Օգոստոսի 3-ից Ադրբեջանի Զինված ուժերը տարբեր ուղղություններով հարձակում են գործել Արցախի Հանրապետության վրա՝ փորձելով նվաճել նոր տարածքներ և փակել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը (Լաչինի միջանցքը) և պարտադրել հայկական կողմին նոր զիջումներ։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց արդյունքում հայկական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Հայկական ալիքը» հետևում է իրադարձություններին և իր թարմացվող լրահոսում հակիրճ ներկայացնում է ամենակարևոր զարգացումներն ու դրանց մեկնաբանությունները։
14:30, օգոստոսի 4
ՀՀ դե-ֆակտո վարչապետը միայն մեկ ու կես օր անց արձագանքեց Արցախի վրա ադրբեջանական հերթական հարձակմանը՝ իրավիճակի համար հիմնական պատասխանատվությունը դնելով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վրա. «…Արձանագրվել է, ինչպես ասացի, որ գոյություն ունի շփման գիծ եւ երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, եւ մեր ակնկալիքն է, որ ինչպես եւ նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»: ՀՀ կողմից, որպես Արցախի անվտանգության երաշխավորի, արցախյան կողմին որևէ օժանդակության մասին դե-ֆակտո վարչապետը չխոսեց։ Ավելին, փաստեց, որ Ադրբեջանի ևս մեկ պահանջ է կատարվել՝ ՀՀ զորակոչիկները այլևս չեն օգնելու Արցախի անվտանգության պահպանմանը. «Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»:
22:45, օգոստոսի 3
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացնում է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումներից հետո բանակցությունների էությունը՝ նշելով, որ Արցախի հայությունը մնացել է միայնակ. «Ադրբեջանն իր ցանկացած պահանջ զուգորդում է ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։ Տարբեր հարցերի վերաբերյալ տարվող բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում են մարդկանց ամենատարրական իրավունքները՝ ընդհուպ կյանքի իրավունքը։ Ռուսական խաղաղապահների չհաստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով փխրուն ու հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։ Իսկ Արցախի ժողովուրդն իր իրավունքների պաշտպանության համար նորից պայքարում է միայնակ»։
22:30, օգոստոսի 3
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հայտնում է, որ օգոստոսի 3-ի երեկոյի դրությամբ «ունենք 19 վիրավոր, 2 զոհ։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»։
21:00, օգոստոսի 3
Ադրբեջանական աղբյուրներում Ադրբեջանի սադրանքը ներկայացվում է որպես «Հատուցում» անվանումը կրող «հակաահաբեկչական գործողություն»։ Սա, ըստ էության, թուրքական հայտնի ձեռագիրն է՝ ռազմական ագրեսիան «հակաահաբեկչական պայքարի» քողի տակ ներկայացնելու։ Չկա որևէ երաշխիք, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո ևս Ադրբեջանը չի դիմի այս մեթոդին՝ իր հետագա սադրանքները լեգիտիմացնելու համար։
Ինչպես հաղորդում է Արցախի Պաշտպանության Բանակը` այս պահի դրությամբ ունենք 2 զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Վիրավորների թիվը հասել է 14-ի:
16:00, օգոստոսի 3
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Ըստ հաղորդագրության՝ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում։ Խոսքը հատկապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածի մասին է։
Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը պետք է կազմակերպվի նոր երթուղով, Ստեփանյանը պատասխանել է․ «Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։ Այսինքն՝ այս գործելաոճն Ադրբեջանը բազմաթիվ անգամ կիրառել է։ Ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ լարում է իրավիճակը, այսինքն՝ ուղիղ անպարտելի եւ լկտի ձեւով սպառնալիք է գործադրում։ Այդ սպառնալիքի ներքո պարտադրում է հայկական կողմին որոշակի հարցերում գնալ զիջումների։ Վստահ եմ, որ այս էսկալացիայի առաջին նպատակը ճանապարհի փոփոխության հարցը լուծելն է»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 19-ին հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի։ Ըստ նրա՝ «հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի»։
Ըստ Էության ՀՀ դե-ֆակտո իշխանությունները բացահայտ կերպով հրաժարվել են Արցախի անվտագության երաշխավորությունից, ինչի աղետալի հետևանքները, ցավոք, արդեն տեսնում ենք։ Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ համակարգված գործելով ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ։
Հավելենք նաև, որ ՀՀ ՊՆ-ը շարունակում է լռել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չէր անդրադարձել նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի ագրեսիային, ինչը ուղղակի ապացույցն է նրա, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները վճռական են Արցախն անպաշտպան թողնելու դավադիր ծրագրում։