Ադրբեջանական «Agora» վերլուծական խումբը հարցում է անցկացրել Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող մինչև 35 տարեկան մարդկանց շրջանում։ Հարցմանը մասնակցել է 400 մարդ: Հարցման նպատակը եղել է Ադրբեջանում տարբեր երկրների և տնտեսական-քաղաքական միավորումների նկատմամբ երիտասարդների ունեցած վերաբերմունքի ուսումնասիրությունը:
Հարցման շրջանակներում ուսումնասիրվել են նաև հարցվողների կարծիքները՝ կապված արցախյան հակամարտության հետ:
Հարցումն անցկացվել է 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 27-ը՝ հիբրիդային մեթոդներով: Հարցվածներից ոմանք հարցերին պատասխանել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով, և սրան զուգահեռ հարցումը հասանելի է եղել նաև օնլայն տարբերակով՝ սոցիալական տարբեր ցանցերում և խմբերում:
Հարցման մասնակիցների 56 տոկոսը կազմում են Ապշերոնյան թերակղզում բնակվող մարդիկ, իսկ 44 տոկոսը՝ Ադրբեջանի այլ շրջաններում ապրողները:
Ընդհանուր առմամբ՝ հարցմանը մասնակցել են 12 տնտեսական և 29 վարչական շրջաններում բնակվող անձինք: Հարցվածների 51%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 49%-ը՝ կանայք:
Եվ այսպես, «Հայկական ալիք»-ը ներկայացնում է հարցման առավել հետաքրքիր և կարևոր հատվածները:
‹‹Ո՞ր տարածաշրջանի մաս եք համարում Ադրբեջանը›› հարցի պատասխաններից պարզ է դառնում, որ Ադրբեջանում մինչև 35 տարեկան մարդկանց մեջ ավելի շատ առաջին տեղում կովկասյան ինքնությունն է։ Հարցվածների 60 տոկոսն ասել է, որ Ադրբեջանը դիտարկում է որպես հարավկովկասյան տարածաշրջանի մի մաս, իսկ 18 տոկոսի համար Ադրբեջանն ավելի շատ եվրոպական տարածաշրջանի մի մաս է։ Պատասխանների տարբերակներից ամենաքիչը նշվել է «Մերձավոր Արևելք»-ը:
‹‹Թվարկվածներից ու՞մ հետ կցանկանայիք, որ Ադրբեջանը քաղաքական միության մեջ մտնի›› հարցին տրված պատասխաններից պարզ է դառնում, որ Ադրբեջանի երիտասարդության շրջանում Եվրամիության հետ մերձեցմանն աջակցողների թիվը զգալիորեն ավելի բարձր է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։
Հաջորդ հարցը եղել է հետևյալը՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում հետևյալ երկրներին».
Ընդհանուր առմամբ՝ պատասխաններից երևում է, որ ամենաշատը բացասական տրամադրվածություն կա Հայաստանի և Իրանի հանդեպ: Հարցվածների 78%-ն ասել է, որ բացասական է տրամադրված Հայաստանի, իսկ 72%-ը՝ Իրանի նկատմամբ։
Հարցին, թե «Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հանդեպ ձեր վերաբերմունքը»,հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ.
Այստեղ պետք է նշել, սակայն, որ Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ ամենաշատն են արտագաղթում Ադրբեջանի քաղաքացիները, և շատ ադրբեջանցի երիտասարդների համար Ռուսաստանը համարվում է աշխատաշուկայի գլխավոր ուղղություն։
«Այս երկրներից որի՞ն եք համարում Ադրբեջանի դաշնակիցը» հարցին հարցվողների կողմից առավել հաճախ ընտրված տարբերակները հետևյալ երկրներն են.
Հարցվածների առնվազն մեկ քառորդի կողմից Ադրբեջանի դաշնակից է համարվում ընդհանուր առմամբ 5 երկիր։ Դրանք են Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, Ուկրաինան և Վրաստանը։
«Այս երկրներից ո՞րն եք համարում Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգ» հարցին տրված պատասխանների պատկերը հետևյալն է.
Տվյալներից պարզ է դառնում, որ հարցվածների 81%-ը որպես Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգ տեսնում է Ռուսաստանին:
Մյուս հարցը հետևյալն է՝ «Սատարո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։
Ըստ էության՝ ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես ասած, կարգավորման գործընթացը տեղի է ունենում հօգուտ Ադրբեջանի: Դրանով էլ պայմանավորված է հարցվածների մեծ մասի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը կողմ լինելու հանգամանքը:
Խոսուն է նաև «Հնարավո՞ր եք համարում ադրբեջանցիների և հայերի համակեցությունը Ղարաբաղում (Արցախում – խմբ.)» հարցի պատասխանների ընդհանուր պատկերը.
«Կո՞ղմ եք Լեռնային Ղարաբաղի (Արցախի – խմբ.) հայերին Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ տրամադրելուն» հարցին ի պատասխան հարցվածների 3/4–ն ասել է, որ չի աջակցում Ադրբեջանի կազմում արցախահայերին որևէ կարգավիճակ տրամադրելուն: