Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի սադրած պատերազմի առնչությամբ ասել է․ «Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները մեզ անհանգստացրին։ Հայաստանը պետք է վերջ տա սադրանքներին։ Հայաստանի հետ երկկողմ մակարդակում մեր բանակցությունները շարունակվում են, սակայն նրանց ասում ենք, որ այս գործընթացը առանց Ադրբեջանի չի շարունակվելու։ Անհնար է, որ մենք Ադրբեջանից անկախ քայլեր ձեռնարկենք, իրատեսական էլ չէ։ Ներկայումս համաձայնագրեր են ստորագրվել՝ Զանգեզուրի և այլ նախագծերը, որոնք Հայաստանին էլ շատ օգուտ կտան, սակայն անգամ սրա դեմ մի շարք պատճառաբանություններ են գտնում, ինչպես «միջանցք մի՛ անվանեք»։ Առաջընթաց կարող է լինել, եթե Հայաստանն ավելի անկեղծ լինի»։
Հայ-թուրքական կարգավորման հերթական փուլի մեկնարկից ի վեր՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փորձում են ջանադրաբար համոզել ներքին լսարանին, որ կարգավորման գործընթացը, իբրև թե, «առանց նախապայմանների է» և ընթանում է՝ անկախ Ադրբեջանից։
Դրան զուգահեռ՝ Թուրքիան պաշտոնական մակարդակով անխտիր բոլոր հայտարարություններում նշել է, որ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի հետ համաձայնեցված։ ՀՀ դե-ֆակտո պաշտոնյաները սրան որևէ մեկնաբանություն չեն տվել՝ բացի Թուրքիայի այդ հայտարարություններն ապակառուցողական որակելուց։ Սակայն այն, որ Թուրքիայի փաստացի առաջ քաշած պայմանների շարքում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, սփյուռքի և ներհայաստանյան ազգային ուժերի արդար պահանջատիրության ճնշումը, իսկ վերջնական փուլում վստահաբար կբարձրացվի նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու հարցը, լղոզված ձևակերպումներով ու պատճառաբանություններով քողարկվում է հայկական լսարանից։ Թեև ներկա իշխանությունների պարագայում Թուրքիայի պահանջների մեծ մասն, ըստ էության, ինքնըստինքյան բավարարված է՝ պայմանավորված նրանց և Թուրքիայի շահերի ակնհայտ համընկնումով։ Փոխարենը, ակտիվորեն թմբկահարվում է այն թվացյալ տնտեսական օգուտների թեման, որ Հայաստանը կստանա սահմանների բացման դեպքում՝ իհարկե, կրկին խեղաթյուրելով իրականությունը։
Հայ-թուրքական կարգավորման մեջ Ադրբեջանին ներգրավելով՝ Թուրքիան, ի թիվս այլ նպատակների, հետևողական ճնշումների միջոցով մեկ կարևորագույն խնդիր կլուծի՝ կհասնի թուրքական հանրապետության հիմնադրումից ի վեր փայփայած բաղձալի երազանքին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, այսինքն՝ ցամաքային կապ կստանա Ադրբեջանի և ողջ թյուրքական աշխարհի՝ Թուրանի հետ։ Պատահական չէ, որ Թուրքիան ևս չափից դուրս շահագրգռված է այդ չարաբաստիկ միջանցքի բացմամբ՝ իհարկե, դա ներկայացնելով հօգուտ Հայաստանի՝ որպես «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում»։