Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը հերքում է ՀՀ ԱԽ դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյան պնդումները։
«Խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայկական բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղության պայմանագրի նախագծում այդ մասին դրույթ ներառելու ջանքերը բացարձակապես անհիմն են, և նման փորձերը ոչ մի արդյունք չեն տա։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, այս տարածաշրջանում ապրող ազգությամբ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են ԱՀ Սահմանադրության համաձայն»– հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱԽ դե-ֆակտո քարտուղարի ելույթներում կարմիր թելով անցնում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրում «տեսանելի միջազգային մեխանիզմի» ստեղծման մասին դրույթ ներառելու պնդումը, որի շրջանակներում Բաքուն ու Ստեփանակերտը իբրև թե պետք է քննարկեն արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցերը։ Վերջին նման հայտարարությունը հնչեց ընդամենը օրեր առաջ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, երբ Արցախի կարգավիճակից ու ինքնորոշումից հրաժարվելու մասին բոլոր հարցերին վերջինս ուներ ընդամենը մեկ պատասխան՝ «տեսանելի միջազգային մեխանիզմ՝ իրավունքների քննարկման համար»։
Սակայն Ադրբեջանը համառորեն պնդում է, որ չի պատրաստվում որևէ կերպ քննարկել արցախահայության իրավունքների հարցը՝ զրկելով դե-ֆակտո իշխանություններին անգամ այս աղքատիկ պահանջի հնարավորությունից։ Հաշվի առնելով, որ դե-ֆակտո վարչակազմը վաղուց հրաժարվել է Արցախի ինքնորոշման ու կարգավիճակի համար պայքարելուց և որպես առաջնահերթություն սահմանում է արցախահայության իրավունքները, իսկ Բաքուն բացեիբաց հայտարարում է, որ չի պատրաստվում դրանք քննարկել, մենք կունենանք պայմանագիր՝ առանց արցախահայության մասին որևէ հիշատակման, ինչն էլ կհանգեցնի Արցախի վերջնական հայաթափմանն ու հանձնմանը։