Արխիվ

Ուղիղ 300 տարի առաջ ռուսական զորքերն առաջին անգամ գրոհեցին Բաքուն

28 / 07 / 2023

Ուղիղ 300 տարի առաջ՝ 1723 թվականի հուլիսի 28-ին, ռուսական զորքերն առաջին անգամ գրոհեցին Բաքու քաղաքը։ Այդ ժամանակ Բաքուն Սեֆյան Իրանի քաղաքն էր։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինի կասպիական արշավանքի շրջանակներում։

Կասպիական արշավանք

18-րդ դարի սկզբին Ռուսաստանը դեռ ելք չուներ դեպի ծով, ինչը մեծապես սահմանափակում էր նրա տնտեսական հնարավորությունները։ Երիտասարդ կայսր Պետրոս Առաջինը, հասկանալով, թե ինչ օգուտներ է բերում ծովային առևտուրը, վճռականորեն որոշում է հաստատվել ինչպես Բալթիկ, այնպես էլ Սև ծովում: Բալթյան երկրներ դուրս գալու համար քսան տարի շարունակ Ռուսաստանի և Շվեդիայի միջև ընթանում էր Հյուսիսային պատերազմը: Միաժամանակ Ռուսաստանը փորձում էր հասնել Սև ծով՝ պատերազմելով Օսմանյան կայսրության և նրա վասալի՝ Ղրիմի խանության դեմ։ Այս պատերազմը հաջողություն չբերեց, սակայն 1721 թվականին Հյուսիսային պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով և Բալթիկ ծովի ափին վերջինիս հաստատմամբ։

Առևտրային ուղիների վերահսկման հեռանկարային ուղղություն էր նաև Կասպից ծովի ափը։ 1721 թվականին Սեֆյան Իրանի թուլացման ֆոնին, որի դեմ հանդես էին գալիս Միր Մահմուդի աֆղանները, Ռուսաստանում սկսվում են արշավանքի նախապատրաստական ​​աշխատանքները։ Արշավանքի հաջողությունն ապահովելու համար ռուսական պետությունը փաստացի դաշինք է կնքում վրացիների հետ՝ ի դեմս Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի, և հայերի հետ՝ ի դեմս Աստվածատուր Ա կաթողիկոսի և Արցախի ու Սյունիքի հայ ֆեոդալների։ Բացի կանոնավոր զորքերից և նավատորմից (ավելի քան 37 հազար), արշավանքին ներգրավված է եղել մոտ 50 հազար անկանոն զորք՝ կալմիկների հեծելազորի ուժեր, կազակներ, թաթարներ և  կաբարդիններ։

Ռուսաստանը պաշտոնապես արշավանքի նպատակ է հայտարարում դաղստանցի ֆեոդալներ Դաուդ բեկի և Սուրխայ խանի պատիժը, որոնք ապստամբել են պարսից շահի իշխանության դեմ և Շամախիում հարձակվել են ռուս վաճառականների վրա։ Ընդ որում, նրանք բանակցություններ էին վարում Օսմանյան Թուրքիայի հետ՝ վերջինիս հովանավորության տակ անցնելու նպատակով։

Կասպիական արշավանք – 1722 թվական

1722 թվականի արշավանքը տեղի է ունեցել հիմնականում Դաղստանում՝ անձամբ Պետրոս Առաջինի մասնակցությամբ։ Հուլիսին Ռուսաստանի դաշնակից կալմիկներն ու կաբարդինները մարտեր էին մղում կումիկ Էնդիրեևի իշխանության դեմ։ Ռուսական զորքերը Պետրոս Առաջինի գլխավորությամբ մտնում են Տարկովի շամխալատի մայրաքաղաք, այնուհետև կալմիկների և կաբարդինների հետ միասին շարժվում են առաջ՝ դեպի Դերբենդ։ 1722 թվականի օգոստոսին ռուսական բանակը Ինչխե գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակ է տանում դաղստանցի ֆեոդալների նկատմամբ։ Այս հաղթանակը թույլ է տալիս շարունակել արշավանքը և օգոստոսի 23-ին մտնել Դերբենդ, չնայած ավելի ուշ կայտագների ջոկատները պարբերաբար կաթվածահար են անում Դաղստանում ռուսական զորքերի մատակարարումը: Միաժամանակ իրենց գործողություններն էին իրականացնում Ռուսաստանի դաշնակիցները։ 1722 թվականի սեպտեմբերին Եսայի Հասան-Ջալալյանի հայկական և վրաց Վախթանգ թագավորի միացյալ զորքերը (ընդամենը մոտ 40 հազար) մտնում են Գանձակ՝ պաշտպանելով տարածաշրջանը դաղստանցի լեռնաբնակների թալանչիական արշավանքներից։ Սյունիքում ուժեր էր հավաքում հայոց սպարապետ Դավիթ Բեկը։ Նրա զորքերը շուտով սկսում են ջարդուփշուր անել թուրք քոչվորների ջոկատները, որոնք կողոպտում էին հայ բնակչությանը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի դաշնակից Տարկովի շամխալը շարժվում է դեպի Բաքու, իսկ ռուսական զորքերն ամրանում են Կասպից ծովի ափին՝ իրանական Ռաշթ քաղաքում։

