Հուլիսի 31-ին ՀՅԴ Նիդեռլանդների Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը գրառմամբ «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել էր, որ իրեն արգելել են հայրենիք մուտք գործել՝ պատճառաբանությամբ, թե անցանկալի անձ է։ Սյունեն գալիս էր Հայաստան՝ մասնակցելու Սյունիքում կամավորական ճամբարներին։
168.am- ի հետ զրույցում Սյունե Աբրահամյանը հայրենիք մուտքի արգելքը պայմանավորեց իր քաղաքական հայացքներով․ «Առաջին անգամը չէ, որ ես Հայաստան եմ գալիս. որևէ տեխնիկական խնդիր գոյություն չունի՝ օրինակ, անձնագրի հետ կապված։ Սա հստակ քաղաքական հետապնդում է »,- ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամը՝ հավելելով, որ հստակ չի հասկացել, թե ինչն էր մուտքի արգելքի պատճառը:
Այսօր՝ օգոստոսի 1-ին «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը, որի մուտքը Հայաստան արգելվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով․ «Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։ Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես» :
Այս կապակցությամբ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ․ «Ապազգային կլանի հալածանքը դաշնակցական գործիչների դեմ շարունակվում է։ ․․․ Արդեն հստակ է, որ պատրաստված է, այսպես կոչված, անցանկալի մարդկանց ցուցակ: Եվ ինչպես մեր նախորդ հայտարարություններում ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ը տերը չէ իր կոչումի և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումների համար։
Իրավական և հնարավոր բոլոր միջոցներով պիտի պայքարենք հայրենազրկության այս քստմնելի արշավի դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման տերերը, մանավանդ, երբ մտածում են այս միջոցով ճնշել ու լռեցնել համազգային մեր Դատի, Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրյալ գործիչներին:
Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է իշխանության եկած ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը»։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Վերջինս տարիներ շարունակ զբաղվել է Սփյուռքում Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցով:
Եթե Սփյուռքի գործիչների դեմ արշավը տարիներ առաջ գլխավորում էին Հայաստանի արտաքին թշնամիները` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, ապա այժմ նրանց շարքերն է համալրել ՀՀ դե-ֆակտո իշխանությունը: Եթե համադրենք թուրքական կողմի հայտարարությունները «Սփյուռքի` Հայաստան–Թուրքիա հարաբերությունները թունավորելու», ՀՀ դե-ֆակտո իշխանությունների նկատմամբ «ներսում ռադիկալների և դրսում սփյուռքի ճնշման», «անցյալի ստերով մխիթարող Սփյուռքի» վերաբերյալ և սփյուռքի դեմ դե-ֆակտո իշխանությունների պայքարը, ապա կարելի է նկատել տարօրինակ համակարգվածություն թուրքական թեզերի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների գործելակերպի միջև: Սա հստակ արշավ է ավանդական Սփյուռքի, Հայ Դատի և հայոց պահանջատիրության դեմ: