Նորություններ

Ադրբեջանում հայկական տեղանունները գրելու են թյուրքական ձևով

20 / 07 / 2022

Հուլիսի 20-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 15-ին Ադրբեջանի կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է մտցրել «Ադրբեջանական Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրառման հետ կապված որոշ նորմատիվ իրավական ակտերի հաստատման մասին» կառավարության թիվ 52 որոշման (01.03.2001 թ․) մեջ[1]։ Այդ նոր որոշման որոշ կետեր կարևոր են Հայաստանի դեմ թշնամական երկրի վարած հետևողական քաղաքականության առումով։

Այսպես՝ 3.33 և 13.2 կետերում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական կացության ակտերի վերականգնման ժամանակ տեղանունները գրվում են՝ համապատասխան ադրբեջանական պատմական տեղանունների՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի խորհուրդները»։

Հիշեցնենք, որ սա պաշտոնական մակարդակով ՀՀ ամբողջ տարածքի հանդեպ ադրբեջանական ոչ թե առաջին, այլ հերթական ոտնձգությունն է։ Դեռ նոր իշխանության եկած՝ Ադրբեջանի նախագահը հանձնարարել էր գիտությունների ազգային ակադեմիային՝ ապացուցելու, որ ՀՀ ստեղծված է այսպես կոչված «պատմական ադրբեջանական հողերի վրա»։ Բացի այս՝ Ադրբեջանում Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանը մշտապես կոչվում է «Արևելյան Զանգեզուր»՝ սրանով հավակնություններ դրսևորելով ՀՀ Սյունիքի մարզի հանդեպ։ Նույն Ի․ Ալիևը 2021 թ․ օգոստոսի 14-ին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել էր, որ «թիվ 1 նպատակը Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի ազատագրումն էին։ Սա պատմական առաքելություն էր։ … Այժմ նոր նպատակներ կան մեր առջև»[2]։ Նույն հարցազրույցում նա Սյունիքի հարավը կոչել էր «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան Զանգեզուր, Մեղրիի շրջան»[3]՝ սրանով իսկ չընդունելով այդ տարածքների հայաստանապատկանությունը։

«Հայկական ալիք»-ը համոզված է, որ պատմության, տարածքների հանդեպ պատմական տիտղոսի խեղաթյուրումը երբեք չի կրում մեկուսի պատմագիտական կամ մշակութային նշանակություն և հետապնդում է հեռուն գնացող քաղաքական նպատակներ։ Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում դա Հայաստանի ոչնչացումն է։ Ի հակադրություն այս նպատակի՝ արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները՝ հանձին պարագլխի, ոչ թե դատապարտում են թշնամական երկրի նման պահվածքը և վերականգնում երկրի բանակը, այլ արդարացնում դրանք։ Այսպես ս․ թ․ հունվարի 24-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետը, մեջբերելով ինչ-որ անանուն վերլուծաբանի, ասել է․ «1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն՝ այդ (Ադրբեջանի կողմից՝ ՀՀ-ն իրենը լինելու – խմբ․)հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի տարր կա, և մենք պետք է դա հաշվի առնենք»[4]։

 

[1] Azərbaycan Respublikası Nazirlər Kabinetinin “Mexaniki nəqliyyat vasitələrinin və onların qoşqularının müəyyən edilmiş qaydada dövlət qeydiyyatından keçirilməsi və dövlət qeydiyyatı üzrə uçota alınması haqqında Əsasnamənin və Nəqliyyat vasitəsinin özgəninkiləşdirilməsi və girov qoyulması qaydasının təsdiq edilməsi barədə” 1999-cu il 15 mart tarixli 39 nömrəli, “Azərbaycan Respublikası Ailə Məcəlləsinin tətbiqi ilə əlaqədar bəzi normativ hüquqi aktların təsdiq edilməsi haqqında” 2001-ci il 1 mart tarixli 52 nömrəli, “Vətəndaşlıq vəziyyəti aktlarının dövlət qeydiyyatı Qaydası”nın təsdiq edilməsi haqqında” 2003-cü il 31 oktyabr tarixli 145 nömrəli və “Adın, ata adının və soyadın verilməsi və dəyişdirilməsi Qaydaları”nın təsdiq edilməsi barədə” 2011-ci il 12 may tarixli 79 nömrəli qərarlarında dəyişiklik edilməsi haqqında, 15.07.2022 թ․, https://nk.gov.az/az/document/6255/ (հղվել է 20.07.2022 թ․)։

[2] İlham Əliyevin “CNN Türk” televiziya kanalına müsahibəsi, 14.08.2021 թ․, https://president.az/az/articles/view/52736 (հղվել է 20.07.2022 թ․)։

[3] Նույն տեղում։

[4] Փաշինյանը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անհրաժեշտության մասին, 24.01.2022 թ․, https://armenpress.am/arm/news/1073849/ (հղվել է 20.07.2022 թ․)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.