Այն, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա, առավել ակնհայտ էր դարձել հատկապես վերջին շաբաթներին։
Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ հրահանգել է բանակին մշտապես պատրաստ լինել «Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների» ճնշմանը։ Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին պարբեաբար ազդարարում է հայկական կողմից «սադրանքների» մասին՝ ինչը սովորաբար արվում է հենց ադրբեջանական կողմից սադրանքների նախապատրաստվելու դեպքում։ Զուգահեռաբար Ադրբեջանի մերձպետական լրատվականները հրապարակում են պատերազմական գործողությունների նախապատրաստությունը անուղղակի վկայող նյութեր։ Այսպես, տխրահռչակ Haqqin լրատվականը հրապարակել է «Ղարաբաղում հայկական զինված միավորումներից ազատվելու անհրաժեշտության» մասին ծավալուն հոդվածը։ Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ այս ամգամ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների հանդեպ սանձասերծվող ռազմական ագրեսիայի համար իբրև casus belli (պատերազմի առիթ) կծառայի հենց այդ փաստարկը։
Ադրբեջանի ակտիվության իրական շարժառիթը ռուս-ուկրաինական պատերազմում վերջին զարգացումների ֆոնին բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակն է՝ ռուսական կողմի՝ ամբողջությամբ Ուկրաինայի վրա կենտրոնացած լինելու պատճառով։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանի տարածքում այժմ ընթացող Ադրբեջան-Թուրքիա օդուժի միասնական զորավարժությունները և Գյանջայի օդանավակայանում այսօր վայրեջք կատարած զինամթերք տեղափոխող թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռները իրենց հերթին ցուցիչ են, որ տարածաշրջանում աճող ազդեցության համար պայքարող Թուրքիայի Հանրապետությունը առիթը բաց չի թողնելու Ռուսաստանին տարածաշրջանից հանելուն ուղղված հերթական քայլերն անելուն։ Տարածաշրջանում ուժերի բալանսի խախտման և Հայաստանի դաշնակիցների համար այս ամենի ներկայացրած վտանգերի մասին է խոսում նաև իսրայելական ռազմական բեռնատար ինքնաթիռների վայրէջքը Բաքվում։
Սեպտեմբերի 12-ին Արցախի Կարմիր Շուկայում ադրբեջանական կողմի սադրանքներն ու մոտ 30 րոպե տևած անդադար կրակը խաղաղ բնակչության դեմ վերոնշյալ փաստերի համատեքստում պետք է ծառայի իբրև հստակ ահազանգ, որ Ադրբեջանը բացահայտորեն պատրաստվում է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ ագրեսիայի՝ այդ թվում խաղաղ բնակչությանը թիրախավորելով։ Հարկ է հիշել նաև, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները օգոստոս ամսին վերջնականապես դադարեցին զորակոչիկներ ուղարկել Արցախ՝ փաստացի լվանալով ձեռքերը Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը լինելու՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված պարտականությունից։
Քնարիկ Ջալաթյան