Նորություններ

Ադրբեջանի խոհրդարանը կքննարկի «Արևմտյան Ադրբեջան վերադարձը»

01 / 03 / 2023

Մարտի 3-ին Ադրբեջանի խորհրդարանում տեղի կունենան «Հաղթահարելով լեռները. խաղաղ և իրավական վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով հասարակական լսումներ՝ Միլլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնախմբի կազմակերպմամբ:

Ըստ հաղորդագրության՝ միջոցառման ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց կարծիքներով և առաջարկներ կներկայացնեն ադրբեջանցիների «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան խաղաղ վերադարձի վերաբերյալ»: Լսումներին մասնակցելու են պատգամավորներ, գիտնականներ, հետազոտողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին ձևակերպման ներքո ենթադրվում է ՀՀ ներկայիս ամբողջ սուվերեն տարածքը։ Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանը նվաճելու «խաղաղ» ծրագիր՝ ապօրինի բնակեցման և ժողովրդագրական պատկերը փոխելու միջոցով։ Ադրբեջանը ամբողջ ներուժով լծված է այս ապօրինի պահանջի համար լեգիտիմ հիմք ապահովելուն, ընդ որում՝ և՛ պետական ինստիտուտների մակարդակով, և՛ միջազգային հարթակում։

Պետության կողմից հրահանգավորվող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը արդեն իսկ կազմել է ցուցակ 100.000 այն ադրբեջանցիների անուններով, ովքեր պետք է «վերադառնան» Հայաստան։ Ադրբեջանի ԳԱԱ-ում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ուսումնասիրություններին վերաբերող 3 բաժին է բացվել՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմության բաժին, «Արևմտյան Ադրբեջանի» ժողովրդական բանահյուսության և տեղանվանաբանության բաժին։

Կազմակերպության արձանագրած ամենախոշոր հաջողությունը թերևս իրենց դիմումը միջազգային հանրությանը ՄԱԿ-ի կողմից շրջանառելն էր որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի փաստաթուղթ։ Փաստաթղթի վերջում, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պահանջում է «Հայաստանի կառավարությունից միջազգային գործընթացի շրջանակներում հնարավորություն ընձեռել էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին» ՀՀ ներկայիս տարածք։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *