Նորություններ

Ադրբեջանական անցակետեր` ՀՀ սուվերեն տարածքում

18 / 08 / 2022

Այսօր` օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ՀՀ դե-ֆակտո կառավարությունը որոշում է կայացրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր տեղադրելու վերաբերյալ: Որոշումը, մասնավորապես, վերաբերում է «Սոթք» (Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի), «Երասխ» (Արարատի մարզ, Երասխ համայնք), «Քարահունջ» (Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի) ավտոմոբիլային անցակետերի կառուցմանը:

Այս մասով շատ են խնդրահարույց կետերը: Ամենից առաջ Հայաստանի կողմից Ադրբեջանի տիտղոսի ճանաչումն այն սահմանների վրա, որ պնդում է Ադրբեջանը՝ ներառյալ Արցախը, ինչպես նաև ՀՀ-ից 2020 թ․ նոյեմբերից իր օկուպացրած այլ տարածքները[1]: Փաստացի, անցակետեր են տեղադրվում այն հատվածներում (մասնավորապեսս` Սոթքում), որտեղ ներխուժել է ադրբեջանական զորքը նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից հետո և որոնք սողացող նվաճումների արդյունքում հայտնվել են ադրբեջանական ապօրինի վերահսկողության ներքո: Հետաքրքրական է նաև այն, որ որոշման մեջ նշված չէ Տավուշի մարզը: Սա, ամենայն հավանականությամբ, դեռևս պետք է դառնա առևտրի առարկա ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և թշնամական կողմի միջև հետագա բանակցությունների, իսկ ավելի ճշգրիտ, այսպես կոչված,  «դելիմիտացիայի և դեմարկացիայի», ինչպես նաև «անկլավների փոխանակման» կոնտեքստում: Հիշեցնենք, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետն ինքն է ասել ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ, որ կան ՀՀ-ի տիրապետության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ[2]: Վերոգրյալին հավելելու է գալիս մայիսի 27-ին Ի․ Ալիևի կողմից արված և դե-ֆակտո հայկական կողմից թիրախային և հիմնավոր հերքման չարժանացած հայտարարությունը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ամրագրումը շատ կարևոր է, որովհետև … Հայաստանն այդ սահմանները ևս օկուպացրել է», և որ այժմ իրենք են որոշում այդ սահմանները[3]:

Մեկ այլ խնդրահարույց հարց է այն, թե ինչպե՞ս է կազմակերպվելու այս անցակետերի վերահսկումը և ովքե՞ր են վերահսկելու դրանք: Եթե այս անցակետերն էլ են վերահսկվելու Գորիս-Կապան անցակետի տրամաբանությամբ, այսինքն` բացարձակ չեն վերահսկվելու հայկական կողմից, ապա գալիք ողբերգության մասին կարելի է արդեն իսկ պատկերացում ձեռք բերել:

Չմոռանանք նաև, որ կենդանի է «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, և այս առնչությամբ ադրբեջանական կողմը նաև հայտ է ներկայացրել մասնակցելու ՀՀ սուվերեն տարածքում ճանապարհի կառուցման աշխատանքներին` նշելով, որ Սյունիքում օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքի պարագայում իրենք ևս մտադիր են կարճ ժամկետում վերականգնել, այսպես կոչված, «պատմական ճաապարհը»` իրենց ազգային կազմակերպությունների մասնակցությամբ[4]:

 

[1] Բրյուսելյան հանդիպման անատոմիան, https://hayaliq.com/brusselsmeeting/ (հղվել է 18.08.2022 թ.):

[2] Կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի հերթական նիստը, https://www.youtube.com/watch?v=g8cqyWlybVY&t=389s(հղվել է 18.08.2022 թ.):

[3] Ilham Aliyev and First Lady Mehriban Aliyeva attended opening ceremony of first stage of “Smart Village” project in Zangilan district, 27.05.2022, https://president.az/en/articles/view/56208, (հղվել է 18.08.2022 թ.).

[4] Թշնամին հայտարարել է Սյունիքում օկուպացիոն ճանապարհ կառուցելու մասին, https://hayaliq.com/syunikazerbaijan/ (հղվել է 18.08.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *