Վերլուծություն

Ադրբեջանի հերթական պահանջը

06 / 07 / 2022

 

ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործության և լուռ համաձայնության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն իրականացնում են Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում օկուպացված հայկական տարածքների մշակութային և ռազմաքաղաքական ակտիվ յուրացում, այլև շարունակում են հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ։ Ընդ որում, այդ հավակնությունները բարձրաձայնվում են ոչ միայն ներքին լսարանի առջև՝ այդպիսով ապահովելով հակահայկական տրամադրությունների բարձր մակարդակը,  այլև միջազգային հարթակում, ինչն էլ կապված է ՀՀ նկատմամբ ծավալապաշտության արտաքին լեգիտումթյան ապահովման հետ։

Վերջին նմանօրինակ դրսևորումը կարելի է համարել հուլիսի 5-ին Ադրբեջանում անցկացված պատմաբան, հետազոտող Սաբուհի Հուսեյնովի «Թեփեբաշի թաղամասի՝ Երևանում Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը․ Հայաստանում ադրբեջանական ազգի ժառանգության ոչնչացումն ու պատմական հետքերի վերացումը» ուսումնասիրության շնորհանդեսը։ Նշվում է, որ «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասը «հնագույն Իրևան քաղաքի» պատմական թաղամասերից է, որի «ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը»։ Հետազոտության հիման վրա հրապարակվել է նաև նույնանուն գիրքը, որի մեջ ընդգրկվել են ուսումնասիրության նյութերը և «արխիվային փաստաթղթեր, որոնք վկայում են ադրբեջանական ազգին Թեփեբաշի թաղամասի պատկանելության և այնտեղ գտնվող վերջին հուշարձանների մասին, որոնք ոչնչացվում են»։ Իր ելույթում «Միրաս» մշակութային ժառանգության ուսումնասիրության աջակցության հասարակական միության նախագահ Ֆարիզ Խալիլին նշել է. «Երևանին և նրա մշակութային ժառանգությանը անհրաժեշտ է մոտենալ միջազգային կոնվենցիաների շրջանակներում»։

Ս․ Հուսեյնովը հայտարարել էր նաև․ «Կապույտ մզկիթն այսօրվա դրությամբ Երևանում գոյատևած միակ մզկիթն է։ Այդ մզկիթը գտնվել է Թեփեբաշի քաղաքային թաղամասում»։ Նա անթույլատրելի է համարել այն, որ Իրանի ներկայացուցիչները Կապույտ մզկիթը համարում են իրանական մզկիթ և նշել է, որ «Կապույտ մզկիթը աշխարհում պետք է ճանաչվի որպես ադրբեջանական մզկիթ»։

Շնորհանդեսի ժամանակ նաև հայտնի է դարձել, որ մի շարք ադրբեջանցի գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ Փաստաթղթում, որ իրենից ամբողջությամբ ներկայացնում է պատմական փաստերի խեղաթյուրում և հայկական տարածքների նկատմամբ ադրբեջանական հավակնությունների հիմնավորման փորձ, հեղինակները խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Երևանի «Թեփեբաշի» թաղամաս ուղարկել առաքելություն և հույս հատնում, որ «Հայաստանում չեն խոչընդոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործունեությանը»։

Այս իրադարձության նախօրեին՝  հուլիսի 4-ին կայացել էր «Նյութական-մշակութային ժառանգությունը ադրբեջանական պատմական հողերի վրա․ Երևանից մինչև Զանգեզուր» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը։ Վերջինս դժգոհություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ համարելով այն քաղաքականացված կազմակերպություն, քանի որ այն առաքելություն չի ուղարկել Հայաստան՝ «Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացումը» ուսումնասիրելու համար և աչք է փակել «ադրբեջանական հողերի օկուպացիայի ժամանակ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին ապացուցների վրա»։

Հիշեցնենք, որ 2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։

Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։ «Արևելայն Զանգեզուր» արհեստական անվան տակ հասկացվում է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան այն հատվածները (Քաշաթաղի շրջան), որոնք օկուպացվել են 2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում, իսկ «Արևմտյան Զանգեզուր»-ն օգտագործվում է ՀՀ Սյունիքի մարզը նշելու համար։ Ընդ որում, դրանց կիրառմանը զուգահեռ նշվում է որ թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան Զանգեզուրները Ադրբեջանի «պատմական հողերն են»։ Հավելենք նաև, որ 2021 թ․ հուլիսի 7-ին Ադրբեջանի նախագահի հրամանով, ըստ «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքի, Արցախյան երրորդ պատերազմում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական շրջանները։ Իսկ նույն տարվա հուլիսի 14-ին Ալիևը հայտարարել էր․ «Ստեղծվել է նաև Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը: Հիմա սրա պատճառով Հայաստանում հիստերիա է տիրում: Դրա կարիքը չկա, քանի որ Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է։ Ինչպես նաև Արևմտյան Զանգեզուրը: Ամբողջ Զանգեզուրը՝ արևելյան և արևմտյան, մեր նախնիների հողն է։ (…) Ես ասացի, որ մենք կվերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ 10 տարի առաջ: Սա մեր նախնիների երկիրն է, մենք պետք է վերադառնանք այնտեղ, և կվերադառնանք: Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա»:

Կարող ենք պնդել, որ Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառակուսի կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։

Այս իրականության պայմաններում, երբ Հայաստանի դեմ հնչվում են տարածքային հավակնություններ և իրականացվում է ռազմական անթաքույց ագրեսիա, պաշտոնական Երևանը ի դեմս դե-ֆակտո իշխանությունների առաջ է մղում այսպես կոչված «խաղաղության օրակարգը», որ,  սակայն, միակողմանի է։

                                                                                                        Արփի Մադոյան, թուրքագետ

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.