Սեֆյանների պետությունը փլուզվում էր։ Աֆղանստանի առաջնորդ Միր Մահմուդը գրավում է Իրանի մայրաքաղաք Սպահանը և իրեն շահ է հռչակում։ Սեֆյան արքայազն Թահմասպը փախչում է մայրաքաղաքից և իրեն շահ է հռչակում։ Սկսվում են նրա բանակցությունները Ռուսաստանի հետ։

Կասպիական արշավանք – 1723 թվական

1723 թվականի արշավանքի ընթացքում ռուսական զորքերը ղեկավարում էր Ռուսաստանի կայսեր երկրորդ զարմիկը՝ գեներալ Միխայիլ Մատյուշկինը։ Ինքը՝ Պետրոս Առաջինը, զորքերը ղեկավարում էր Ռուսական կայսրության տարածքից։ Դեռևս 1722 թվականի նոյեմբերին Պետրոսը Մատյուշկինին հանձնարարել էր գրավել Բաքուն, սակայն գործը ձգձգվում էր։ Տեղեկանալով օսմանյան զորքերի մոտալուտ ներխուժման մասին՝ Պետրոսը շտապեցնում է զորքերի հրամանատարին։ Հուլիսին ռուսական նավատորմը մոտենում է Բաքվին և դեսանտ է իջեցնում, որը հարձակման է ենթարկվում հեծելազորի կողմից։ Որոշվում է շարունակել Բաքվի ռմբակոծությունը մինչև լիակատար կապիտուլյացիա, ինչը տեղի է ունենում 1723 թվականի հուլիսի 28-ին։ Քաղաքի ղեկավար Դերգահ Կուլի-բեկը քաղաքը թողնում է ռուսական զորքերին՝ նրանց հանձնելով դարպասի բանալիները։ Տեղի բնակիչները ողջունում են ռուսական բանակին։

Միևնույն ժամանակ Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերը գրավում են Թիֆլիսը և մտնում Գանձակ։

1723 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև ստորագրվում է Պետերբուրգի պայմանագիրը, որով Իրանը Բաքուն, Գիլանը և Մազանդարանը ճանաչում էր որպես Ռուսաստանի տարածք, իսկ Ռուսաստանը պարտավորվում էր աջակցել Իրանին՝ աֆղանների և Օսմանյան կայսրության դեմ պատերազմում: Սակայն բանագնացի վերադարձից հետո շահ Թահմասպը հրաժարվում է ճանաչել պայմանագիրը։

Արդեն 1724 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանն Օսմանյան կայսրության հետ ստորագրում է Կոստանդնուպոլսի պայմանագիրը, համաձայն որի վերջինս ճանաչում էր Իրանի հետ Պետերբուրգյան պայմանագրի պայմանները, համաձայնում էր Իրանի՝ որպես անկախ պետության գոյության հետ։ Իսկ Ռուսաստանը ճանաչում էր թուրքերի դե ֆակտո նվաճումներն Անդրկովկասում։ Այդ ժամանակ ծանր մարտերից հետո թուրքերը գրավում են Երևանը (1724 թվականի հունիսի 7), որը պաշտպանվում էր տեղի հայ բնակչության կողմից։

Իրանի կտրուկ թուլացման և տարածաշրջանում վակուումի պայմաններում Ռուսաստանը 1722 թվականին առաջին անգամ գալիս է Անդրկովկաս։ Սակայն Օսմանյան Թուրքիայի հետ նոր պատերազմի նախօրեին Նադիր շահի օրոք ուժեղացած Իրանին է վերադարձնում Ռաշթի (Ռաշթի պայմանագիր 1732 թ.) և Բաքվի (Գանձակի պայմանագիր 1735 թ.) տարածքները։ Բացի այդ, Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվածություններ են ձեռք բերում Թուրքիայի դեմ համատեղ պայքարի և առևտրային արտոնությունների մասին:

Կովկասագետ Կարեն Իգիթյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *