Թարգմանություն

«Միջանցքի ճանապարհը անցնելու է երկու եղբայրական երկրների տարածքով». Թուրքիայի ԳՇ նախկին պետ

03 / 08 / 2022

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայում և Ադրբեջանում ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարության մակարդակում պնդում են, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները կապիտուլյացիայի շրջանակներում համաձայնել են, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային ճանապարհով կապվեն իրար՝ հատելով ՀՀ Սյունիքի մարզը և Արցախի օկուպացված հարավային շրջանները։ Այդ ճանապարհը ստացել է «Զանգեզուրի միջանցք» անունը և իր էությամբ համընկնում է Թուրքիայի՝ տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական մեծ հավակնությունների հետ. ձեռք բերելով անխափան ցամաքային կապ Ադրբեջանի հետ՝ Անկարան հնարավորություն է ստանում ոչ միայն էլ ավելի ամրանալ Հարավային Կովկասում, այլև դառնալ տարածաշրջանային գերտերություն, որի անմիջական ազդեցության գոտում կհայտնվեն թե՛ Կովկասը, թե՛ Միջին Ասիան և թե՛ Մեծ Մերձավոր Արևելքի այլ ենթաշրջաններ։ Սյունիքով ՀՀ սուվերեն տարածքում նման ճանապարհի առկայությունը հղի է նաև Սյունիքի սողացող նվաճման մեծ սպառնալիքներով։ Ընդ որում՝ Սյունիքի հանդեպ տարածքային հավակնությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նոր չեն, դրանք եղել են նաև 20-րդ դարասկզբին, ինչպես նաև ԽՍՀՄ և հետխորհրդային տարիներին։
«Հայկական ալիքի» խմբագրությունը թարգմանաբար հրապարակում  է Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ, բարձրաստիճան զինվորական Իլքեր Բաշբուղի սյունակը, որը ներկայացնում է Թուրքիայի՝ Սյունիքով միջանցք ստանալու տեսլականն ու դրա համար մղած ավելի քան 100-ամյա պայքարի հակիրճ էությունը։ Այն ամփոփ ցույց է տալիս ճանապարհի կարևորությունը թուրքական կողմի համար։ Սյունակը գրվել է 2020 թ. դեկտեմբերի 11-ին և հրապարակվել թուրքական Cumhuriyet օրաթերթում։ Սյունակը ներկայացնում ենք հատվածաբար։

ՆՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Թուրքիայի և Ադրբեջանի միջև պատմական կապը որպես «մեկ ազգ, երկու պետություն» բնութագրվող և ընկալվող կապ է։…

Անցած 29 տարիների ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը Թուրքիայի Զինված ուժերի մեծ աջակցությամբ և օգնությամբ ձեռք բերեց իսկական բանակի որակներ։ Այն, որ Հայաստանը այս մեծ տարբերությունը անգամ չի կարողանում տեսնել, անհավատալի իրավիճակ է։

44 օր տևած Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը և ադրբեջանական զինված ուժերը մեծ հաղթանակ տարան։ Օկուպացված Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Շուշի և Հադրութ քաղաքները հայկական օկուպացիայից ազատագրվեցին։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող երեք շրջանների՝ Աղդամի․ Քելբաջարի և Լաչինի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելով տարածաշրջանում նոր փուլ սկսվեց։…

Թուրքիան այս պատերազմում անվերապահորեն Ադրբեջանի կողքին էր։ Սրանից ավելի բնական ոչինչ չէր էլ կարող լինել։…

Ադրբեջանը վերդարձրեց 29 տարի առաջ կորցրած գրավված հողերը։ Սա շատ կարևոր արդյունք է։ Ադրբեջանական բանակի այս հաջողությունը բարձրացրեց Ադրբեջան պետության և ժողովրդի ինքնավստահությունը։…

Մեր ամենաբնական ցանկությունը

Ըստ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված համաձայնագրի՝ Թուրքիան հրադադարի դիտարկման կենտրոնի մաս է կազմելու։

2008-2010 թթ․-ին, երբ ես Գլխավոր շտաբի պետն էի, եղբայրական Ադրբեջանի պաշտոնյաների հետ մեր բոլոր հանդիպումների ընթացքում քննարկում էինք, թե մի օր ինչպես են իրականացվելու այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել այսօր։ Մեր հավատն առ այն, որ մի օր այս ամենը անպայման իրականանալու է, լիակատար էր։

Իսկ մեր ամենամեծ ցանկություններից մեկն այն էր, որ Թուրքիան և Ադրբեջանը կարողանան ցամաքային ճանապարհով անխափան կերպով կապվել իրար։ Այս մասին անգամ քարտեզի շուրջ խոսելիս ոգևորվում էինք։ Սրանից ավելի բնական ի՞նչ ցանկություն կարող էր լինել «Մեկ ազգ, երկու պետության» համար։

Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի միջև Իգդիրից մինչև Բաքու ձգվող ցամաքային մայրուղին մոտավորապես 927 կիլոմետր է։

«Զանգեզուրի միջանցքը» պատկերող քարտեզ Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության կայքից։ Աղբյուրը՝ https://www.aa.com.tr/en/info/infographic/25635

Թյուրքական դարպաս

Ըստ 2020 թ․-ի նոյեմբերի 10-ին կողմերի միջև ստորագրված համաձայնագրի՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության միջանցք է բացվելու։ Բացվելիք այս մայրուղով հեռավորությունը կկրճատվի՝ դառնալով 650 կմ։ Հեռավորությունը, անշուշտ, կարևոր է։ Սակայն իսկապես կարևոր հանգամանքն այն է, որ այդ 650 կիլոմետրանոց ճանապարհը անցնելու է երկու եղբայրական երկրների տարածքով։ Դրա հոգեբանական արժեքը ամենից կարևորն է։

Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը Նախիջևանը 1921 թ․-ին անվանել էր «Թյուրքական դարպաս»։

Աթաթյուրքի հեռատեսությունը

Ինչպես հայտնի է, Նախիջանի կարգավիճակը որոշվել է 1921 թ մարտի 16 Մոսկվայի պայմանագրով։ Այս պայմանագրով որոշվել էր, որ Նախիջևանը Ադրբեջանի հովանավորության ներքո ինքնավար շրջան է լինելու։ Խորհրդային Միությունը և Թուրքիան դարձել էին  Նախիջևանի երաշխավոր երկրները։

Մոսկվայի պայմանագրի [բանակցությունների] համար Խորհրդայինն Միություն մեկնող Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակության նախագահ Յուսուֆ Քեմալին (Թենգինշենկ) Մուստաֆա Քեմալ փաշան ասել է հետևյալը․ «Նախիջևանը թյուրքական դարպասն է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ արե՛ք հնարավորը»։

Թուրք-իրանական ներկայիս սահմանին էլ վերջնական տեսք է տրվել Աթաթյուրքի օրոք։ 1932 թ-ի հունվարի 23-ի պայմանագրից հետո՝ 1937 թ մայիսի  27-ին ստորագրված մի պայմանագրով Արարատ լեռն ամբողջությամբ՝ ներառյալ Սիսը, թողնվեց Թուրքիային։ Իսկ դրա դիմաց Վանի Կոտուր շրջանից մի հատված տրվեց Իրանին։

Մուստաֆա Քեմալի այս քայլերը նրա հեռատեսության, այսինքն տեսլական ունենալու անհավատալի օրինակներն են։…

1921 թ-ին Աթաթյուրքի կատարած քայլերը, ցանած սերմերն այսօր՝ շուրջ 100 տարի անց, տալիս են իրենց արդյունքները։

Աթաթյուրքի «Թյուրքական դարպաս» կոչած ճանապարհը, որը երկու եղբայրական երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, անխափան կերպով միմյանց է կապելու, մոտ ժամանակներում կբացվի։

Դա տեսնելուց ավելի մեծ երջանկություն ինչը՞ կարող է լինել։

Թարգմանությունը՝ թյուրքագետ Արփի Մադոյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *