Վերջերս համացանցում տարածված բանակցային փաստաթղթի արտահոսքի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել: Փաստաթուղթը կազմված էր ԱՄՆ միջնորդությամբ, եռակողմ ձևաչափով, որտեղ կետերով ներկայացված էին Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգը, ինչպես նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրի և ԼՂ բնակչության ճակատագրին վերաբերող մի շարք կետեր:
Արտահոսքի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատուն հարցում էր ուղարկվել, որին ի պատասխան դեսպանատունն արել էր հետևյալ հայտարարությունը. «Ձեռնպահ մնալով բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից կամ մասնավոր դիվանագիտական հաղորդակցության քննարկումից՝ կարևոր է հիշել, որ բանակցությունները դինամիկ գործընթացներ են։ Դրանք սոցիալական հարթակներում չեն ընթանում։ Բանակցությունները վարվում են անձամբ, դեմ առ դեմ և տեղի են ունենում առաջնորդների միջև, որոնք հետամուտ են խաղաղության և ավելի լավ ապագայի՝ հանուն իրենց ժողովրդի։ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակաբար խրախուսել ենք երկու կողմերի առաջնորդներին հանդիպել և կշարունակենք դա անել՝ ձգտելով համապարփակ խաղաղության գործընթացի, որը շահեկան է տարածաշրջանի և այնտեղի ժողովուրդների համար»:
Փաստացի, դեսպանատունը չէր հերքել, որ շրջանառվում է նման փաստաթուղթ: Այսպիսով, հաստատվեց այն վարկածը, որ կա բանակցային փաստաթղթի երկու տարբերակ` արևմտյան (ամերիկյան) և ռուսական: Ավելին` արևմտյան տարբերակում փաստաթղթով ամրագրվում է ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելու փաստը:
Այսպես, օրեցօր ավելի ակնառու է դառնում այն փաստը, որ «իջեցվող նշաձող»-ի պահանջներ մեզ ներկայացնում է ոչ թե երևակայական միջազգային հանրությունը, այլ կոնկրետ դերակատարներ` ի դեմս հավաքական արևմուտքի` ԱՄՆ գլխավորությամբ: Եվ որքան էլ ռուսաֆոբ շրջանակները փորձեն հակառակը պնդել, այս ամենի համար կա մեկ պարզ հիմնավորում. եթե Ռուսաստանը մեզ նման պահանջ ներկայացներ, ապա ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, որ չեն խորշում ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին հասցեական քննադատելուց, այդպես էլ կասեին, այլ ոչ թե կտային լղոզված բնութագրում` «միջազգային հանրություն» բառակապակցության տեսքով։
Այն, որ Արևմուտքն այսքան ակտիվացել է միջնորդի դերում և փորձում է դուրս մղել այս գործընթացից ՌԴ-ը, խոսում է օր առաջ իրենց համար ցանկալի ճանապարհով տարածաշրջանում թվացյալ «խաղաղություն», իսկ իրականում պատերազմ բերելու մեծ շահագրգռվածության մասին: Սա նաև ձեռնտու տարբերակ է Ադրբեջանի համար, սակայն ոչ մեր: Մեզ համար սա արժենալու է Արցախի վերջնական կորուստ, Զանգեզուրի միջանցքի բացմամբ նաև Սյունիքի կորուստ, անկլավների և ռազմավարական ճանապարհների հանձնում Ադրբեջանին, շրջափակում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Արդյո՞ք ձեռնտու է սա մեզ… Ակնհայտ է, որ` ոչ: Սակայն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հենց այս ճանապարհով էլ փորձում են տանել մեզ` հանգեցնելով ՀՀ ինքնիշխանության վերջնական կորստի: