 24-ին Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը, սակայն, վերջինը եղավ: Այս անգամ գնդակը մահացու էր…

Աշոտը երեք որդի է ունեցել: Ինչպես կինն է պատմել, հերոսն աշխատում էր՝ ուր էլ լիներ, ինչ վիճակում էլ լիներ, որդիների ծննդյան օրերին չբացակայել: Ցավոք, Աշոտը ներկա չգտնվեց կրտսեր որդու՝ Բեկորի ծնունդին, ով լույս ախարհ եկավ, երբ հայրն արդեն չկար:

Աշոտ Ղուլյանի կենդանի ոգին սերունդներին հուշում է շարունակել ազատության պայքարը պատմական հայրենիքի համար… 

 

Related Posts