Նորություններ

Տեսանելի ապագայում հակամարտության համապարփակ կարգավորումն անհնար է

03 / 06 / 2022

Հունիսի 3-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» միջազգային ինֆորմացիոն ռուսական գործակալությանը։ Հարցազրույցի առանձին կետեր, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները ներկայացնում ենք «Հայկական ալիքի» մեր ընթերցողներին:

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արցախի պետնախարարը հայտարարել է, որ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը անհնար է՝ հաշվի առնելով Արցախի ու Ադրբեջանի տրամագծորեն հակառակ մոտեցումները։ Խոսելով Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին՝ Ա․ Բեգլարյանն ասել է, որ դրանից հետո կարելի է դիտարկել նաև Հայաստանի կազմ մտնելու հարցը։

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Պետնախարարն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության հարցով ներկայիս դե-ֆակտո բանակցային ձևաչափին՝ ասելով, որ հակամարտության կարգավորումը չպետք է դառնա Եվրոմիության համար բանակցությունների առարկա։ Արցախյան կողմի համար մտահոգիչ է, որ ԵՄ ներգրավումը տեղի է ունենում Ռուսաստանի և Արևմուտքի բարդ հարաբերությունների պայմաններում։ Հիշեցնենք, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետը վերջին 6 ամսում 4 հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահի հետ հավաքական եվրոպական կողմի մասնակցությամբ և/կամ միջնորդությամբ։ Հարցին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ իրենք տեսնում են ԵՄ-ի համառ ջանքերը սողոսկելու ՀՀ-ՌԴ-ԱՀ եռակողմ հայտարարությունների իրականացման գործընթացի մեջ և ակնարկելով, որ իրենց համար անընդունելի է այդ ամենը «աշխարհաքաղաքական խաղերի» վերածելու փորձերը։

ՌԱԶՄԱԿԱՆ

Ա․ Բեգլարյանը նշել է, որ Արցախի համար ցանկալի է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անժամկետ տեղակայումը՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը կարգավորված չէ, և Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հետ բանակցությունների՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային առաջարկներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հաշվառման։ Պետնախարարը հնարավոր է համարել ռուսական խաղաղապահների ներկայության շարունակությունն Արցախում նաև հակամարտության կարգավորումից հետո։

Ա․ Բեգլարյանն անդրադարձել է նաև Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ կռված հակաքրիստոնեական հայացքներով ահաբեկիչներին՝ նշելով, որ կան տեղեկություններ, որ մինչ այդ վերջիններս կռվել են Սիրիայում՝ ընդդեմ ռուսական կոնտինգենտի, իսկ այժմ տեղափոխվել են Ուկրաինա։

ՍՈՑԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Ա․ Բեգլարայնը խոսել է նաև պատերազմի ընթացքում Արցախում թիրախավորված և վնասված բնակֆոնդի մասին։ Այսպես՝ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Արցախի բնակավայրերի առավել քան 80 տոկոսը ենթարկվել է ավիահարվածների և հրետակոծության, տուժել են նաև կենսապահովման օբյեկտները՝ գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը։ Այդպիսով՝ որոշ բնակավայրեր կանգնած էին հումանիտար աղետի շեմին։ Այժմ վնասված բնակֆոնդի 60 տոկոսը վերականգնվել է, մնացյալը վերականգնման փուլում է։

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱ՞Լ»

Հարցազրույցի մեկ հատվածը բարդություն էր հարուցել։ «ՌԻԱ»-յի մեջբերմամբ Ա․ Բեգլարյանն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում Հայաստանի հետ  վարվում են բանակցություններ են վարվում, իրականացվում են շփումներ, սակայն ներկայումս այդ հարցում տեղաշարժեր դեռևս չկան»։ Հարցազրույցի շրջանառումից հետո, սակայն, Արցախի պետնախախարը նշել էր, որ այս մեջբերումն ամբողջությամբ չի փոխանցում իր մտքերը, և տեղի է ունեցել թարգմանության հետ կապված տեխնիկական խնդիր։ Ըստ Ա․ Բեգլարյանի՝ ինքը նկատի է ունեցել, որ Արցախի ճանաչման հնարավորության հարցով ՀՀ հետ քննարկումներ միշտ են եղել։

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Հարցազրույցը պատճառ դարձավ Ադրբեջանի տարածքում «ՌԻԱ»-յի արգելափակման համար, որն ըստ Ա․ Բեգլարյանի ի ցույց է դնում Ադրբեջանի հակառուսական էությունն ու անվստահելի «գործընկերությունը»։ Մեր կողմից նկատենք, որ բացի Արցախի պետնախարարին հարթակ տրամադրելուց՝ կից նկարները ևս ունեին ակնհայտորեն ոչ ադրբեջանանպաստ ուղղվածություն։ Մասնավորապես՝ օգտագործված էր նկար Շուշիի Կատարոտ (Ջդրդուզ) տեղամասից, ինչպես նաև Նոր Խարխափուտի անցակետից՝ ռուսերենով «քաղաք Քարվաճառ» նշմամբ։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *