Այս օրերին է լրանում ադրբեջանցի ազգայնականների` հայ խաղաղ բնակչության դեմ հերթական ոճրի` 1990 թ.-ի Բաքվի ջարդերի 33-ամյակը: Իհարկե, այդ ջարդերն ունեին իրենց նախապատմությունը: 1905 թ.-ին նույն այդ ադրբեջանցի ազգայնականները, որոնք դեռ չէին կոչվում «ադրբեջանցի», այլ հայտնի էին որպես «կովկասյան թաթարներ», կրկին ջարդեր էին կազմակերպել Բաքվում:
Ջարդերը և ջարդերի փորձերը թաթար-ադրբեջանցիներն իրականացրել են դեռևս 1905 թ. Անդրկովկասի ողջ տարածքում` Երևանից մինչև Արցախ և Բաքու, Թիֆլիսի նահանգից մինչև Նախիջևան: Այդ ժամանակ ինքնապաշտպանության ընթացքում հայերը ոչ միայն հետ մղեցին գրոհները, այլև արդեն 1906թ. անցան հակագրոհների։
1918 թ.-ին` այսպես կոչված «Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն» հիմնադրումից 3 ամիս անց, կանոնավոր թուրքական զորքերը և նրանց կցված թաթարների (ադրբեջանցիների) ջոկատները, գրավելով Բաքու, հայկական բնակչության ջարդերը կազմակերպեցին, որին զոհ գնացին ավելի քան 30 հազար հայեր: Ինչպես տեսնում ենք, ադրբեջանցի ազգայնականներն արդեն ունեին ամոթալի փորձ մայրաքաղաքում ջարդեր կազմակերպելու:
Արցախյան շարժման սկիզբ առնելուց` 1988 թ. փետրվարի 20-ից հետո Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը դիմեց ԱդրԽՍՀ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ իշխանություններին` ԼՂԻՄ-ը ԱդրԽՍՀ կազմից Հայաստանին փոխանցելու խնդրանքով, որից հետո ադրբեջանցի ազգայնականները սկսեցին ջարդեր Սումգայիթում, որը հեռու չէ Բաքվից, ջարդեր կազմակերպելու փորձեր են եղել նաև Գանձակում (Կիրովաբադ):
Արդեն 1988 թ.-ին Բաքվում սկսվեցին մասսայական ցույցեր, հարձակումներ հայերի վրա, ծեծկռտուք և սպանություններ: Բայց ամենամասսայական ջարդերը, որոնք վերջ դրեցին հայ համայնքի ներկայությանը քաղաքում, իրագործվել են ադրբեջանցի ազգայնականների կողմից 1990 թ.-ի հունվարի 13-ից 20-ը:
Ջարդարարները հավաքվել էին մեծ ցույցի քաղաքի կենտրոնում: Ցույցի հիմնական կարգախոսներն էին` «Մա՛հ հայերին» և «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին»: Այնուհետև վերջիններս ցրվեցին քաղաքով մեկ` նախապես ունենալով այն բնակարանների ցանկը, որտեղ հայեր էին ապրում: Ջարդարարների վայրագությունները տևեցին մեկ շաբաթ. մարդկանց խոշտանգում էին, բռնաբարում, ողջ-ողջ այրում: Վայրագություններն ավարտվեցին, երբ խորհրդային զորքերը հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը մտան քաղաք: Ջարդերին զոհ գնացին մոտ 300 հայեր, սակայն հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ, քանի որ Ադրբեջանի իշխանություները ամեն կերպ փորձել են թաքցնել սպանվածների թիվը:
Խորհրդային զորքերի` Բաքու մտնելու պահին ադրբեջանցի ազգայնականների կողմից սպանվել էր խորհրդային բանակի 279 զինվոր, ավելի քան հարյուրը` վիրավորվել: Խորհրդային զորքերը ուժ կիրառեցին, ինչի արդյունքում, Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն, սպանվեց 134 մարդ, որոնց հռչակեցին որպես «շեհիդներ»: Հիմնականում նրանք ջարդերի մասնակիցներն էին:
Մինչ 1988 թ. Բաքվի հայ համայնքը կազմում էր մոտ 217 հազար մարդ, որոնց գերակշիռ մասը չկարողացան վաճառել իրենց բնակարանները և դարձան փախստականներ: 1990 թ.-ի ջարդերից հետո Բաքվում հայեր չմնացին:
Հարկ է նշել, որ ադրբեջանական ազգայնականները և ջարդարարները պարբերաբար կրում էին կորուստներ, երբ առերեսվում էին հայ զինյալներին ու կամավորներին Արցախում: Իսկ երբ սկսվեց լայնամասշտաբ Արցախյան պատերազմը (1991-1994 թթ.), Արցախի ՊԲ-ը հիմնովին ջախջախեց ադրբեջանական բանակը: Ադրբեջանական կողմում հայտնվեցին հարյուր հազարավոր տեղահանվածներ, որոնք պաշտոնական Բաքվի ձեռքում դարձան խաղաքարտ: Բայց դա արդեն այլ պատմություն է:
Կարեն Իգիթյան, կովկասագետ